Ծառուկյանը կպատասխանի ԲՀԿ համագումարում. «Ա1+»
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրների լուծման բանաձևը տվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ «Մեզ պետք է իրական քաղաքական, հասարակական կոնսոլիդացիա: Որևէ ուժ միայնակ չի կարող լուծել խնդիրները»։
«ԲՀԿ-ն ինքը չի ձգտում միանձնյա իշխանության: Հանուն ինչի` չի հասկացվում: ԲՀԿ-ն ՀԱԿ-ին, Դաշնակցությանը, Ժառանգությանը, ՀՀԿ-ի մի զգալի մասին համարում է քաղաքական գործընկերներ, այնտեղ կան կարող, պատրաստված և պարկեշտ մարդիկ: ԲՀԿ-ն համարում է, որ մեր երկրում կուսակցություններից դուրս կան բազմաթիվ պրոֆեսիոնալներ, որոնք հսկայական օգուտ կարող են տալ` լինելով պետական համակարգում: ԲՀԿ-ն գտնում է, որ արտերկում կան բազմաթիվ հայրենասեր ու հաջողակ հայեր, որոնք զգալի օգուտ կարող են տալ հայրենիքին: Մենք ունենք բոլոր հնարավորությունները` ուժեղ, ժամանակակից պետություն կառուցելու: Այդ դեպքում ինչու չենք կարողանում: Սա է հիմնական հարցը: Օրվա հոգսի, ծանր կյանքով ապրող մեր միլիոնավոր քաղաքացիներ պատասխանի են սպասում: ԲՀԿ-ն պետք է պատրաստ լինի մոտ ապագայում առաջարկել կոնկրետ պատասխաններ, կոնկրետ լուծումներ»,- ասել է Վ. Հովհաննիսյանը:
Պատգամավորը նաև նշել է, որ առաջիկայում տեղի է ունենալու Բարգավաճ Հայաստան կուսակցության համագումարը, որի ժամանակ նախատեսվում են որոշակի կառուցվածքային և կառավարման մեխանիզմների փոփոխություններ։ «Կուսակցությունը պետք է դառնա էլ ավելի դինամիկ, ունենա մարդկանց, ամենատարբեր սոցիալական խմբերի ամենօրյա խնդիրներին արձագանքելու և լուծումներ տալու գործուն մեխանիզմներ: Նման տասնյակ հարցերի համակարգումից էլ ձևավորվում է կուսակցության քաղաքական օրակարգը` լայն կոնսոլիդացիոն հնարավորություններով: Երբ դու պատրաստվում ես իշխանության, դու պետք է առավելագույնս համահունչ լինես ժողովրդի և հասարակության իրական խնդիրներին: Վստահ եմ` հենց համագումարում կլինի Գ. Ծառուկյանի ծրագրային ելույթը, որտեղ թե՛ կհնչեն կուտակված հարցերի պատասխանները, թե՛ կարվեն նոր հարցադրումներ»,- ասել է պատգամավորը:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում