Տիգրան Սարգսյանի բացահայտումը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր պատասխանում էր հայաստանյան մի քանի տասնյակ լրատվամիջոցների հարցերին։ Հանուն արդարության պետք է նշել, որ հարց տալու հնարավորություն ունեցան գրեթե բոլոր ԶԼՄ-ները։ Ասուլիսը տևեց ավելի քան 4 ժամ։
Ինչպես և սպասվում էր, վարչապետի պատասխանները հնարավորինս դիվանագիտորեն էին ձևակերպված և նորություն, որպես այդպիսին, բաց տեքստով չասվեց։
Այդուհանդերձ, վարչապետի պատասխաններից կարելի է «դուրս բերել» մի իրողություն, որի մասին առաջին անգամ է հայտարարվում։ Եվ այսպես, վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղվեց Հայաստանին մատակարարվող գազի գնի և «գազային համաձայնագրերի» մասին։
Տ. Սարգսյանը նախ՝ նշեց, որ «գազի պայմանագրերը հաջողված պայմանագրեր են, որովհետև դրանք ստորագրելով՝ Հայաստանի Հանրապետությունը ստացել է արտոնյալ պայմաններով գազ ստանալու հնարավորություն: Առաջին հերթին՝ դա նշանակում է, որ մեր քաղաքացիները և մեր տնտեսություն վարող սուբյեկտները երաշխավորված են այն թանկացումներից, որոնց առնչվում էին Մոլդովան, Ուկրաինան, Բելառուսը»:
Սակայն բացահայտումը պատասխանի երկրորդ մասում էր։ Առաջարկում ենք կարդալ ամբողջությամբ այս հատվածը Տ. Սարգսյանի պատասխանից. «Ինչպես էր բանակցվում սակագինը, և ինչու այս երեք տարիների ընթացքում մենք չէինք կարողանում հայտարարել մեր քաղաքացիներին, թե վերջիվերջո այս սակագինն այդ երեք տարիների համար ինչպիսին էր: Այն պարզ պատճառով, որ «Գազպրոմ» ընկերության կողմից մեզ առաջարկված սակագները մեզ համար անընդունելի էին, և այն բեռը, որ պետք է դրվեր մեր քաղաքացիների, տնտեսվարող սուբյեկտների վրա, այնպիսի բեռ էր, որ մենք ի վիճակի չէինք լինելու այդ բեռի տակից դուրս գալ, որովհետև 1000 խ մետր գազի համար 180-ից հասնել 270 դոլարի՝ մեզ համար, մեր տնտեսության համար կլիներ ուղղակի կործանարար: Իսկ մեզ առաջարկվում էր հենց այդ գինը ժամանակի ընթացքում: Ամեն տարի գազի գինը պետք է բարձրանար՝ հասնելով 310, 340 դոլարի սահմանի վրա, որը հասկանալի է՝ մեզ համար անընդունելի էր: Բանակցությունների այդ երեք տարիների ընթացքում քննարկվել են բազմաթիվ ձևեր, եղանակներ, մեթոդներ, թե ինչպես կարելի է այս խնդիրը լուծել, որպեսզի մեր սպառողների վրա գազի էական թանկացումներ չլինեն: Այդ բանակցությունները հնարավոր եղավ ավարտել միայն այս տարի, և մենք բոլոր հարցերի շուրջ եկանք համաձայնության: Հասկանալի է, որ «Գազպրոմի» և «ՀայՌուսգազարդի» հարաբերություններում առաջացել էին իրավական խնդիրներ, քանի որ Ռուսաստանի «Գազպրոմը» «ՀայՌուսգազարդին» մատակարարել էր այն գներով, որոնք իրենք որպես երկու տնտեսվարող սուբյեկտներ իրար հետ պայմանավորվել էին, բայց այդ պայմանավորվածություններին դեմ էր կառավարությունը: Դա էր պատճառը, որ կառավարությունը որոշում ընդունեց և կարգավորող հանձնաժողովին՝ Ռոբերտ Նազարյանին, խնդրեց, որպեսզի այդ սակագները կիրառվեն 30 տոկոսանոց զեղչով, քանի որ մենք բանակցությունների ընթացքում արդեն համաձայնության էինք գալիս, որ մեր նկատմամբ կիրառվելու են որոշակի զեղչեր: Այդ տարիների ընթացքում այն պարտքերը, որ կուտակել էր «ՀայՌուսգազարդը» «Գազպրոմի» նկատմամբ, դարձավ խնդիր, որը պետք է մենք լուծեինք»:
Սա, փաստորեն, լուրջ բացահայտում է։
Եթե հիշում եք՝ այդ օրերին քննարկվում էր հետևյալ հարցը՝ կառավարությունն ի՞նչ միջոցներով է սուբսիդավորելու այդ 30%-ը։ Որովհետև կառավարությունը հենց այդպես էր հայտարարել՝ 30%-ը կսուբսիդավորվի (զեղչերի մասին խոսք չկար)։ Այսինքն՝ սահմանի վրա գազը կարժենա ոչ թե 270 դոլար, այլ 189։ Տարբերությունը՝ 81 դոլարը, կառավարությունը վերցնում էր իր վրա։ Մոտավոր հաշվարկներով՝ այդ գումարը պետք է կազմեր տարեկան 150-170 միլիոն դոլար։ Ոմանք նշում էին, որ այդ գումարը վճարվելու է բյուջեից։ Մյուսները նշում էին, որ Ռուսաստանը դրամաշնորհ է տրամադրելու Հայաստանին։ Երրորդները նշում էին, որ այդ գումարը սուբսիդավորվելու է եվրապարտատոմսերի վաճառքի հաշվին։ Մի խոսքով՝ հնչում էին ամենատարբեր վարկածներ, և կառավարությունը որևէ հստակություն այդ հարցում չէր մտցնում։
Իսկ հիմա պարզ է դառնում, որ դեռ մայիսին կառավարությունը գիտեր՝ Ռուսաստանը կիրառելու է 30% զեղչ։ Իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ Հայաստանի նկատմամբ զրոյացնելու է էներգակիրների արտահանման վրա կիրառվող տուրքերը։ Ամեն ինչ այդպես էլ եղավ, և դա ներկայացվեց՝ որպես Մաքսային միությանը ՀՀ անդամակցության ցանկության արդյունք։ Ինչպես ժամանակին նշել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, դա գործընկերային քայլ էր ՌԴ-ի կողմից, քանի որ, «եթե դա պետք է տեղի ունենար Հայաստանի անդամակցությունից հետո միայն, այս պարագայում ունեցանք իրավիճակ, երբ ընդամենը երկկողմ հարաբերությունների մակարդակում այդ քայլը կատարվեց»:
Իսկ սա իր հերթին՝ նշանակում է, որ ՀՀ կառավարությունը դեռ մայիսին գիտեր, որ անդամակցելու է Մաքսային միությանը։ Իսկ մենք կարծում էինք, թե սեպտեմբերի 3-ի՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունն անակնկալ է եղել անգամ Տիգրան Սարգսյանի և կառավարության մի շարք այլ անդամների համար, ովքեր ակտիվորեն պրոպագանդում էին ԵՄ-ին ինտեգրվելու օգտին։
Ի դեպ, այս տեքստում մի հետաքրքիր բացահայտում էլ կա։ Որևէ բանակցություն էլ տեղի չի ունեցել։ Հայաստանը փորձել է բանակցել, իսկ Ռուսաստանը պարզապես արել է իր անելիքը և փաստացի թանկացրել է գազի գինը։ Վարչապետն ասում է՝ բանակցում էինք, որովհետև գազի նոր գինն անընդունելի բարձր էր։ Իսկ հետո ստիպված են եղել ընդունել այդ անընդունելի գինը, քանի որ իրենց վրա են վերցրել 300 միլիոն դոլարի պարտքի փաստը։