Բաժիններ՝

Եղբայրասպանության օրինականացումն Օսմանյան կայսրությունում. Bugün

Թուրքական Bugün թերթում հրապարակվել է Էրհան Աֆյոնջուի «Եղբայրասպանությունն Օսմանյան կայսրությունում» խորագրով հոդվածը, որում ասվում է. «Պետության ղեկավարի ընտրության ժամանակ քաոսը վերացնելու համար Օսմանյան կայսրությունում օրինականացվեց եղբայրասպանությունը: Մինչև Օսմանյան կայսրությունը գոյություն ունեցած թուրքական բոլոր պետություններում գոյություն չի ունեցել իշխանությունը մեկ անձից մյուսին փոխանցելու որևէ համակարգ:

Պետությունը գլխավորելու իրավունք ունեցել է դինաստիայի յուրաքանչյուր անդամը: Պատմությունը գիտի շատ օրինակներ, որ տվյալ իրավիճակը դարձել է քաոսի պատճառ՝ կանոնավորապես հանգեցնելով գաhի համար պայքարում կատաղի հակամարտությունների առաջացմանը:

Սովորաբար դինաստիայի անդամներին ոչինչ չի սպառնացել այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն հավակնել գահին: Եղել են նաև դեպքեր, որ նրանք, ովքեր դիմադրություն են ցույց տվել, վերջին հաշվով ստացել են ներում: Եվ այնուամենայնիվ, այդ իրավիճակը պատճառ է դարձել տասնյակ հազարավոր մարդկանց մահվան համար:

Առաջին եղբայրասպանությունը

Օսմանյան առաջին սուլթան Օսման Գազիի (1299-1326 թվականներ) մահվանից հետո սուլթանության համար նրա երեք որդիների միջև պայքարի բացակայության պայմաններում գահը ժառանգեց Օրհան Գազին: 1362 թվականին գահին նստեց նրա որդի Մուրադ I-ը, ով իշխանության համար պայքարեց իր եղբայրներ Իբրահիմի ու Հալիլի հետ՝ հեռացնելով նրանց Էսքիշեհիրում ղեկավարելու գործընթացից:

Տարածված լուրերի համաձայն, գահաժառանգները վիճարկել են Մուրադ I-ի կողմից գահին բազմելը: Նրանց մահվամբ առաջին անգամ թափվեց եղբայրական արյուն: 1389 թվականին Մուրադ I-ից հետո գահը ժառանգելով՝ Բայազիդ I Յըլդըրըմը մարտադաշտում հրամայեց սպանել իր եղբայր Յաղուբ Չելեբիին՝ թեև նրա եղբայրը կոնֆլիկտի մեջ չէր մտել նրա հետ գահակալման կապակցությամբ:

Բայազիդ I-ի մահվանից հետո առաջացած անիշխանական ժամանակաշրջանը ծանր փորձություն հանդիսացավ օսմանների համար (1402 թվականի հուլիսի 22-ին Անկարայի ճակատամարտում Լենկ Թեմուրը ծանր պարտության մատնեց Բայազիդ I-ին, ով մահացավ 1403 թվականի մարտի 8-ին՝ 43 տարեկանում – 168.am):

Բայազիդի որդիների միջև իշխանության համար պայքարը շարունակվեց 11 տարի, Օսմանյան կայսրությունը հայտնվեց ճգնաժամում: Հենց այդ ժամանակն էլ հող նախապատրաստեց կայսրությունում եղբայրասպանությունն օրինականացնելու համար:

Մեհմեթ II-ի օրենսգիրքը

Երբ գահին բազմեց Մեհմեթ II Ֆաթիհը (Նվաճող, 1444-1446 և 1451-1483 թվականներ), Օսմանյան կայսրությունը դեռ հրաժեշտ չէր տվել օսմանյան անիշխանության ցնցումներին: Գրավելով Կոստանդնուպոլիսը (Ստամբուլ, 29.05.1453)՝ Մեհմեթ II-ը Օսմանյան կայսրության տարածքները միավորեց մեկ ամբողջության մեջ: Կազմելով երկրի պետական կառույցների մասին օրենսգիրք՝ Մեհմեթ II-ը դրանում ներառեց նաև սուլթանության ժառանգությանն առնչվող կետը:

Դրանում նշված էր. «Եթե իմ երեխաներից որևէ մեկը դառնա սուլթանության ղեկավար, ապա հասարակական կարգն ապահովելու համար նրան անհրաժեշտ է սպանել իր եղբայրներին: Ուլեմաների (իսլամի տեսական ու գործնական կողմերի ճանաչված և հեղինակավոր գիտակներ) մեծ մասը հավանության է արժանացնում դա: Թող այդ կանոնը պահպանվի»:

Մեհմեթ II-ն առաջին տիրակալը չէ, ով ներդրել է եղբայրասպանության պրակտիկան: Նա միայն օրինականացրել է ավելի վաղ ձևավորված պրակտիկան: Այդ քայլին նա գնացել է՝ ելնելով անիշխանության ժամանակ (1402-1413 թվականներ) առկա փորձից:

Եղբայրասպանություն

Եղբայրասպանությունն անհրաժեշտ է դիտարկել կոնկրետ ժամանակահատվածի պայմանների շրջանակներում: Եղբայրասպանության երևույթը բնորոշ է Օսմանյան կայսրությանը: Այն թուրքական ողջ պատմության հարցն է: Նրա հիմքում առաջին հերթին ընկած է գահի ժառանգման որևէ համակարգի ու ինստիտուտի բացակայությունը:

Եղբայրասպանությունն արմատախիլ անելու համար հասունացավ գահի ժառանգման այդպիսի համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը: Երկար ժամանակ չհաջողվեց դա անել, սակայն XVII դարի սկզբներից ներդրվեց դինաստիայի ներկայացուցիչներից ավագի կողմից գահը ժառանգելու սկզբունքը: Սակայն դա չվճռեց տիրակալի փոփոխման ընթացակարգերի բոլոր խնդիրները:

Դրա վրա բացասաբար է ազդել նաև գահաժառանգներին «շիմշիրլիք» անվանմամբ պալատում ավանդաբար բանտարկելը (մոռացության մատնելը): Տիրակալների մեծ մասին, որոնք մեծացել են նման ձևով, այդպես էլ չհաջողվեց ճանաչել պետական ապարատի կյանքն ու սկզբունքները, ինչը վերջին հաշվով հանգեցրեց ղեկավարման գործընթացին մասնակցելուն նրանց անկարողությանը:

Եղբայրասպանության օրինականացումը և գահաժառանգներին սպանելն անգամ այն դեպքում, եթե նրանք չեն հավակնել գահին, օսմաններին հատուկ տեղ է տալիս թուրքական ողջ պատմության ընթացքում:

Մասնավորապես, եղբայրասպանության շնորհիվ Օսմանյան կայսրությունը կարողացավ պահպանել իր ամբողջականությունը՝ ի տարբերություն Օսմանյան կայսրությունից առաջ գոյություն ունեցած թուրքական պետությունների:

Թուրքական պատմության վերլուծության ժամանակ ակնհայտ է դառնում, որ գահի համար պայքարը հաճախ ավարտվել է պետության փլուզմամբ: Օսմանները, պահպանելով ամբողջականությունը, կարողացան ապահովել միասնական տիրակալի իշխանությունը, Եվրոպայի նկատմամբ գերազանցության հասան այդ թվում նաև դրա շնորհիվ:

Մեհմեթ Ֆաթիհի օրենսգիրքն իրակա՞ն չէ

Նրանք, ովքեր չեն ցանկանում սևացնել սուլթանի անունը և հրաժարվում են եղբայրասպանության մասին օրենքը վերագրել Մեհմեթ II-ին, վստահեցնում են, որ իրականում այդ հայտնի օրենքների հեղինակն Արևմուտքն է: Այլապես ինչպե՞ս բացատրել այն, որ այն գոյություն ունի միայն մեկ օրինակով և գտնվում է Վիեննայում: Միևնույն ժամանակ իրականացված հետազոտությունները հնարավորություն են տվել հայտնաբերել նաև տվյալ օրենսգրքի նոր տարբերակներ:

Մեհմեթ Ֆաթիհից հետո

Մեհմեթ II-ի կազմած օրենքներում ընդգրկված կետի նշանակությունը նորովի է իմաստավորվել սուլթանի մահից անմիջապես անց, երբ պայքար սկսվեց նրա երկու որդիների՝ Բայազիդ II-ի և Սուլթան Ջեմի միջև, որը տևեց մի քանի տարի: Սուլթան Սելիմ Ահեղի (1512-1520 թվականներ) սուլթանության առաջին տարիները պատմության մեջ կմտնի որպես այնպիսի ժամանակաշրջան, երբ գահի համար եղբայրների վեճը հասավ իր գագաթնակետին»:

Հիշեցնենք, որ սուլթան Սելիմ Ահեղը կառավարման 8 տարվա ընթացքում 2.5 անգամ մեծացրել է Օսմանյան կայսրության տարածքը`2.375.000 քառակուսի կիլոմետրից հասցնելով մինչև 6.557.000 քառակուսի կիլոմետրի, որից 1.702.000 քառակուսի կիլոմետրը բաժին է ընկել Եվրոպային, 1.905.000 քառակուսի կիլոմետրը` Ասիային, 2.905.000 քառակուսի կիլոմետրը` Աֆրիկային:

Նրան հաջորդած սուլթան Սուլեյման 1–ին Փառահեղը (Օրենսդիր, 1520-1566 թվականներ) համարվում է ամենաերկար ժամկետով կառավարած և ամենաշատ արշավանքներ իրականացրած օսմանյան սուլթանը: Ընդհանուր առմամբ իր կառավարման մոտ 46 տարիներին Սուլեյմանը ձեռնարկել է 13 արշավանք:

Դա հանգեցրել է նրան, որ Սուլեյմանը Օսմանյան կայսրության տարածքը հասցրել է 14.893.000 քառակուսի կիլոմետրի: Դրա համար էլ պատահական չէ, որ թուրքերը 16-րդ դարը (1571 թվականին գրավվեց նաև Կիպրոսը) անվանում են սքանչելի դար (Muhteşem Yüzyıl) և նկարահանել են նույնանուն հեռուստասերիալ, որը մեծ ճանաչում ունի բազում երկրներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս