Հայաստանը կարող է ՄՄ-ին ու ՄՏՏ-ին միանալու մասին պայմանագիրը ստորագրել 2014 թվականին. Վիկտոր Խրիստենկո
Эксперт Online-ին տված հարցազրույցի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել է, որ Հայաստանը կարող է Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տիրույթին միանալու մասին պայմանագրի ստորագրմանը հասնել արդեն այս տարի:
Խրիստենկոյի խոսքերով՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին Երևանի ընդունած որոշումը հանդիսացել է նրա ինքնիշխան ընտրությունը. «Ավելին, դա պարզապես երկրի ղեկավարության քաղաքական կամքը չէ, այդ որոշումն ամրապնդված է Մաքսային միության նորմատիվային ու պայմանագրային բազայի շատ լուրջ մշակմամբ:
Հայաստանի մեր գործընկերների հետ համատեղ շատ կարճ ժամանակահատվածում կատարվել է վիթխարի աշխատանք: Դեկտեմբերի վերջին հաստատվել է ոչ միայն Մաքսային միությանը, այլև՝ Միասնական տնտեսական տիրույթին Հայաստանի միանալու մասին «ճանապարհային քարտեզը», որը բաղկացած է 300 կետից:
Իմ գնահատականներով, Հայաստանն ի վիճակի է Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տիրույթին միանալու մասին պայմանագիրը ստորագրել է արդեն 2014 թվականին: Մաքսային միության երկրների հետ Հայաստանի ընդհանուր սահմաններ չունենալը չպետք է դիտարկել որպես խնդիր:
Երբ Հունաստանն անդամակցեց ԵՄ-ին, նա նույնպես սահմաններ չուներ նրա հետ: Կիպրոսն ընդհանրապես որևէ ընդհանուր սահման չունի ԵՄ-ի հետ, այն ընդհանրապես կղզի է: Ռուսաստանն ու Կալինինգրադի մարզն էլ չունեն ընդհանուր սահմաններ, և ի՞նչ: Որևէ լուրջ ռիսկեր չկան Մաքսային միությանը Հայաստանի միանալու հարցում:
Հայաստանում բավական զարգացած է մաքսային, բուսասանիտարական ենթակառուցվածքը, լաբորատոր համակարգը, տեխնիկական կարգավորման սպասարկումը: Մեր համատեղ գործողությունների ժամանակ մեր հայ գործընկերների պետական ղեկավարման ապարատն ի ցույց դրեց բարձր պատրաստվածություն՝ օպերատիվ ու արդյունավետ աշխատելու նկատմամբ:
Հայաստանում շատ նորմեր ավելի առաջ են գնացել, քան՝ անգամ Մաքսային միությունում: Եվ ես չեմ բացառում, որ մենք կարող ենք նրանց մի մասն ինտեգրել վերազգային օրենսդրությունում՝ որպես առավել առաջադեմ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ղրղզստանի վարչապետ Ժանտորո Սատիբալդիևը հայտարարեց, որ Մաքսային միության մեջ մտնելը տնտեսական պլանում հղի է բացասական մեծ գործընթացներով: