
Արկտիկայում նավարկության համար ընդունվելու է Բևեռային հատուկ օրենսգիրք. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արկտիկայում նավարկության համար ընդունվելու է հատուկ Բևեռային օրենսգիրք: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա աղբյուրը:
Փաստաթուղթը պետք է ամրագրի տվյալ տարածաշրջանում շրջակա միջավայրի աղտոտման, նավերի սարքավորումների, նավերի անձնակազմի անդամների ուսուցման, կյանքի պահպանման ու առողջության մասին միջազգային նորմերը:
Դրանում տեղ կգտնեն տվյալ տարածաշրջանում նավարկող նավերի հանդեպ պահանջները՝ կախված այն սառույցների դասից, որոնց նրանք պատրաստվում են հաղթահարել իրենց ճանապարհին: Այդ կանոնները պարտադիր կլինեն բոլոր նավերի համար, որոնք պատրաստվում են վեր բարձրանալ հյուսիսային լայնության 72-րդ աստիճանից:
2013 թվականին Հյուսիսային ծովային ճանապարհով (Եվրոպան ու Արևելյան Ասիան միմյանց կապող ամենակարճ ուղի) անցել է ընդամենը 71 նավ, մինչդեռ նրան այլընտրանք հանդիսացող Սուեզի ջրանցքով անցել է 18.000 նավ, և դա այն ժամանակ, որ Սուեզի ջրանցքի դեպքում այդ ուղին երկարում է մոտ 10.000 կիլոմետրով:
Ներկայումս Արկտիկան բաժանված է պատասխանատվության 5 սեկտորի՝ ԱՄՆ, Ռուսաստան, Նորվեգիա, Կանադա ու Դանիա: Այստեղ է գտնվում նավթի ու գազի համաշխարհային պաշարների 1/10-ը: Արկտիկայի վերջնական բաժանման հարցը դեռ հստակեցված չէ: