100.000 դրամ տուգանք՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ 16 տարի չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար
Datalex համակարգից տեղեկանում ենք, որ դատարանի որոշմամբ՝ երիտասարդը տուգանվել է 100.000 դրամով անչափահասի հետ նրա համաձայնությամբ սեռական հարաբերություն ունենալու համար: Քրեական գործի շրջանակներում 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ ավտոմեքենայի մեջ հետևի նստատեղին սեռական հարաբերություն է ունեցել 16 տարին չլրացած աղջկա հետ նրա կամքով և նրա համաձայնությամբ: Երիտասարդին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել 16 տարին չլրացած անձի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդված):
Ըստ վճռի՝ մինչև դատաքննությունը սկսելը երիտասարդը միջնորդել է դատաքննություն իրականացնել արագացված կարգով. նա համաձայնել է մեղադրանքի հետ: Դատարանն ապացուցված է համարել երիտասարդի մեղավորությունը՝ հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները՝ դատակենսաբանական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ աղջկա կուսաթաղանթի ամբողջականությունը խախտված է, տեղեկանքը՝ համաձայն որի՝ աղջիկը հղի է, ամբաստանյալի, տուժողի, տուժողի օրինական ներկայացուցչի, վկաների ցուցմունքները:
Առաջին ատյանի դատարանը երիտասարդին մեղավոր է ճանաչել և դատապարտել 100 հազար դրամ տուգանքի: