Բաժիններ՝

Անհավանական էր Հայաստանից նման բան լսելը. Financial Times-ը՝ հայկական առաջին պլանշետի մասին

Բրիտանական Financial Times թերթի բլոգում հրապարակվել է Հայաստանում առաջին պլանշետի արտադրմանը նվիրված Մոնիկա Էլենայի հոդվածը, որում ընդգծվում է, որ դա անհավանական է հնչում Հայաստանի դեպքում, քանի որ նա ունի փակ սահմաններ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, արտահանման նեղ բազա, չափազանց կախված է արտերկրից դրամական փոխանցումներից, երկրում տարածված են մոնոպոլիաները:

Հոդվածագրի կարծիքով՝ այս ամենը բազմաթիվ հարցեր են առաջացնում Հայաստանի տնտեսական ապագայի մասին: Նա նշել է, որ մյուս կողմից էլ հայկական պլանշետի գաղափարը չի կարող շատ անհավանական հնչել, քանի որ նախքան անկախացումը՝ դեռևս Խորհրդային Միության ժամանակ, Հայաստանը խորհրդային հանրապետությունների թվում զբաղեցրել է առաջին տեղը մեկ շնչին բաժին ընկնող գիտնականների ու մասնագետների ցուցանիշով.

«Խորհրդային պաշտպանական ու տիեզերական համակարգերի համար օգտագործվող համակարգչային ու էլեկտրոնային սարքավորումների գրեթե 30 տոկոսը մշակվել և արտադրվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում և նրա շուրջ:

Այժմ կառավարությունը հուսով է նոր շունչ հաղորդել տեղեկատվական ու տեխնոլոգիաների ոլորտին՝ այդ ոչ մեծ, Կովկասում դեպի ծով ելք չունեցող ազգին վերածելու համար «էլեկտրոնային հասարակության»: Կառավարությունը 2008 թվականին ընդունել է ոլորտի զարգացման 10-ամյա ռազմավարություն՝ ուղղված ենթակառուցվածքների ամրապնդմանը, IT շրջանավարտների որակի բարձրացմանը և այլն:

2013 թվականի դեկտեմբերին Technology and Science Dynamics Inc/Armtab Technologies հայ-ամերիկյան համատեղ ընկերությունը ներկայացրեց իր առաջին պլանշետն (ArmTab) ու սմարթֆոնը (ArmPhone)՝ Android համակարգով: Դրանք երկուսն էլ մշակվել են Երևանում և հավաքվելու են ԱՄՆ-ում ու Հոնգկոնգում:

Դրանք մեծածախ առևտրի համար վաճառքում կհայտնվեն մի քանի շաբաթ անց, իսկ մանրածախ առևտրի դեպքում՝ այս տարեվերջին: Պլանավորված է դրանք հիմնականում արտահանել տարածաշրջանի շուկաներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս