Գնանք Դավոս, որ ի՞նչ անենք

Հունվարի 22-25-ը շվեյցարական Դավոս քաղաքում կայանալու է ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը համարվում է աշխարհի կարևորագույն տնտեսական իրադարձությունը: Այդ միջոցառմանն ավանդաբար մասնակցում են աշխարհի խոշորագույն երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, գործարար էլիտայի ներկայացուցիչներ: Հայաստանը, սակայն, ինչպես և կարելի էր կանխատեսել, որևէ մակարդակով չի մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Ինչպես մեր թղթակցին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղարը, ՀՀ կառավարությունը գերադասում է մասնակցել ոչ թե բուն դավոսյան, այլ ամռանը տեղի ունեցող համաշխարհային տնտեսական միջոցառումներին, ինչպես, օրինակ, անցած տարի Չինաստանում կայացած «Ամառային Դավոս 2013» անվանումով միջոցառումը:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նման՝ «ամառային միջոցառումներն» իրենց ձևաչափով ու ներկայացուցչականությամբ համեմատելի չեն բուն Դավոսյան տնտեսական ֆորումի հետ: Դավոսի ֆորումին չմասնակցելը «չինական Դավոսին» մասնակցելով «հիմնավորելը», իհարկե, ծիծաղելի է: Վարչապետի խոսնակն, իհարկե, անկեղծ լինելու դեպքում պետք է պատասխաներ՝ «Գնանք Դավոս, որ ի՞նչ անենք», ինչը, հասկանալի է, չէր կարող անել պաշտոնական արարողակարգի պատճառով:

Իրականում Դավոսում ամեն տարի հավաքվում են այն երկրների քաղաքական ու տնտեսական ղեկավարները, ովքեր իրենց պետությունները կամ ղեկավարում են, կամ ցանկանում են ղեկավարել ժամանակից մոդելով, մինչդեռ Հայաստանը սեպտեմբերի 3-ի որոշմամբ` հայտնվել է աշխարհի հետամնաց երկրների «ակումբում», որի ամենադիպուկ բնորոշումն անցած շաբաթ տվել էր Մաքսային միության հիմնադիրներից մեկը համարվող Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ հայտարարելով, որ Ղազախստանը, ԽՍՀՄ-ի հետ միասին (որը ցանկանում են վերականգնել՝ ի դեմս Եվրասիական տնտեսական միության), Արևմուտքից հետ է մնում 50 տարով:

Ամեն դեպքում դժվար է միանշանակ պնդել, որ Հայաստանի իշխանությունները որոշել են չմասնակցել Դավոսի տնտեսական ֆորումին՝ հասկանալով, որ իրենք այլևս անելիք չունեն ժամանակակից աշխարհի առաջնորդների կողքին, և տնտեսել են բյուջետային միջոցները՝ անիմաստ չարտերային չվերթերի վրա միլիոններ չծախսելու ազնիվ մղումով: Ավելի հավանական է, որ Մոսկվայից Դավոսին մասնակցելու թույլտվություն չեն ստացել:

Այլապես Տիգրան Սարգսյանը բաց չէր թողնի Հայաստանի «եվրոպական տեսլականի մասին» շվեյցարական հանգստավայրում դասախոսություն կարդալու հնարավորությունը: Հատկապես, որ, ինչպես ինքն էր վերջերս խոստովանել, վարժ ելույթներ է ունենում ոչ միայն ռուսերենով, այլև անգլերեն լեզվով:

Տեսանյութեր

Լրահոս