Հղի կնոջ մահվան մեջ մեղադվող գինեկոլոգի պաշտպանը պահանջում է կարճել քրեական գործը
Գինկոլոգ Վարուժան Մարդանյանի պաշտպանը Վճռաբեկ դատարան է բողոքարկել քրեական վերաքննիչ դատարանի որոշումը: Գինեկոլոգի պաշտպան Արա Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վճռաբեկ դատարանից խնդրել է բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը, փոփոխել այն և կարճել քրեական գործի վարույթը:
Այսպես, Երևանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բժշկական կենտրոն է ընդունել Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտակունությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է կնոջ մահը:
Հրածին Մալխասյանը գտնվել է 26-27 շաբաթական հղիության ցիկլում. ըստ Վ. Մարդանյանին առաջադրված մեղադրանքի՝ նա ոչ բավարար ծավալի հետազոտություններ է կատարել, ինչի արդյունքում Հ. Մալխասյանը ճիշտ չի ախտորոշվել. ախտորոշվել է հղիության 20 շաբաթական բարդացած մանկաբարձական անամնեզ, սպառնացող վիժում` Հրածին Մալխասյանի 26-27 շաբաթական հղիության ցիկլում գտնվելու և վաղաժամ ծննդաբերություն սկսվելու փոխարեն։
Ըստ նախաքննական մարմնի՝ այնուհետև Վ. Մարդանյանի կողմից այնուհետև շարունակվել է պարտականությունների ոչ պատշաճ կատարումը. Վ. Մարդանյանի կողմից չի կատարվել հետազոտություն հղիի մոտ առկա ճարպակալումը հայտնաբերելու և, որպես ռիսկի խմբի ծննդկան, նրան պարտադիր 3-րդ մակարդակի ծննդօգնության հիմնարկություն տեղափոխելու ուղղությամբ: Ըստ նախաքննական մարմնի՝ Վ. Մարդանյանը հղիի բուժօգնությունը շարունակել է նույն բժշկական կենտրոնում, սակայն չի ունեցել նման իրավասություններ։ Հրածին Մալխասյանի մոտ սկսվել է վաղաժամ ծննդաբերություն. ծնվել է մահացած իգական սեռի պտուղ։
Ըստ Վ. Մարդանյանին առաջադրված մեղադրանքի,
ծննդաբերությունից 15 րոպե անց Հրածին Մալխասյանի մոտ սկսվել է առատ արյունահոսություն. կատարվել է արգանդի գործիքային հետազոտություն:
«Ընկերքի ձեռքային անջատում, ստուգիչ կյուրետաժ և արգանդի շտապ հեռացում կատարելու փոխարեն` Վարուժան Մարդանյանի կողմից Հրածին Մալխասյանի ընկերքը դուրս է բերվել ոչ ճիշտ` «ձգելով», մաս-մաս»,- ըստ datalex-ում տեղադրված վճռի՝ նշված է մեղադրական եզրկացության մեջ։
Ըստ մեղադրանքի՝ Հրածին Մալխասյանի մոտ ժամը 06։00-ին սկսվել է արյան սուր կորուստ. վիրահատությունը կատարվել է ուշացումով` ժամը 07։00-ին: Հետվիրահատական շրջանում չկատարված միջոցառումերը հանգեցրել են օրգանիզմի սակավարյունության, հեմոռագիկ շոկի: Հրածին Մալխասյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնտեղ մահացել:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչկան շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Վարուժան Մարդանյանը մեղավոր էր ճանաչվել. նա դատապարվել էր 2 տարվա ազատազրկման: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը գտել էր, որ համաներումը Վարուժան Մարդանյանի վրա չի տարածվում: Դատարանի վճռով նա երեք տարի ժամկետով զրկվել էր բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
Առաջին ատյանի դատարանի կայացրած այս դատավճիռը բողոքարկել էր թե գործով դատախազը, թե Վարուժան Մարդանյանի պաշտպան Արա Զաքարյանը: Դատախազը պահանջել էր Վ. Մարդանյանի նկատմամբ համաներում կիրառել և նրան ազատել պատժից, իսկ պաշտպանը պահանջել էր կարճել քրեական գործի վարույթը:
Քրեական վերաքննիչ դատարանը կողմերի բողոքը մասնակիորեն էր բավարարել. վերաքննիչի որոշմամբ՝ Վարուժան Մարդանյանի նկատմամբ համաներում էր կիրառվել: Մեզ հետ զրուցում Արա Զաքարյանն ասաց, որ կարծում է՝ դատարանը սխալ է վարվել. «Ոչ թե պատժի կրումից պետք է ազատեր, այլ պետք է գործի վարույթը կարճեր»: Այս որոշումը փաստաբանը բողոքարկել է վճռաբեկ դատարան: