Բաժիններ՝

Ռուսաստան ժամանած ներգաղթյալները հանձնվում են աշխատուժի առևտրով զբաղվողների ողորմածությանը. Die Tageszeitung

Գերմանական Die Tageszeitung թերթն անդրադարձ է կատարել Ռուսաստանում ներգաղթյալների խնդիրներին. «Հետխորհրդային միջինասիական երկրներից միլիոնավոր բնակիչներ աշխատելու համար մեկնում են Ռուսաստան: Այդ երևույթի մասշտաբն այնպիսին է, որ սեզոնի թեժ պահին Ղրղզստանի ու Տաջիկստանի գյուղերում գործնականում չեն մնում աշխատունակ բնակիչներ:

Հասնելով նշանակման վայր՝ եկվորները հանձնվում են գործատուների և աշխատուժի առևտրով զբաղվողների ողորմածությանը, հարկադրված են ապրել սարսափելի պայմաններում՝ ենթարկվելով ոստիկանության ու ջարդարարների հալածանքներին:

Ղրղզստանի փոխարտգործնախարար Էրինես Օտորբաևը խոստովանել է, որ Բիրյուլևոյի իրադարձությունները վախեցրել են իրեն: Դրա հետ մեկտեղ նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը վիզային ռեժիմ չի սահմանի Կենտրոնական Ասիայի երկրների համար, քանի որ դա հակասում է ռուսական շահերին:

Ղրղզ քաղաքագետ Մարս Սարիևը հակված է տեղի ունեցածի համար ռուսական կողմին մեղադրելուն, քանի որ նա չի իրականացնում ինտեգրման քաղաքականություն: Նրա կարծիքով՝ խնդիրը մեխանիզմը կայանում է հետևյալում. ռուսական շինարարական ու առևտրի ոլորտը կառուցված է իրավազուրկ (անզոր) աշխատանքային ներգաղթյալներին շահագործելու վրա:

Ռուսաստանում հասարակական քննարկում է ծավալվում այդ թեմայով, որի ժամանակ անգամ թվացյալ դեմոկրատներն իրենց թույլ են տալիս հարձակումներ ներգաղթյալների վրա: Եթե Ռուսաստանում չդադարի մարդաորսը, ապա դա կարող է Կենտրոնական Ասիայում հանգեցնել հակառուսական ելույթների:

Ներգաղթյալների վաստակած գումարն էական աջակցություն է ոչ միայն նրանց ընտանիքների, այլև՝ նրանց երկրների տնտեսության համար: Օրինակ, Տաջիկստանի քաղաքացիները նախորդ տարվա առաջին ինն ամիսներին ռեկորդ են գրանցել Ռուսաստանից կատարած փոխանցումների ծավալով՝ ավելի քան 3 միլիարդ դոլար:

Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով՝ Ռուսաստանում աշխատում է մոտ 1.120.000 Տաջիկստանի քաղաքացի, և որ Ռուսաստանից Տաջիկստան կատարված դրամական բոլոր փոխանցումների առնվազն 95 տոկոսը կազմում է հենց ներգաղթյալների վաստակած գումարը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս