«ՀՀ-ում ՏՏ ոլորտը՝ որպես հարստության կամ արժեքի աղբյուր, դեռ չի գրավել պաշտոնյաների ուշադրությունը»
Բլոգեր Ալեքս Բալաշովը (Alex Balashov) ծնվել է Մոսկվայում, հայրը ազգությամբ ռուս է, մայրը` հայ: Հենց այդ պատճառով նա մի քանի անգամ այցելել է Հայաստան: Տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտով հետաքրքրվել է դեռ մանկուց, 9 տարեկանում սկսել է ծրագրավորմամբ զբաղվել: Նա նշում է, որ այս ոլորտում այդքան կարևոր չեն համալսարանական գիտելիքները, որքան ինքնակրթությունն ու հնարավոր բոլոր միջոցներով ինքդ քեզ դաստիարակելը: Չունենալով նման կրթություն ոլորտում՝ Ալեքս Բալաշովն իր ծառայություններն առաջարկում է տարբեր երկրներում, մասնավորապես, ԱՄՆ-ում, և գումար վաստակում: Հենց այնտեղից էլ նա մեզ հետ զրուցեց Հայաստանի ՏՀՏ ոլորտի վերաբերյալ:
Ի դեպ, նշենք, որ մեր զրուցակիցը նաև բլոգեր է, ում վերջերս հրապարակած հոդվածը հայաստանյան ՏՏ ոլորտի մասին բավական հետաքրքրություն է առաջացրել համացանցում:
– Հայաստանյան ՏՏ ոլորտի վերաբերյալ բավական հետաքրքիր հոդված էիք հրապարակել: Քանի՞ անգամ եք այցելել Հայաստան և արդյոք այստեղ ՏՏ ոլորտում աշխատելու փորձառություն ունե՞ք:
– Ծնողներիցս մեկը` մայրս, հայ է, և հենց դա է պատճառներից մեկը, որ մի քանի անգամ եկել եմ Հայաստան` տեսնելու այդ գեղեցիկ երկիրը: Ես` որպես հեռահաղորդակցության ոլորտի մասնագետ, հիմնականում աշխատում եմ Հարավային Ամերիկայի և այլ երկրների հետ, բայց ոչ Հայաստանի: Ներկա պահին որևէ բիզնես չունեմ Հայաստանում և շատ մեծ փորձ չունեմ հայաստանյան ՏՏ ոլորտի շուկայի հետ, սակայն ունեմ շատ թվով ընկերներ և ՏՏ ոլորտի գործընկերներ Երևանում, ուստի իմ կարծիքը ոլորտի վերաբերյալ ոչ միայն դրսից որևէ մարդու կարծիք է, այլև որոշակի հիմքեր ունի: Կարծում եմ` շատերը կհամաձայնեն այն մտքի հետ, որ Հայաստանը պետք է հրի իր տեխնոլոգիական վագոնը, և դա պետք է անի մի շարք պատճառներով:
Նախ` որովհետև հայերն ունեն տաղանդ, ինչպես նաև դեռևս խորհրդային ժամանակաշրջանի հիմնարար գիտություն և ճարտարագիտության կրթության ուժեղ հիմքեր: Հայ ճարտարագետները շատ ընդունակ են: Ավելին, ՏՏ ոլորտի և ճարտարագետների այս սերունդը տեսել է 1990-ականների դժվարությունները, ինչը նրանց խնդիրների լուծման հարցում ավելի ճկուն է դարձնում: Իմ շրջապատում կան շատ մարդիկ, ովքեր ուսանել են մութ և ցուրտ տարիներին, էլեկտրաէներգիայի ճգնաժամի և Ղարաբաղյան պատերազմի տարիներին: Այն ժամանակ, երբ Երևանը խավարի մեջ էր, իսկ դրսում, ինչո՞ւ չէ, երբեմն նաև տների ներսում անգամ ցրտաշունչ ձմեռն էր տիրում, և մարդիկ անգամ գիրք էին վառում վառելիքի փոխարեն, հենց այս ոլորտի որոշ մարդիկ մտածում էին զարգացած աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների մասին և մտահոգվում, մոմի լույսի տակ էին աշխատում՝ այդ ամենը Հայաստան բերելու համար:
