Բաժիններ՝

Ինչո՞ւ են պատերազմ հրահրում փոքր և խոշոր ձեռնարկությունների միջև

Հայաստանում փոքր ու միջին բիզնեսին աջակցելու նպատակով 2011-ին ստեղծվեց Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդը, գործում է ՓՄՁ Զարգացման աջակցության կենտրոնը, իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնց համար հատկացվում են միլիոնավոր գումարներ: Սակայն ՓՄՁ ոլորտը ծանր վիճակում է, գործարարները մշտապես դժգոհում են, շատերն էլ պարզապես փակում ընկերություններն ու նպաստում արտագաղթի ավելացմանը: ՓՄՁ-ների դժգոհությունը հարուցած վերջին նորամուծություններից մեկն էլ շրջանառության 3.5% հարկն էր: Այս և ՓՄՁ մյուս խնդիրների մասին է մեր զրույցը Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:

– Պարոն Մակարյան, այսօր օրակարգում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում դրույքաչափի փոփոխություն նախատեսող նախագիծը, բայց բիզնեսը բողոքում է: Ինչո՞ւ:

– Շրջանառության հարկի հետ կապված` մենք բավականին դժգոհություններ ունենք, և առևտրի ոլորտում բավականին բիզնեսներ փակվեցին: Օրինակ` նոր ՀԴՄ-ների ներդրումն այնքան չխանգարեց բիզնեսին, որքան շրջանառության հարկի կիրառումը… 2013-ին աղքատության և քաղաքացիների միգրացիայի պատճառով գնողունակությունն ընկավ, առևտրի ոլորտի միկրոձեռնարկություններում շրջանառությունը նվազել էր, և իրենց շահութաբերությունն այնքան էր նվազել, որ ձեռնարկությունների 18%-ը փակվեց, որը համարժեք է մոտ 10 հազար միկրոձեռնարկության: Դա շատ զգալի թիվ է, շատ զգալի: Եթե նայենք Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցները, որ ՀՀ-ում գործազրկության մակարդակը միտում ունի աճելու և ըստ տարիների աճելու է, նաև դա է ցուցիչ: Եթե 10 հազար միկրո է փակվում, դա առնվազն 10 հազար աշխատատեղ է նշանակում, եթե ոչ` ավելի:

– Կառավարության վարած քաղաքականությունն ի՞նչ դեր ունի այստեղ:

Կարդացեք նաև

– ՀՀ կառավարության ՓՄՁ ծրագիրն ու իրականում վարած քաղաքականությունն իրար չեն համապատասխանում: Մեր կառավարությունը 2014-ի ՓՄՁ աջակցման ծրագիրն է հաստատել, որտեղ նշվում է, որ ՓՄՁ ԶԱԿ-ը գումարներ է ծախսելու և ծրագրեր իրականացնելու, որի արդյունքում` 250-300 նոր փոքր ձեռնարկություններ կստեղծվեն, որոնց շնորհիվ 500 աշխատատեղ կստեղծվի:

Սա ծիծաղելի է` 10 հազարը փակեցին, 500-ը ստեղծում են: Լսողին կթվա, թե ոլորտում քաղաքականությունը նպաստավոր է, աշխատատեղ են ստեղծում, ընկերություններ բացում, բայց նայում ենք կատարված իրականությանը, իրար ամբողջովին հակասող բաներ են ստացվում: Դժգոհություններն ավելի շատ այստեղից են ծագում, նաև այն, որ ՓՄՁ-ները դեռևս անհավասար ստուգումների, անհավասար մրցակցության են ենթարկվում, և խնդիրը դեռևս չի լուծվում, ցավոք: ՓՄՁ-ն ավելի շատ առնչվում է ցածր եկամուտ ունեցող հասարակության շերտերին, որը մեզ մոտ կարևոր է` աղքատության հաղթահարման, զբաղվածության խթանման տեսանկյունից, բայց իրավիճակը չի լավանում: Այս հարցում հիմնական կարևոր դերակատարումը կառավարությանն է, և իրենց քաղաքականությունը բավականին վերանայման կարիք ունի:

Միջոցառումների սակավությունը կամ բարեփոխումների սխալ լինելն այլ խնդիրներ են առաջացնում: Ես միշտ ասել եմ, որ կառավարությունը ներդաշնակ չի գործում՝ մի ձեռքով աջակցում է, մյուսով` կարծես տեղյակ չի: Կառավարության ռազմավարությունները շատ տարբեր են, մենք ունենք և՛ ցածր եկամտով երկրի, և՛ միջին, և՛ զարգացող երկրների համար մշակված ու ընդունված ռազմավարություններ: Մի քանի մակարդակ խառնել ենք իրար այն դեպքում, երբ այսօր հետ ենք գնացել և դարձել ցածր եկամուտների պետություն:

– ՓՄՁ-ների ո՞ր մասը կկարողանա առավելագույնս ապահովել փաստաթղթաշրջանառությունը:

– Այդ խնդիրն առավել լուծելի է արտադրական ձեռնարկությունների համար, որովհետև տեսականիների առումով քիչ հումք են ձեռք բերում, օրինակ` հացի արտադրությունում պետք է ալյուր, ջուր, աղ, էներգակիրներ: Դա խանութ չէ, որ ապրանքների լայն տեսականի ունենա և կախված լինի ներմուծող խոշորներից, առավել ևս` ներմուծողները մենաշնորհատերեր են:

Խնդիրը նաև այնտեղից է գալիս, որ խոշորները երդվում են կառավարության ու վարչապետի մոտ, որ իրենք փոքրերին բոլոր փաստաթղթերը տրամադրում են: Իսկ մենք գիտենք, որ դա այդպես չէ: Այսինքն` կառավարությունը` այդ մոդելն առաջարկելով, փորձում էր ստուգել խոշորներին, և, եթե ինքն ասում է` 100 %-ով փաստաթղթերը հիմնավորի, որ 1% հարկվես, դրա համար փոքրը պետք է կռիվ տա խոշորի դեմ:

– Փաստորեն` կառավարությունն ուզում է փոքրի ձեռքով խոշորի դեմ պայքարել:

– Այո, բայց դա էլ լավ ճանապարհ չէ, փոքրին խոշորի դեմ հանելը նշանակում է` անհավասար պայքար: Խոշորները նաև պատժում են փոքրերին, որոնք մի քիչ շատ են փաստաթուղթ ուզում, ու նրանց այլևս ապրանք չեն տալիս, կամ թանկ են տալիս:

Նրանք մոնոպոլիաներ ունեն, կարող են չտալ, ու փոքրն այլևս ոչինչ չի կարող անել, կամ էլ ստիպված ձեռք է բերում երկրորդ ձեռքից, ինչը միջնորդավորված ու ավելի թանկ է լինում: Այսինքն` փոքրին չի կարելի հանել պայքարի խոշորի դեմ, հակառակը՝ պետք է ստեղծել ներդաշնակություն, որ փոքրն ու խոշորն իրար հետ լավ աշխատեն: Խոշորի վրա պետք է կառավարությունն ինքն ազդի՝ իր լծակներով, ստուգումներով, հանձնաժողովներով և այլն:

– Բացի խոշորի երդումին հավատալուց, կառավարությունն ի՞նչ գործիք ունի` խոշորին ստուգելու:

– Մի շարք գործիքներ կան. մաքսային, որը ցույց է տալիս` ինչքան և ինչ ներմուծեց, հարկային՝ շրջանառությամբ և հարկերով ստուգել, տեսչական ստուգումները, որ կարող է աշխատուժը վերահսկել և անհավասար մրցակցությունը հայտնաբերել, կարող է գնալ սուպերմարկետներ, կտրոնները ստուգել, կարող է անհավասար մրցակցությանը հանձնաժողովով հետևել՝ դեմպինգի երևույթ կա՞, թե՞ ոչ, գնային քաղաքականությունը ճի՞շտ է, թե՞ ոչ:

– Այդ բոլոր գործիքները բավարա՞ր են, որ խոշորը ստվերում չաշխատի:

– Իրականում՝ այո:

– Այսինքն` եթե չի արվում, ուրեմն հենց ստուգող մարմիններն են խոշորին աջակցում:

– Տրամաբանորեն` այո, բայց հենց այդ ստուգող մարմինները գտնվում են կառավարության կազմում, և դա կառավարության խնդիրն է:

– Ստացվում է փակ օղակ, որ մի կողմից` պետությունը հովանավորում է խոշորին, մյուս կողմից էլ` փոքրին է փորձում հանել խոշորի դեմ, որ վերջիններիս ստվերից դուրս բերի:

– Այո: Բայց կարող է այդ պայքարի ժամանակ փոքրը պարտվել, արյունաքամ լինել, զոհվել, ոչնչանալ, որովհետև դա նույնն է թե` մի ջոկատ տանես, մի խոշոր, զինված բանակի դեմ մարտնչելու: Ջոկատը բանակին երբեք չի հաղթի, անիմաստ է:

– Ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:

– Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ քննարկել ենք հարցը, վերջերս հանձնաժողովը խոշորների հանդեպ հսկողությունը, տուգանքները բավականին խստացրել է, իսկ փոքր ձեռնարկություններին տուգանքի չի ենթարկում, զգուշացնում է, ինչը խորհրդատվական բնույթ է կրում: Այն խնդիրները, որ հանձնաժողովի իրավասության շրջանակներից դուրս են և տանում են այլ օղակներ, իրենք այդ օղակներին դիմում են:

Այսինքն` այս ակտիվությունը, այս ներդաշնակեցումը, որ կարող է այդ հանձնաժողովը ստեղծել, ես ողջունում եմ: Այդ ներդաշնակ աշխատանքը պետք է լավացնել, ռազմավարությունն է պետք փոխել, որ միայն տուգանքներ կիրառելու խնդիր չլուծվի: Բայց միաժամանակ, ես կարծում եմ, որ համապատասխան օղակների հետ կառավարությունն` ինքը, աշխատանք պետք է տանի, և Էկոնոմիկայի նախարարությունը շատ անելիք ունի, որ իրավիճակը կարգավորվի: Երբ մենք տարին ավարտվելուց հետո ենք տեսնում խնդիրը, դա օգուտ չունի:

Պետք է ճկուն լինել, շուկայից արագ ստանալ արձագանքն ու դրա հիման վրա հետագա քայլերը որոշել: Մեզ մոտ փոփոխություն անում են, «բրախում», 1 տարի անց հիշում, կամ ահազանգ են ստանում, դրանից հետո խնդիրն օրակարգ է մտնում: Նաև ես առաջարկել եմ, որ միկրոբիզնեսը հարկերից ազատենք` պայմանով, որ 1 կամ 2 աշխատատեղ ստեղծի:

Ընդ որում՝ միկրոբիզնեսի մի մասը, որ շատ փոքր է, նրանց հանգիստ թողնել, որով աղքատության հարց կլուծվի, օրինակ` մինչև 40 հազար դոլար շրջանառություն ունեցողներին, իսկ մինչև 150 հազար դոլար շրջանառության համար կիրառել աշխատատեղերի ստեղծման պայման՝ 40-80 հազար դոլարը՝ 1 աշխատատեղ, 80-150-ը՝ 2 աշխատատեղ ստեղծեն: Այդ դեպքում 1 տարում կարելի է 50 հազար աշխատատեղ ստեղծել: Պետությունը հայտարարել է, թե 5 տարում 100 հազար աշխատատեղ կստեղծի, բայց դա կարող է տեղի չունենալ այս իրավիճակում, չեմ կարծում, որ կստացվի: Իմ առաջարկած գաղափարը դեռ հղկման կարիք ունի, բայց սա ավելի գործուն կլինի, քան իրենց այլևայլ ծրագրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս