Շառից-փորձանքից հեռու
Նախօրեին ԵԽ ԽՎ-ն Ուկրաինայի ժողովրդավարական ինստիտուտների գործառույթների վերաբերյալ բանաձև է ընդունել` խստորեն դատապարտելով Եվրամայդանում ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը: Բանաձևում Վեհաժողովն անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնությանը` դատապարտելով ՌԴ-ին` Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մեջ, ինչի արդյունքում այդ երկիրը հրաժարվել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մտադրությունից: ԵԽ ԽՎ-ում գտնվող Հայաստանի պատվիրակության կազմից այդ բանաձևին կողմ է քվեարկել միայն ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը քվեարկել է ձեռնպահ:
Ըստ ԵԽ ԽՎ պաշտոնական կայքի` պատվիրակության մյուս երկու անդամները` Նաիրա Զոհրաբյանը և Դավիթ Հարությունյանը, ընդհանրապես չեն մասնակցել քվեարկությանը: Պարզվում է, որ Հայաստանի պատվիրակության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը և ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը քվեարկությանը չեն մասնակցել, որովհետև եղել են փոխարինված:
Սակայն նրանց փոխարինող պատգամավորները` Մհեր Շահգելդյանը և Վահե Հովհաննիսյանը, ևս չեն մասնակցել քվեարկությանը:
ԵԽ ԽՎ կանոնադրությունը չի արգելում, որ քվեարկությունների ժամանակ պատվիրակության հիմնական կազմի անդամները փոխարինվեն պատվիրակության ոչ մշտական անդամներով, ինչը և արել են Դավիթ Հարությունյանը և Նաիրա Զոհրաբյանը, որոնց պետք է փոխարինեին Մհեր Շահգելդյանը և Վահե Հովհաննիսյանը: Կանոնադրության գլուխ 5-ի հոդված 25-ի համաձայն` յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է ունենալ փոխարինող, ով հիմնական ներկայացուցչի փոխարեն` կարող է մասնակցել նիստերին, ելույթ ունենալ, քվեարկել:
Երբ Մհեր Շահգելդյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ վերջինս չի մասնակցել քվեարկությանը, նա պատասխանեց, որ ինքը բանաձի քվեարկության ժամանակ Դավիթ Հարությունյանին չի փոխարինել: «Ես Դավիթ Հարությունյանի փոխարինողն եմ եղել դրա նախորդ օրերին, այլ հարցերի քննարկման ժամանակ, բայց Ուկրաինայի հետ կապված` ես չեմ եղել` նման պայմանավորվածություն չենք ունեցել: Քվեարկությանը ես չեմ մասնակցել»,- նշեց Մհեր Շահգելդյանը: Իսկ ԲՀԿ-ական պատգամավորների հետ մեզ կապվել այդպես էլ չհաջողվեց և հարցը, թե արդյոք Նաիրա Զոհրաբյանը և Վահե Հովհաննիսյանը փոխարինվե՞լ են, և առհասարակ, ինչո՞ւ չեն մասնակցել քվեարկությանը, մնաց անպատասխան:
Արփինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե չի կարող իր գործընկերների փոխարեն պատասխանել, թե ինչո՞ւ նրանք չեն մասնակցել քվեարկությանը: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է ինքը բանաձևին ձեռնպահ քվեարկել, ՀՀԿ-ական պատգամավորը նախ` նշեց, թե, ընդհանուր առմամբ, բանաձևն ուղղված էր իրավիճակի մեղմացմանը, նպատակ ուներ, որ կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ, բայց ինքը ձեռնպահ է քվեարկել, քանի որ բանաձևում կան որոշակի ձևակերպումներ, որոնց հետ համաձայն չէ:
«Օրինակ, նշված է, որ կողմերը պիտի վարեն բաց, ազնիվ և արդյունավետ բանակցություններ: Ես համաձայն եմ, որ այո, բանակցությունները պիտի լինեն բաց և ազնիվ, բայց երբ ասում ես, որ բանակցությունները պիտի լինեն արդյունավետ, և այս պահանջն ուղղում ես կողմերից մեկին, դրանով մյուս կողմը` ցանկացած իր պահանջի չբավարարման դեպքում, կարող է ասել, որ բանակցություններն արդյունավետ չէին: Ես դեմ չէի, բայց քանի որ նման ձևակերպումներ կային, քվարկեցի ձեռնպահ»,- մանրամասնեց նա:
Լևոն Զուրաբյանն էլ դեռ իր ելույթում Ուկրաինայում տիրող իրավիճակը համեմատել է 2008 թվականի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների հետ։
Նա հայտարարել է, որ Ուկրաինան, ԵՄ-ն և Ռուսաստանը պետք է աշխատեն միասին, որ Ուկրաինան Արևմուտքի ու Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական բախումների մարտադաշտ չպետք է դառնա: «Հակառակ պարագայում Ուկրաինայի, ինչպես նաև ԵՄ-ի և Ռուսաստանի միջև արդեն առանց այդ էլ լարված հարաբերությունների պատճառով հետևանքներն աղետալի կլինեն: Միևնույն ժամանակ, ԵԽ-ն պետք է վճռականորեն միջամտի, եթե ոտնահարվում են մարդու իրավունքները և ժողովրդավարական արժեքները»,- ասել է նա։