Ասեղային դիվանագիտության հետևանքները

«Վաղը մեկնում եմ Փարիզ, որտեղ հանդիպում կլինի եռանախագահողների հետ, իսկ հաջորդ օրը՝ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում: Այն, որ երկու երկրների արտգործնախարարների միջև հանդիպումը կայանալու է հունվարի 24-ին, հայտնի էր վաղուց, և Նալբանդյանի երեկվա հայտարարությունը որևէ նորություն չի պարունակում: Ինչպես, ի դեպ, որևէ այլ հարցի վերաբերյալ Նալբանդյանի երեկվա մյուս հայտարարությունները:

Սակայն անցած մի քանի օրերին կարևոր ու ցավալի իրադարձություններ են տեղի ունեցել, մասնավորապես` հունվարի լույս 20-ի գիշերը կատարված ադրբեջանական դիվերսիան, որի արդյունքում զոհված Արմեն Հովհաննիսյանի դին երեկ հողին հանձնվեց Եռաբլուրում: Բայց Նալբանդյանի հայտարարությունների վրա դա որևէ կերպ չէր ազդել, չհաշված այն հերթապահ հանդիմանանքը, որ յուրաքանչյուր նման միջադեպից հետո հայկական կողմն ուղղում է Ադրբեջանին: Ու հերթական հերթապահ հայտարարությունները Երևանում անելուց հետո Նալբանդյանը շտապում է Մամեդյարովի հետ հերթական հանդիպման՝ ըստ ամենայնի, պայմանավորվելու համար իրենց հաջորդ և երկու երկրների նախագահների հերթական հանդիպման ժամկետի շուրջ:

Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ երկու երկրների ԱԳ նախարարների կամ նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ ադրբեջանական դիվերսիաներն արդեն օրինաչափություն են դառնում, և որևէ հիմք չկա հուսալու, որ առաջիկա հանդիպումներից առաջ դրանք չեն կրկնվելու: Ու ստացվում է, որ Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Փարիզ՝ հերթական հայ զինվորի կամ զինվորների սպանության ժամկետների շուրջ պայմանավորվելու համար: Սա, իհարկե, ցավալի ու սարսափելի է հնչում, սակայն իրականություն է: Արդյո՞ք այս պայմաններում բանակցությունները բոյկոտելը և Մամեդյարովին համապատասխան տեղն ուղարկելն արդարացված կլիներ:

Ըստ ամենայնի` ոչ, քանի որ դա կարող է ավելի վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Բայց մյուս կողմից` ըստ էության, իներցիայով շարունակելով բանակցությունները, Հայաստանն՝ Ադրբեջանին հնարավորություն է տալիս նախապատրաստել հերթական դիվերսիան՝ հայ զինվորների մահվան սարսափելի հեռանկարով:

Սրա այլընտրանքը ոչ թե բանակցությունները բոյկոտելն է, այլ միջազգային հանրության հետ այնպիսի աշխատանքը, որի արդյունքում հայ զինվորների սպանությունից հետո ԵԱՀԿ Մինսկի միջնորդները, լղոզված հայտարարությունների փոխարեն, գոնե ուղիղ կդատապարտեին Ադրբեջանին՝ դրանով կանխարգելելով ապագայում նման «նախաբանակցային» դիվերսիաները: Դրա համար, սակայն, Հայաստանը պետք է հարգանքի արժանի պետություն լիներ միջազգային հարաբերություններում: Մինչդեռ վերջին շրջանում Հայաստանը՝ ինքնիշխանության կորստին զուգահեռ, կայծակնային արագությամբ կորցնում է ոչ միայն հեղինակությունը, այլ ընդհանրապես միջազգային հարաբերություններում որպես ինքնուրույն սուբյեկտ հանդես գալու կարողությունը՝ նաև դրա արդյունքում հնարավոր դարձնելով հայ զինվորների սպանությունն ու այդ սպանությունների չդատապարտումը միջազգային հանրության կողմից:

Երեկվա ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը հակադարձելով լրագրողների հարցերին՝ ինչո՞ւ է ՀՀ արտգործնախարարը շրջագայում Լատինաամերիկյան երկրներում, խորհուրդ է տվել` «աշխարհին չնայել ասեղի անցքից»: Ուղևորություններից հոգնած արտգործնախարարը երևի չի հասցրել նկատել, որ իրականում, նաև իր իրականացրած արտաքին քաղաքականության արդյունքում` աշխարհն է արդեն Հայաստանին «նայում ասեղի անցքից»: Ու հենց այդ «անցքով» են, դժբախտաբար, անցնում նաև հայ զինվորներին ուղղված փամփուշտները:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս