
1915թ. պաշտոնական գրություններով գիրք է հրապարակվել. Գերմանիան դեմ չի եղել հայերի ցեղասպանությանը

Կանադայում գործող Զորյան Ինստիտուտը հաղորդում է, որ լույս է տեսել երկար սպասված «Հայոց ցեղասպանությունը. վկայություններ Գերմանիայի արտաքին գործերի գրասենյակի՝ 1915-1916թթ. արխիվներից» գիրքը: Փաստերը հավաքագրվել և հրապարակվել են Վոլֆգանգ Գուստի կողմից: Գրքում հրապարակված են Օսմանյան Կայսրությունում Գերմանիայի արտաքին գործերի հյուպատոսարանի պաշտոնյաների կողմից ուղարկված զեկույցներ և հեռագրեր, որոնք ցնցող մանրամասներ են պարունակում Ցեղասպանության վերաբերյալ: Գրքում տեղ գտած սենսացիոն անվիճելի փաստերը ցույց են տալիս, որ պաշտոնական Գերմանիան դեմ չի եղել երիտթուրքերի կողմից պլանավորվող հրեշալի ոճրագործությանը: Կոնստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Կոմս Փոլ Վոլֆ-Մեթերնիխը (Paul Wolff-Metternich) իր՝ 1915թ. դեկտեմբերի 7-ին Գերմանիա ուղարկած և Կայսերական կանցլեր Թեոբալդ վոն Բեթման Հոլուեգին (Theobald von Bethmann Hollweg) հասցագրած նամակում գրում է.
«…Հայերի հետապնդման վերաբերյալ մեր դժգոհությունը պետք է բացեիբաց արտահայտվի մեր մամուլում, և դրանով պետք է վերջ դնել թուրքերի հանդեպ մեր փափուկ վերաբերմունքին:
Ինչին էլ որ նրանք հասնում են, դա մեր շնորհիվ է. դրանք մեր սպաներն են, մեր թնդանոթներն ու փողերն են… Որպեսզի հայերի հարցում հաջողության հասնենք, մենք պետք է թուրքական կառավարության շրջանում վախ տարածենք հետևանքների վերաբերյալ: Եթե մենք ռազմական նկատառումներով կոպիտ դիրքորոշում չդրսևորենք այս հարցում, ապա մեզ ոչինչ չի մնա անելու, քան ետ քաշվել և կողքից դիտել, թե ինչպես է մեր դաշնակիցը շարունակում կոտորածները»:
Պատասխան նամակում կանցլերը գրում է. «Պատերազմի ընթացքում դաշնակցին մասսայաբար նախատելը պատմության մեջ նախադեպը չունեցող գործողություն կլինի: Մեր միակ նպատակն է՝ մինչ պատերազմի ավարտը Թուրքիային մեր կողքին պահել՝ անկախ նրանից, թե դրա արդյունքում հայերը կոչնչացվե՞ն, թե՞ ոչ»: