«Եկե՞լ է «Ասիական ՆԱՏՕ» ստեղծելու ժամանակը. The Washington Times
Ամերիկյան The Washington Times թերթում հրապարակվել է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի նախկին գլխավոր հրամանատար և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի բարձրագույն ռազմական ներկայացուցիչ, պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Ա. Լայոնսի և Միջազգային գնահատման ու ռազմավարական կենտրոնի ավագ գիտաշխատող Ռիչարդ Դ. Ֆիշեր-կրտսերի «Եկե՞լ է «Ասիական ՆԱՏՕ» ստեղծելու ժամանակը» խորագրով հոդվածը, որում նշված է.
«Չինաստանի նոր նախագահ Սի Ծինփինը հրաժարվել է նախկին առաջնորդ Դեն Սյաոպինի զգուշավոր արտաքին քաղականությունից՝ «սպասել մեր ժամին՝ թաքցնելով մեր ունակությունները»: Նա գնալով ավելի շատ է ռազմական մարտահրավերներ նետում ԱՄՆ-ի ասիական դաշնակիցներին ու ԱՄՆ-ի առաջնորդությանը:
Այն բանից հետո, ինչ Պեկինը ՀՕՊ-ի իր բաժանարար գոտու մասին հայտարարեց Արևելա-Չինական ծովում, նա շարունակեց ահաբեկման մարտավարությունը՝ 2013 թվականի դեկտեմբերի 5-ին ուղիղ մարտահրավեր նետելով ամերիկյան Cowpens հրթիռակիր հածանավին:
Cowpens-ը հարկադրված է եղել անհապաղ ձեռնարկել խոչընդոտը շրջանցելու մանևր, որպեսզի խուսափի չինական ռազմանավի հետ բախվելուց: Չինաստանի ռազմածովային նավատորմը փորձել է շարժական 28 մղոնանոց «արգելված գոտի» ստեղծել իր առաջին ավիակրի («Լյաոնին») շուրջ՝ գտնվելով մարտական պատրաստության մեջ:
Եթե մենք ցանկանում ենք պահպանել մեր գերակա դիրքերը՝ Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում կայունության ու խաղաղության պահպանման համար, ապա մեզ անհրաժեշտ է նոր ռազմավարություն: «Ասիական ՆԱՏՕ-ն» կլիներ իդեալական տարբերակ, սակայն ներկայումս դա պարզապես իրատեսական չէ՝ կապված Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) երկրների միջև գոյություն ունեցող տարաձայնությունների հետ:
Եվ այնուամենայնիվ Հարավ-արևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ASEAN) երկրներն ու Ճապոնիան նախորդ տարվա դեկտեմբերի կեսին տեղի ունեցած անվտանգության թեմաներով գագաթաժողովում ցուցաբերեցին միմյանց հետ առավել սերտորեն համագործակցելու պատրաստակամություն՝ Չինաստանի ագրեսիվ գործողություններին դիմակայելու համար:
Տասնամյակներ շարունակ Չինաստանը նախընտրել է ծովային վիճելի գոտիների համար ցածր ինտենսիվությամբ հակամարտությունը և Թայվանի քաղաքական մեկուսացումը: Նա ապօրինի օբյեկտներ է կառուցել Հարավ-Չինական ծովում գտնվող կղզիներում, որոնց հավակնում է նաև Ֆիլիպինները, և Ճապոնիայի հետ հակամարտություն է փորձում հրահրել Արևելա-Չինական ծովում:
Ռազմական հզորության զանգվածային մեծացման պայմաններում Չինաստանը կարող է իր սովորական ռազմական հզորությամբ տիրել վիճելի կղզիներին և իր հրթիռային-միջուկային ուժերով զսպել ամերիկյան պոտենցիալ միջամտությունը (ինտերվենցիա):
ASEAN-ի բազմաթիվ երկրներ նախընտրում են ոչ ֆորմալ համագործակցություն պաշտպանական ոլորտում, ինչն ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս գործել որպես տարածաշրջանում տիրող իրավիճակի կայունացնող: ԱՄՆ-ը կարող է ընդլայնել ու խորացնել փոխադարձ պաշտպանության մասին արդեն իսկ գոյություն ունեցող երկկողմ պայմանագրերը:
Այդ պլանում որպես սկզբնական քայլ՝ պետք է ամեն տարի անցկացնել երկու տարին մեկ անգամ ԱՄՆ-ի հովանու ներքո անցկացվող ԱԽՏ-ի երկրների զորավարժությունները և մասնակիցներին հնարավորություն ընձեռել միանալու բազմակողմ պլանավորման շտաբին:
Զորավարժությունները պետք է անցկացվեն երկու մակարդակում. ռազմական կոորդինացիա և հումանիտար օպերացիաներ, ինչպես նաև աղետների հետևանքների վերացման օպերացիաներ: Թվային անվտանգ կապը պետք է տարածել այնպես, որ Չինաստանի շուրջն ընկած երկրներին հնարավորություն տա ռադարների և մյուս սարքերի տվյալները փոխանցի «կենտրոնական սերվերին»:
Նման մակարդակով ոչ ֆորմալ ռազմական համագործակցության իրագործումն ԱՄՆ-ից կպահանջի զինված ուժերի ու զսպման միջոցների արդիականացում ու ամրապնդում, միջուկային զինաթափաման դադարեցում և նոր օպերատիվ-տակտիկական բալիստիկ հրթիռների ու էներգետիկ զենքի ֆինանսավորման մեծացում:
Այդպիսի պատրաստությունը զգալիորեն կհամոզի ԱՄՆ-ի դաշնակիցներին ու բարեկամներին, որ ԱՄՆ-ի առաջատարությունն ամրապնդվելու է նոր ուժով»: