Հովհաննես Իգիթյան. «Ռոբերտ Քոչարյանը չի ներում այն մարդկանց, ում «մարդ է սարքել»»

«Իրականում, այն, ինչ ասում է Ռոբերտ Քոչարյանը, ուղղված չէ Տիգրան Սարգսյանին կամ, առավելևս, Արմեն Մովսիսյանին»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց վերակազմավորված Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ իր տեսակետը հայտնելով ՀՀ երկրորդ նախագահի վերջին հարցազրույցի  և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ նրա հեռակա բանավեճի վերաբերյալ:

Պարոն Իգիթյանն իր այս տեսակետը հիմնավորեց նրանով, որ, իր խոսքերով, ո՛չ Տիգրան Սարգսյանն է թաքուն պահել բնական գազի գների բարձրացումը, ո՛չ էլ Արմեն Մովսիսյանը, այլ առաջին հերթին՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ո՞ւմ է դա ասում Ռոբերտ Քոչարյանը, թվում է, թե Տիգրան Սարգսյանին կամ Էներգետիկայի նախարարին,- հարց հնչեցրեց Իգիթյանը և պատասխանեց իր հարցին,-  Բայց ոչ, եթե ուշադիր նայեք հարցազրույցի ոճին, ով հիշում է Ռոբերտ Քոչարյանին, նրա բնավորությունը, կհասկանա, որ մի փոքր, այսպես, վիրավորված, ինքնահավան արժանապատվության հետ հարցեր կան: Ռոբերտ Քոչարյանը չի ներում այն մարդկանց, ում ինքը, իր կարծիքով, «մարդ է սարքել»»:

ՀՀՇ-ականը մասնավորապես նկատի ուներ նույն Տիգրան Սարգսյանին և Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, ով այդ պաշտոնում է նշանակվել հենց Քոչարյանի կառավարման տարիներին: Իգիթյանը հիշեցրեց, որ ժամանակին հենց Քոչարյանն է Տիգրան Սարգսյանին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնից նշանակել ԿԲ նախագահի պաշտոնում, իսկ Արմեն Մովսիսյանին, իր խոսքերով, «ինչ-որ գյուղից է բերել կառավարություն»:

Կարդացեք նաև

Այդուհանդերձ, Հ. Իգիթյանը չի կարծում, որ Քոչարյանը փորձում է քննադատել Սերժ Սարգսյանին: «Արդյոք Ռոբերտ Քոչարյանը փորձո՞ւմ է քննադատել Սերժ Սարգսյանին, ոչ, ինչո՞ւ, ոչ թե այն պատճառով, որ չի համարձակվում, այլ՝ որ անիմաստ է: Ընդհանրապես, ես իրենց համարում եմ թիմակից և չեմ կարծում, որ նա նաև պետք է քննադատի Սերժ Սարգսյանին»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Հ. Իգիթյանը հարկ համարեց նաև ընդգծել, որ չի ընդունում հրապարակային բանավեճի այն ձևը, որ վարում են Ռ. Քոչարյանը, Տ. Սարգսյանը և ընդհանրապես բոլոր նախագահները: Նա առաջարկեց, որպեսզի նախկին և ներկայիս նախագահները բանավիճեն կենդանի շփման մեջ կամ հանդես գան մամուլի ասուլիսով, այլ ոչ թե գրեն իրենց տեսակետները և տեղադրեն «ադմինիստրատիվ կայքերում»:

Իսկ ասուլիսի մյուս բանախոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Լյովա Խաչատրյանը, իր հերթին՝ ասաց, թե չի ցանկանում մեկնաբանել նախագահներին:

«Պարզապես հնչում է անհանգստացող մարդու տեսակետ՝ կապված վերջին իրադարձությունների հետ»,- կարծիք հայտնեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի վերջին քննադատություններին արձագանքել էր նաև Արմեն Մովսիսյանը, ով իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանին էր հիշեցրել, մասնավորապես, «Գույք՝ պարտքի դիմաց» հայտնի գործարքի մասին:

Տեսանյութեր

Լրահոս