Սոս Գիմիշյան. Ես Ռոբերտ Քոչարյանին համարում եմ արևմտամետ քաղաքական գործիչ

«Պետք է սահմանադրական փոփոխություն լինի, և մեր նախագահներին արգելվի ընտրվել երկու անգամից ավելի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով  Հայաստանի երկու նախկին նախագահների քաղաքական ակտիվությանը և Հայաստանի քաղաքական կյանքի՝ «երեք նախագահների եռանկյունում» հայտնվելու կամ մնալու վտանգի մասին:

Հարցի կարևորությունը ցույց տալու համար Գիմիշյանը նույնիսկ համեմատություն արեց ֆուտբոլի հետ՝ մեջբերելով իր ընկերոջ խոսքը. «Հայաստանում ֆուտբոլը կզարգանա, երբ «Արարատ-73»-ը դուրս գա ֆուտբոլային դաշտից»:

«Հայաստանը շունչ կքաշի, երբ երեք նախագահներն էլ դուրս գան քաղաքականությունից… Այդ երեքն էլ բազմաթիվ անգամ օգտվել են ժողովրդի վստահությունից, բայց օգտվել են ոչ ի շահ պետության և ժողովրդի, ցավոք սրտի»,- նշեց նա:

Սակայն Գիմիշյանն ավելացրեց, որ, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը, որպես գործող նախագահ, կփորձի ապագայում «իրեն հարմար մարդու բերել», սակայն այդ մարդը, ըստ նրա, չի լինի առաջին կամ երկրորդ նախագահների թիմից: Իսկ վերջինների մասին նա կարծում է, որ «արդեն կարծես սերտաճել են»:

Կարդացեք նաև

«ՀԱԿ-ը «Բարգավաճ Հայաստանի» քարոզն է անում, «Բարգավաճը» կանգնում է ՀԱԿ-ի թիկունքին, նույն բանն են դարձել: Սա էլ պատահական չէ, 98-ին էլ Ռոբերտ Քոչարյանը պատահաբար չեկավ իշխանության»,- ասաց Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավարը:

Լրագրողներից մեկը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը ակտիվանալու համար ընտրել հենց այս պահը, երբ ընտրություններն արդեն ավարտվել են, իսկ գալիք ընտրություններին դեռ 4-5 տարի կա:

Այս հարցը Սոս Գիմիշյանն առաջին հերթին դիտարկեց Հայաստանի արտաքին քաղաքականության՝ Եվրոպա-Ռուսաստան երկընտրանքի ֆոնին և հիշեցրեց, որ Հայաստանը դեռևս 15 տարի առաջ՝ Քոչարյանի կառավարման շրջանում էր որդեգրել եվրոպական ուղին:

Սոս Գիմիշյանն առաջ քաշեց հետևյալ վարկածը. ըստ նրա՝ Քոչարյանի այսօրվա ակտիվանալը կարող է կապված լինել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցի հետ: Այսինքն՝ ընդդիմադիր ուժերը՝ «Հայ ազգային կոնգրեսը», «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը և «Ժառանգությունը» կփորձեն մինչև մայիս՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրումը, ստանալ Արևմուտքի աջակցությունը և հասնել իշխանափոխության:

«Այդ կոալիցիայում բոլորն էլ արևմտյան ուղղվածություն ունեն, այդ 4 ուժերը, որոնք կոչվում են ընդդիմություն, բայց այնտեղ ընդդիմություն չկա. բոլորի մանդատները Սերժ Սարգսյանի կողմից են տրված… Քոչարյանի ակտիվանալը նույնն է, ինչ ՀԱԿ-ի, «Բարգավաճ Հայաստանի» կամ Դաշնակցության ակտիվանալը: Նրանք հանդես են գալիս որպես մեկ թիմ… Ես առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանին համարում եմ արևմտամետ քաղաքական գործիչ, շատերի մոտ նստվածք կա, թե նա ռուսամետ գործիչ է, բայց ես նրան արևմտամետ եմ համարում: Ինձ համար ամենագլխավոր ցուցանիշը «Մեղրիի տարբերակն» է»,- այսպիսի հայտարարություն արեց Սոս Գիմիշյանը:

Այդուհանդերձ, մենք հարկ համարեցինք նկատել, որ Սոս Գիմիշյանի նշած 4 «արևմտամետ» ուժերից 3-ը՝ «Հայ ազգային կոնգրեսը», «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը, որևէ հստակ դիրքորոշում չեն հայտնել Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ և, ըստ էության, դեմ հանդես չեն եկել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն: Եվ միայն «Ժառանգությունն» հստակ կերպով դեմ խոսել Մաքսային միությանը՝ կողմ արտահայտվելով Ասոցացման համաձայնագրին:

Ի պատասխան՝ պարոն Գիմիշյանը պնդեց, որ բոլորն էլ կողմ են արտահայտվել Ասոցացման պայմանագրին, հետո ավելացրեց. «Ուրեմն լավ չեմ հիշում»:

Տեսանյութեր

Լրահոս