Այդ ժամանակ նրանք ստեղծեցին ցածր որակի ինտերնետ կապ, և վճարեցինք հսկայական սակագներ ինտերնետի և հեռախոսակապի ծառայությունների համար` «ԱրմենՏելի» մենաշնորհի պայմաններումգ դեռ չեմ ասում սև շուկայում գործող շարժական սարքերի անմարդկային սակագների մասին: Ցավոք, հենց այդ մարդկանց մի մասն արդեն վաղուց մեկնել է Հայաստանից: Իհարկե, տաղանդավոր մարդու համար շատ ժամանակ պետք չէ հասկանալու համար, որ ինքը կարող է շատ ավելի մեծ գումար վաստակել արտերկրում` չնայած այնտեղ գոյություն ունեցող բարձր գներին և հարկերին:
Իհարկե, այս մասնագետներն ունեն առավելություն բազմաթիվ այլ հայերի նկատմամբ, և կարող են անգամ չհեռանալ Հայաստանից` աշխատելով դրսի ընկերությունների համար` ինտերնետի միջոցով և անգլերեն լեզվին տիրապետելու շնորհիվ: Իհարկե, տիրապետելով նաև ռուսերենին, նրանք կարող են նաև շատ հեշտ տեղափոխվել Ռուսաստան, կամ, ասենք, Արևելյան Եվրոպա, իսկ արտասահմանյան ընկերությունների համար շատ ավելի ձեռնտու է նրանց աշխատուժն օգտագործելը: Կարծում եմ՝ այս մարդիկ երկրից գնում են ոչ միայն գումարի համար: Իսկ հայաստանյան ՏՏ ոլորտի հիմնական խնդիրը գնալով ավելի է սրվում, խոսքը մասնագետների պակասի մասին է, բարձր որակ ունեցող մասնագետների:
– Այսինքն՝ մարդիկ երկրից արտագաղթում են ոչ միայն գումարի համար, քանի որ այստեղից էլ են կարողանում բավական գումար աշխատել:
– Այո, գնալու մոտիվացիան կապված չէ ուղիղ փողի հետ, որովհետև այս մասնագետները, կարծում եմ, բավականին լավ կարող են ապրել նաև Երևանում` վաստակելով 2-3 հազար դոլար ամսական, և նյութական տեսակետից ապրել ավելի բարեկեցիկ պայմաններում այդտեղ` Երևանում, քան, ասենք, 2-3 անգամ ավելին վաստակելով Արևմտյան երկրներում: Սակայն, ինչպես տեսնում ենք, բարձր որակ ունեցող մասնագետները Հայաստանում գնալով նվազում են:
Կարծում եմ, ՏՏ ոլորտը կարող է Հայաստանն առաջ մղել, բայց երբ այդ մարդիկ որոշում են արտագաղթելգ կրկնում եմ՝ նրանք չեն գնում միայն գումարի համար, այլ այն լավ հնարավորությունների և հեռանկարների համար, որ տեսնում են, և որոնք առկա են արտասահմանում` կրթական, աշխատանքային և մասնագիտական, բիզնես միջավայրի առումով, և ոչ միայն` իրենց, այլև իրենց երեխաների և ընդհանրապես իրենց ընտանիքների համար: Հայաստանում մի տեսակ ավելի հոռետեսական է երևում այդ ամենը, մինչդեռ նրանք գիտակցում են, որ դրսում լավ մասնագետ լինելով՝ ոչ միայն լայն հնարավորություններ են ունենում, այլև լավ հեռանկարների հույս են ունենում: Ցավոք, Հայաստանում այդ ներուժը լավ չի գիտակցվում և օրեցօր նվազում է: Խոսքը ոչ միայն, ասենք, տեխնիկական խանութներում աշխատող մասնագետների մասին է, կամ փոքր ընկերություններին տեխնիկական աջակցություն ցուցաբերող և տեխնիկական աշխատանքի սպասարկման մասին է, այլ ավելի գլոբալ, ինդուստրիալ օգտակարության մասին է:
Օրինակ` Հայաստանի ենթակառուցվածքների և տնտեսության զարգացումը նրանց ուսերին դնելու մասին է, ահա այդպիսի մարդկանց մասին է խոսքը: Իհարկե, Երևանում կա համակարգչային ոլորտի հրաշալի տաղանդ, բայց նրանց թիվն իրականում շատ քիչ է, և այստեղ իրականում ՏՏ ոլորտի որակյալ մարդկանց խիստ պակաս կա: Այս ոլորտի որակյալ մասնագետների կարիքն ունեն աշխարհի շատ երկրներում և շուկաներում, սակայն Հայաստանում այս խնդիրն ավելի սուր է դրված, քանի որ Հայաստանն առանց այդ էլ փոքր երկիր է, հետևաբար և` մասնագետների ընտրությունը մեծ չէ:
Արտագաղթն, իհարկե, Հայաստանում այժմ ամենաքննարկվող թեման է. բարձր որակավորում ունեցող մասնագետների և արդյունավետ աշխատողների և ունակ գործարարների պակասը Հայաստանում գնալով ավելի է սրվում: Ցավոք, երբեմն չեմ տեսնում մարդկանց, ովքեր պատրաստ են փոխարինել 1990-ականների սերունդին, իսկ եթե կան էլ, ապա նրանց թիվը շատ մեծ չէ, քանի որ բոլորն են գնում: Հաճախ կարելի է լսել այն մասին, որ Հայաստանը վերածվում է գլոբալ մրցակցային ՏՏ կենտրոնի, բայց որտե՞ղ է Ձեր գլոբալ մրցակցային աշխատուժը:
– Արդեն 10 տարուց ավելի Հայաստանում ՏՏ ոլորտը համարվում է տնտեսության գերակա ուղղություններից մեկը: Հետաքրքիր է Ձեր կարծիքը. արդյոք նկատո՞ւմ եք այդ աճը, քանի որ երբեմն այցելում եք Հայաստան, հետևում եք տեղեկատվությանը, շփվում եք կոլեգաների հետ: Արդյոք տեսնո՞ւմ եք պայմանների բարելավում, առաջխաղացում:
– Ես նշանակություն չեմ տալիս նրան, թե արդյոք կա՞ որևէ օբյեկտիվ զարգացման քաղաքականություն կառավարության կողմից, որն ուղղված է օգնելու ՏՏ ոլորտին: Ցանկացած ՏՏ բիզնես Հայաստանում իրական գումարներ աշխատելու ձգտումը պետք է վերածի արտահանման ուղղվածություն ունեցող գործունեության: Չկա գումար տեղական շուկայում վաճառելու համար:
Այն ՏՏ ընկերությունները, որոնց ծանոթ եմ Հայաստանում, և ովքեր որևէ գումար են աշխատում, նրանք դա անում են հիմնականում կառավարության հետ պայմանագրային աշխատանքների կամ օտարերկրյա պատվերների շնորհիվ: Իհարկե, տեղական շուկան ունի ՏՏ-ի պահանջարկը, սակայն դրանք հիմնականում կապված են ցածր սանդղակի ապրանքների և ծառայությունների հետ, որոնք, ի տարբերություն համաշխարհային ծախսերի կառուցվածքների, կենսունակ կարող են լինել միայն մեծ մասշտաբների դեպքում:
Ինձ թվում է, որ այնպիսի երկիրը, ինչպիսին Հայաստանն է, առանց աշխատելու կարող է դառնալ օֆշորային զարգացման կենտրոն, որը չի պահանջում հսկայական պահանջներ, դրա համար քիչ և վատ պատրաստված էկոհամակարգ է պետք: Կարծում եմ` Հայաստանում ՏՏ ոլորտը` որպես հարստության կամ արժեքի աղբյուր, դեռ չի գրավել պետական պաշտոնյաների ուշադրությունը: Հայաստանն ունի ՏՏ տաղանդ, և սա խոստումնալից ուղղություն է, սակայն դրա զարգացման համար համեմատաբար թափանցիկ իրավական մթնոլորտ և այլ պահանջներ կան: