Ամուսնությունից հետո իրենց ազգանունը պահպանած կանայք ավելի շատ են վաստակում, սակայն ավելի պակաս հոգատար են. Slate
Ամերիկյան Slate պարբերականում հրապարակվել է Ամանդա Մարկոտի «Իրենց ամուսնու ազգանունը վերցրած կանայք համարվում են ավելի պակաս կոմպետենտ, սակայն ավելի հոգատար» հոդվածը, որում նշված է. «Աշխարհում ֆեմինիզմի առավել բարդ ու առաջնային «մարտերից» մեկն այն բանավեճն է, թե արդյոք կանայք ամուսնությունից հետո պե՞տք է վերցնեն իրենց ամուսնու ազգանունը:
Ազգանվան փոխելն արդարացնելու հարցում կանանց բերած պատճառները տարբեր են: Շատ կանայք ասում են, որ իրենց դուր չի գալիս սեփական, «կանացի» ազգանունը: Սակայն դա հարկադրում է մտածել, թե ինչու միայն կանայք ունեն «վատ» ազգանուններ, որոնցից նրանք ցանկանում են ձերբազատվել:
Միևնույն ժամանակ կանայք երբեք չեն ասում, որ իրենց ազգանունը փոխել են ավանդական պատճառով, որպեսզի աշխարհին ցույց տան, որ իրենց ամուսինն ընտանիքի ղեկավարն է (ես գիտեմ, որ դուք ձեր ազգանունը փոխել եք նրա համար, որ այն լինի նույնը ձեր և ձեր երեխաների համար, սակայն կա նաև դրան հասնելու այլ եղանակ` ի գիտություն ձեզ):
Քանի որ ավանդույթին հետևողները մշտապես հերքում են, որ դա ի ցույց է դնում ենթակայություն, ուստիև քննարկումները սովորաբար ավարտվում են առանց արդյունքի: Դանիել Լուցերը Pacific Standard պարբերականում որոշել է ուսումնասիրել այդ ավանդույթը: Պարզվել է, որ ներկայումս երիտասարդ կանայք ամուսնանալիս ավելի հաճախ են պահպանում իրենց («կանացի») ազգանունը, քան` նրանց տատիկները:
Ներկայումս այդ ցուցանիշը կազմում է 30 տոկոս, մինչդեռ 60-անց կանանց միայն 9 տոկոսն է պահպանել իր («կանացի») ազգանունը: Երիտասարդ կանանց համար դա ավելի շուտ հանդիսանում է պրոֆեսիոնալ, կարիերային ինքնության պահպանման անհրաժեշտություն, քան` ֆեմինիզմին նրանց գաղափարական հավատարմություն (ընդ որում, այդ կանանց մոտ պրոֆեսիոնալ ինքնությունն ի հայտ է եկել ֆեմինիզմի շնորհիվ):
Սակայն հիրավի ուշադրության արժանի են այն տվյալները, թե ազգանվան փոփոխությունը (կամ «կանացի» ազգանվան պահպանումը) ինչպես է ազդում կնոջ վրա, թե ձեզ ինչպես են ընկալում մյուսները: 2010 թվականին հոլանդացի հետազոտողները փորձեցին պարզել, թե մարդիկ ինչպես են ընկալում այն կանանց, որոնք ամուսնանալիս փոխել են իրենց ազգանունը, և նրանց, ովքեր չեն գնացել այդ քայլին: Գիտնականները հայտնաբերել են վիթխարի տարբերություններ:
Լուցերը մեջբերում է անում նրանց հետազոտությունից. «Ամուսնու ազգանունը վերցրած կինը համարվում է ավելի հոգատար, ավելի կախյալ, ավելի պակաս խելացի, ավելի էմոցիոնալ, ավելի պակաս կոմպետենտ և ավելի պակաս հավակնոտ` համեմատած իր ազգանունը պահպանած կնոջ հետ»: Մյուս կողմից էլ սեփական ազգանունը պահպանած կինն ընկալվում է որպես ավելի պակաս հոգատար, սակայն ավելի անկախ, հավակնոտ, խելացի ու որակավորված:
2009 թվականին ամերիկացի գիտնականները պարզել են, որ գոյություն ունի զգալի կապ ազգանվան փոփոխման և գենդերային դերերի հարցում այլ ավանդույթների հետևելու միջև: Լուցերը գրում է, որ որքան մեծ է ամուսնացող կնոջ տարիքը և որքան լավն է նրա աշխատանքը, այնքան հավանական է, որ նա կպահպանի իր ազգանունը (ընդ որում, ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցչուհիներն ավելի հաճախ ամուսնանում են ավելի ուշ տարիքում` համեմատած իրենց տատիկների հետ. որքան երկար եք դուք սպասում, այնքան հավանական է, որ դուք կպահպանեք ձեր «կանացի» ազգանունը):
Որքան մեծ է ամուսնացող կնոջ մոտ կրոնականացվածության աստիճանը, այնքան ավելի հավանական է, որ նա կփոխի իր ազգանունը, քանի որ շատ կրոններ քարոզում են կանանց ենթակայություն: Այլ կերպ ասած` իրենց ազգանունը չփոխած կանայք համարվում են առավել անկախ, ինչի մասին վկայում են նաև վիճակագրական տվյալները:
Բնականաբար, ամերիկացի գիտնականները չեն կարողացել չափել այնպիսի վերացական հասկացություններ, ինչպիսիք որ խելացիությունն ու հոգատարությունն են, սակայն ազգանվան փոփոխման ու այդպիսի որակների (հավակնոտություն ու անկախություն) միջև կապի առկայությունը հանդիսանում է առավել հաստատված: Հոլանդացի գիտնականները պարզել են, որ իրենց ազգանունը պահպանած կանայք ավելի հաճախ են գտնում աշխատանք և ստանում են առավել բարձր աշխատավարձ:
Միևնույն ժամանակ իրենց ազգանունը պահպանած այդ կանայք համարվում են առավել պակաս հոգատար` թեև ավելի խելացի ու անկախ են: Հենց դրանով էլ բացատրվում է այն, թե ինչու է կանանց մի մասը ամուսնանալիս փոխում իր ազգանունը, իսկ մյուս մասը` ոչ: Հետազոտությունը ցույց է տվել, որ թեև տղամարդիկ հերքում են, որ «սպառնալիք» են զգում նրանից, որ ունեն այդպիսի (խելացի, անկախ, մեծ գումար վաստակող) կին, ամեն դեպքում նրանցից շատերը ենթագիտակցական մակարդակում ունեն այդպիսի զգացում:
Լյուցերն ընդգծել է, որ երիտասարդ սերունդներն առավել բարյացակամ են տրամադրված «կանացի» ազգանվան պահպանմանը: Դա կարող է նշանակել, որ տղամարդկանց յուրաքանչյուր նոր սերունդը գնալով ավելի սովորական է նայում կնոջ անկախ դերին, անկում է ապրում կանանց վրա գործադրվող ճնշումը` կապված ազգանունները հարկադրաբար փոխելու հետ`ցուցաբերելու համար իրենց հավատարմությունն ամուսնու նկատմամբ»: