Հայ պատգամավորները` ռուսական ակումբում
Վերջին շրջանում Հայաստանում արագ տեմպերով աճում է հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված ակումբների թիվը: Ակումբների քանակի դինամիկ աճը նկատվում է հատկապես դեկտեմբերի 2-ի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցից հետո: Պարզվում է` ՀՀ Ազգային ժողովում էլ, արդեն տևական ժամանակ է, Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբ է գործում, որը երեկ անցկացրեց իր անդրանիկ նիստը: Խորհրդարանում բացված ակումբը ֆինանսավորվում է ԱՊՀ երկրների երիտասարդական միության և Ռուսական գրքի տուն մշակութային կենտրոնի կողմից, որի ղեկավարն Անդրանիկ Նիկողոսյանն է` հայտնի պուտինյան ակումբների հիմնադիրը, ով, թեև ներկա չէր նիստին, սակայն գրավոր տեսքով փոխանցել էր իր ողջույնի խոսքը:
Թե ի՞նչ են հետապնդում նման տիպի ակումբները, ի՞նչ նպատակ ունեն, հատկապես այն դեպքում, երբ ԱԺ-ում արդեն իսկ գործում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով, դժվարանում են ասել անգամ այս ակումբների նախաձեռնողները:
Երբ հետաքրքրվեցինք, թե ե՞րբ են խորհրդարանում նման ակումբ հիմնել, Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի ղեկավար Արգինե Թումանյանը պատասխանեց, որ ակումբը բացվել է դեկտեմբերի 3-ին, այսինքն` Վլադիմիր Պուտինի այցից մեկ օր անց, ինչը, Արգինե Թումանյանի հավաստմամբ, ամենևին չի նշանակում, որ ակումբն առնչություն ունի Մաքսային միությանն անդամակցելու` Հայաստանի որոշման հետ:
«Մեր ակումբի նպատակը մեկն է` ամրապնդել մեր կապերը»,- ասաց նա: Արմապնդել հանուն ինչի՞, ղեկավարը ևս կոնկրետ պատասխան չունի: «Հետո ի՞նչ կլինի, հետոն ցույց կտա»: Ի դեպ, երեկվա նիստն անցկացվեց բացառապես ռուսաց լեզվով, ինչին հայ պատգամավորները` ՀՀԿ խմբակցությունից` Արտաշես Գեղամյանը, Վարդան Այվազյանը, Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, ԲՀԿ-ից` Տիգրան Ուրիխանյանը, և ՀԱԿ-ից` Գագիկ Ջհանգիրյանը չընդդիմացան, որևէ առարկություններ չներկայացրին: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դա բացատրեց նրանով, որ իր խոսքն ուղղված էր ռուս գործընկերներին, ուստի ինքը նիստի ընթացքում ելույթը ձևակերպեց ռուսաց լեզվով.
«Թե ինչո՞ւ է ռուսերենով` հարցրեք կազմակերպիչներին. իմ խոսքն ուղղված էր ռուսաստանցի գործընկերներին, ուստի ես ելույթ ունեցա ռուսերենով»:
«Խորհրդարանական չափում և Եվրասիական ինտեգրման հասարակական աջակցություն» թեմայով Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի առաջին նիստի ժամանակ Եվրասիական գործադիր խորհրդի ադմինիստրատիվ-ֆինանսական գծով տնօրեն Օլեգ Վելիկորեդչանինը հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնությունը Մաքսային միության շրջանակներում հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հանքային ռեսուրսների նկատմամբ:
«Ռուսական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի հանքային ռեսուրսների զարգացմամբ, գունավոր մետաղների և մոլիբդենի հետ աշխատանքով: Համագործակցելով ռուսական ընկերությունների հետ` նրանք կարող են մշակման ծավալը երկու անգամ մեծացնել»,- ասաց Օլեգ Վելիկորեդչանինը: Նա նշեց, թե պետությունների քաղաքացիները պետք է հասկանան` ի՞նչ են շահելու իշխանությունների այս կամ այն որոշումից, մասնավորապես` Մաքսային միությանն անդամակցելու որոշումից:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ ասաց, որ իրենք կողմ են ինտեգրացիային, համագործակցությանը, եթե Հայաստանը չի կորցնում իր ինքնուրույնությունը: Նա նշեց, թե ինքը ներկայացնում է մի քաղաքական ուժ, որն առաջնորդում է Հայաստանի առաջին նախագահը` Լևոն Տեր-Պետրոսյանը, ուստի, ըստ Ջհանգիրյանի, ՀԱԿ-ը հասկանում է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների նշանակությունը:
«Բավական է հիշել, որ երկու մեծ համաձայնագրերը, խոսքս ԱՊՀ և ՀԱՊԿ անդամակցության մասին է, եղել են մշակված և ստորագրված Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ»,- նշեց նա` շեշտելով, որ իրենք կողմ են, որ Հայաստանը գործի` որպես ինքնուրույն պետություն:
«Մեր գործընկերներն այստեղ կարծիքներ հնչեցրին, որոնք ես վաղաժամ եմ համարում, և հետո մենք չենք կարող այդպես հեշտ տալ մեր ինքնուրույնությունը: Մենք կողմ ենք համագործակցության, ինտեգրացիային, բայց մենք կողմ ենք համագործակցությանը, ինտեգրացիային` հավասար կողմերի պարագայում»,- նշեց ՀԱԿ պատգամավորը: Գ. Ջհանգիրյանն ասաց, որ Հայաստանը բավականին շատ խնդիրներ ունի` փակ սահմաններ, դե ֆակտո պատերազմ սահմանին, արտագաղթ, որոնց պայմաններում Հայաստանը պետք է իմանա, թե ի՞նչ է ստանալու Մաքսային միությանն անդամակցելուց հետո:
«Մենք կցանկանայինք հստակ իմանալ, թե Մաքսային միության անդամակցության դեպքում ի՞նչ է ստանալու Հայաստանը, ի՞նչ է շահում, ի՞նչ է կորցնելու: Մենք այս մասին դեռ չգիտենք` միայն խոսակցություններ են, այն դեպքում, երբ մենք կցանկանայինք ստանալ այն բազային օրենսդրությունը, որը պետք է ընդունենք, այն պայմանները, սկզբունքները, որոնց հիմքում միությունը պետք է գործի»,- եզրափակեց նա:
Օլեգ Վելիկորեդչանինն ի պատասխան Գ. Ջհանգիրյանի դիտարկումներին` նշեց, որ պետք է կատարել մեծ աշխատանք` մարդկանց տեղեկացնելու համար: «Հարգելի պատգամավորներից մեկը, ով ելույթ էր ունենում քիչ առաջ (նկատի ունի Գագիկ Ջհանգիրյանին.- Տ.Մ.), ասաց, որ դեռ ամեն ինչ չէ հստակ, հստակ չէ` ի՞նչ է շահելու Հայաստանը` Մաքսային միությանն անդամագրվելով:
Ես կարծում եմ, որ այս առումով մենք պետք է անցկացնենք մեծ աշխատանք` պարզաբանելու, թե ինչ առավելություններ, ձեռքբերումներ կունենա Հայաստանը, երբ անդամակցի ՄՄ-ին, հասարակությանը պատմենք այն մասին, թե ի՞նչ է լինելու ՄՄ-ին ինտեգրվելուց հետո: Այստեղ երևի ոչ ոք կասկածի տակ չի դնում այն հանգամանքը, որ մայիսից հետո, երբ կսկսեն իրականացվել «ճանապարհային քարտեզով» նախատեսված որոշումները, Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը»,- նշեց նա:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարեց, թե իրենց կուսակցությունը մշտապես հանդես է եկել համագործակցության և ինտեգրացիայի օգտին: Նա նշեց, որ հայ-ռուսական բարեկամական պատմական հարաբերություններն այսօր դիտարկվում են` ներկայի խնդիրներից ելնելով. «Մասնավորապես` ինձ անհանգստացնում են այն խնդիրները, որոնք վերաբերում են մեր հասարակությանը, քաղաքացիներին: Եվ ես համոզված եմ, որ իմ գործընկերներն էլ ուրախ կլինեն ամրապնդել մեր հարաբերությունները հենց այս դիրքից: Որովհետև փոխադարձ հետաքրքրությունը միայն կդառնա ամուր, հեռանկարային համագործակցության հիմք այն պետությունների համար, ովքեր անդամակցում են Մաքսային միությանը»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն էլ, ինչպես միշտ, ռուս գործընկերներին նվիրեց իր հեղինակած գիրքը, անձամբ մակագրեց բոլոր գրքերը, պատմեց, որ նույն գրքից նվիրել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Վլադիմիր Վլադիմիրովիչի և Սերժ Սարգսյանի հետ կարճատև զրույցում ես խոստացա, որ մեկ ամսվա ընթացքում կլինի նաև իմ նոր գիրքը: Վլադիմիր Վլադիմիրովիչը չունի հումորի մեծ զգացում, դրա մասին ես չէ, որ պետք է դատեմ, նա հարցրեց` կհասցնե՞ք: Ես էլ ասացի` եթե մեր նախագահը պայմաններ ստեղծի: Մեր նախագահը ստեղծեց պայմանները, գիրքը պատրաստ է, և ես մեծ հաճույքով կնվիրեմ դրանք ձեզ»,- պատմեց Գեղամյանը: