ԵՊՀ-ում Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոն է ստեղծվում
Երևանի պետական համալսարանում Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոն է ստեղծվում: Նոր կենտրոնը կսկսի գործել ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետում 2014 թվականի նոյեմբերից:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց ծրագրի համակարգող, կենսաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հովհաննիսյանը` կենտրոնի շնորհիվ ուսանողների մագիստրոսական ծրագրերն էլ ավելի հետազոտական հենք ու հիմք են ունենալու, որովհետև ուսանողները հնարավորություն են ունենալու ինտեգրվել հետազոտություններում և հմտություններ ձեռք բերել նոր սարքերի հետ աշխատելու համար, ինչը շատ կարևոր է: Բացի այդ, նոր կենտրոնը հագեցած է լինելու բոլորովին նոր` հաջորդ սերնդի (next generation) սարքավորումներով, այդ թվում կլինեն, օրինակ, հաջորդ սերնդի ԴՆԹ սեկվենավորման (Next generation sequencing) սարքավորումը, որը Հայաստանում ակադեմիական համակարգում կլինի ունիկալ, բացի այդ, կլինի նաև բոլորովին նոր էլեկտրոնային սկանավորող մանրադիտակ և այլ սարքեր:
Ընդհանուր առմամբ, կենտրոնը ձեռք կբերի մոտ 500 հազար դոլարի տարբեր սարքավորումներ: «Այդպիաով՝ բոլոր ունիկալ սարքավորումները կենտրոնանալու են մի կենտրոնում, որն ունենալու է տարբեր լաբորատորիաներ, որից կարող են օգտվել ակադեմիական համակարգի աշխատողները, գիտնականներն ու երիտասարդները, հետագայում կենտրոնը ծառայություններ է մատուցելու նաև մասնավոր սեկտորին»,- ասաց Ն. Հովհաննիսյանը: Նրա խոսքով`Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնը կենտրոնանալու է գերժամանակակից սարքավորումներով իրականացվող հետազոտությունների վրա ինչպես՝ ազգային, այնպես էլ՝ միջազգային մակարդակում:
«Նոր սարքերի միջոցով Հայաստանում հնարավոր կլինի իրականացնել ունիկալ հետազոտություններ, օրինակ՝ 6000-5000 տարեկան հնագույն բուսական, կենդանական, մարդու մնացորդների գենոմների սեկվենավորում իրականացնել»,- ասաց Ն.Հովհաննիսյանը` նշելով, որ ժամանակին Հայաստանում ունիկալ մանրադիտակային հետազոտություններ կատարվել են, սակայն այժմ առկա սարքավորումներն արդեն հնացել են, իսկ նոր կենտրոնը լինելու է համագործակցության հարթակ, և բոլոր այն ծրագրերը, որոնք նախկինում արվում էին, օրինակ, Համալսարանի աշխատակիցների կողմից՝ առանձին-առանձին, ապա այժմ բոլորը միավորվելու են մի տվյալների բազայի մեջ և համագործակցելու են ինչպես՝ միմյանց, այնպես էլ՝ արտասահմանյան բուհերի և արտադրողների հետ:
Ն. Հովհաննիսյանը նշեց, որ նորագույն սարքերից օգտվելու համար նաև կարճատև դասընթացներ են անցկացվելու:
Ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ 600 հազար դոլար: Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում ստացված դրամաշնորհի շրջանակներում: