ՍԴ-ի կայացրած որոշումը ո՛չ հաղթանակ է, ո՛չ պարտություն. կարծիքներ. tert.am
ՀՀ Սահմանադրական դատարանի` հունվարի 24-ին կայացրած որոշման մասին Tert.am–ը զրուցել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի և Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանի հետ։ «Դա ո´չ հաղթանակ է, ո´չ պարտություն»,–ասել է Հարություն Մեսրոբյանը:Նա կարծիք հայտնեց, որ օրենքում «պարտադիր» բաղադրիչն ամեն գնով պահպանվելու է։
Տիգրան Խզմալյանն այն համոզմանն է, որ նման հարցը լուրջ քննարկել հնարավոր կլիներ միայն մի դեպքում՝ եթե մեզ մոտ դատական իշխանությունը՝ սկսած վարչականից մինչև Սահմանադրական դատարան, լիներ անկախ:
«Մարդն ինչքա՞ն պետք է պարտություն կրի, որ ՍԴ-ի նման որոշումը հաղթանակ համարի: Սա արդեն բարդույթ է: Իսկ նրանց, ովքեր ասում են, թե պետք չէ ժամանակից շուտ հրճվել, խորհուրդ կտամ ժամանակից ուշ էլ չհրճվել»,-ասել է Հարություն Մեսրոբյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ մարտի 28-ին ՍԴ-ն դրական որոշում կայացնի, Հարություն Մեսրոբյանը պատասխանել է. «Նայած՝ ում համար դրական: Եթե կուտակայինը պարտադիր չի լինելու, ապա կուտակայինի իմաստը կորչում է այն պատճառով, որ դա մրցակցության իմաստով ավելի քիչ գրավիչ է, հետևաբար՝ պարտադիրը շատ հիմնարար պահանջ է։ Եթե ուզում ես, որ դիմացինդ անի այն, ինչ ուզում ես, ապա պետք է ստեղծես իրավիճակ, որ չանելն ավելի վտանգավոր լինի: Բնական է, որ «պարտադիր» բաղադրիչն ամեն գնով պահպանվելու է»,-ասել է Հարություն Մեսրոբյանը՝ հավելելով. «Միայն մի դեպքում չեն պահպանի, եթե ընդվզումը մեծ լինի: Մնացած բոլոր դեպքերում դա կլինի հերթական պայմանական արդարություն, այն էլ՝ ժամանակավոր»:
Կառավարման փորձագետի հավաստմամբ՝ շատ մեծ է հավանականությունը, որ, ըստ էության, բան չի փոխվելու։ «Այդ «ըստ էություն»-ը վերաբերում է պարտադիր բաղադրիչին»,-նշել է նա:Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը, սակայն, այն համոզմանն է, որ նման հարցը լուրջ քննարկել հնարավոր կլիներ միայն մի դեպքում՝ եթե մեզ մոտ դատական իշխանությունը՝ սկսած վարչականից մինչև Սահմանադրական դատարան, լիներ անկախ: «Ցավոք՝ մենք բոլորս, ոմանք՝ սեփական փորձով, ինչպես օրինակ՝ ես, որ շարունակում եմ գտնվել դատական հետապնդման ներքո, գիտենք մի պարզունակ, գռեհիկ ճշմարտություն՝ մեզանում դատական իշխանություն գոյություն չունի, այն գործադիր իշխանության կցորդն է, ճիշտ այնպես, ինչպես գոյություն չունի նաև օրենսդիր իշխանություն: Այս պայմաններում լուրջ դեմքի արտահայտություն ընդունելը և քննարկելը, թե արդյո՞ք աննախադեպ է կամ որևէ լուրջ հետևանք կունենա Սահմանադրական դատարանի այս որոշումը, վիրավորում է անձամբ իմ բանականությունը»,-ասել է նա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: