Բաժիններ՝

Հայ ծրագրավորողը մշակում է հայերեն խոսքի ճանաչման համակարգ

Ծրագրավորող Արտակ Բեգոյանը մշակում է խոսքի ճանաչման մի համակարգ (speech recognition), որը, նախևառաջ, նախատեսված է լինելու հայոց լեզվի համար, իսկ այնուհետև, որոշակի հաջողություններ ունենալուց հետո, արդեն մշակված սխեմաները կարող են կիրառվել նաև այլ փոքր լեզուների համար, որոնք կառուցվածքով կամ հնչյուններով  մոտ են հայերենին:

Ծրագրի հիմնական գործառույթը մարդկանց խոսքը լսելն ու այն տեքստի վերածելն է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ծրագրի հեղինակը` նշելով, որ այդ ամբողջ գործընթացն իրականում բավականին բարդ է, քանի որ դա ներառում է ոչ միայն արդեն գրանցված բառի հնչյունների վերածումը, այլ նաև պետք է պարունակի կոնտեքստային մշակում, որպեսզի համակարգը կարողանա արտաբերված բառերը, որոնք մարդիկ հաճախ արտասանելիս միմյանց են ասես կպցնում, միմյանցից ճիշտ առանձնացնել:

«Այսինքն, այն պետք է նախադասության բառերը, հնչյունները ստուգի, տառերը որոշի և ճիշտ առանձնացնի բառերը. այդ դեպքում միայն կարելի է դա համարել խոսքի ճանաչում»,- ասաց Ա. Բեգոյանը` նշելով, որ այս կերպ ծրագիրը կօգնի խոսքը վերածել տեքստի:

Նման ծրագրեր ստեղծվել են տարբեր լեզուներով` ռուսերեն, ֆրանսերեն և այլն, անգլերեն տարբերակը, որը մշակել է Apple-ի Siri-ն (նորաստեղծ ընկերություն, որը զբաղվում է խոսքի տեխնոլոգիայով, և այս ընկերությունը Apple-ը ձեռք է բերել 2010 թվականին.- Լ.Մ.) ըստ մեր զրուցակցի՝ 100%-ով չի աշխատում, թեև դրա համար բազմաթիվ տարբեր ծրագրեր են ստեղծվել:

Ըստ ծրագրավորողի` հայերենի համար նմանատիպ մեկ-երկու փորձ է իրեն հայտնի, սակայն ծրագրի վերջնական հաջողված որևէ նախագիծ դեռ չկա, որը կարող է աշխատել անկախ օգտագործողից, այսինքն` անկախ նրանից, թե օգտագործողն ինչ ձայնով է խոսում:

Իր մշակած համակարգի վրա այժմ մեր զրուցակից ծրագրավորողը փոքր ծրագրային աշխատանքներ է կատարում, սակայն մեծ ծավալի  ձայնագրություններ դեռ չեն կատարվում: Այդ հսկայական աշխատանքը միայնակ իրականացնելը բավական երկար ժամանակ կպահանջի նրանից, քանի որ ծրագրի իրագործման համար անհրաժեշտ է նաև համակարգչային լեզվաբանների օգնությունը:

«Մենք հիմա մի փոքրիկ խնդիր ունենք, որը ֆինանսական է: Այժմ թիմում երկու հոգի ենք. ես`որպես ծրագրավորող, և մեկ տնտեսագետ, ով զբաղվում է մարքետինգային հարցերով, սակայն կան համակարգչային լեզվաբաններ, այլ ծրագրավորողներ, ովքեր պատրաստ են մեզ օգնել, մեզ պարզապես գումարներ են հարկավոր»,- ասաց Ա.Բեգոյանը:

Հարցին, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ծրագիրն այժմ շատ նախնական փուլում է, փորձում եմ նախատիպը ստեղծել, ինչը, եթե ես առանց որևէ մեկի անեմ, այսինքն` առանց ֆինանսական ներդրումների, ինչ-որ ժամանակ կպահանջվի»: Նա նշեց, սակայն, որ ծրագրի վերջնական տարբերակը ստեղծելու երկու եղանակ կա` անվճար ծրագրային ապահովման օգտագործումը, կամ էլ այդ ծրագրերի բազան ամբողջությամբ ինքնուրույն գրելը: Առաջին տարբերակի համար, ըստ ծրագրավորողի` անհրաժեշտ է մոտ 75-100 հազար դոլար, իսկ եթե  ծրագրավորողներ վարձեն և ողջ այդ ծրագրային կառուցվածքն ինքնուրույն կատարեն, դա արդեն մոտ 2 անգամ ավելի  թանկ կարժենա. այդ արժեքի զգալի մասը նաև համակարգչային լեզվաբանների հետ աշխատանքին պետք է հատկացվի, որովհետև այդպիսի մասնագիտությամբ  հայերենին տիրապետող շատ քիչ մարդ կա:

«Երկու դեպքում էլ, եթե գումարը գտնվի, մոտ 1 տարին բավարար է բոլոր աշխատանքները կատարելու համար»,- ասաց Ա. Բեգոյանը` նշելով, որ որպես հիմնական պոտենցիալ գնորդ՝ իրենք դիտարկում են խոշոր կազմակերպությունների զանգերի կենտրոնները, օրինակ` բջջային օպերատորներին, քանի որ այլ ճանապարհով գումար ձեռք բերելը փոքր-ինչ դժվար է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս