
Հարավային Կորեան մշակել է բազմանպատակ զենիթային համալիր

Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեան մշակել է բազմանպատակ զենիթային համալիր, որն ունակ է «երկիր-օդ» դասի հրթիռներով ու զենիթային հրանոթներով կործանել ցածր բարձրության վրա թռչող օբյեկտները:
Այս մասին հայտնել է Պաշտպանական գնումների պետական գործակալությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ նոր համալիրը, որի մարտունակության բարձրացման վրա քայլեր են ձեռնարկվել 2010 թվականից, իրենից ներկայացնում է K-30 ինքնագնաց հրանոթի (կրակոցի հեռահարությունը կազմում է 3 կիլոմետր) և «երկիր-օդ» դասի «Սինգուն» փոքր չափերով հրթիռների միահյուսում:
Այդ հրթիռային համալիրն ունակ է միաժամանակ կրակել երկու հրթիռով՝ խոցելու համար փոքր բարձրության վրա թռչող թիրախը: Գործակալությունը հաղորդել է, որ հրթիռային համալիրը հաջողությամբ անցել է բոլոր փորձարկումները: Զենիթա-հրթիռային համալիրի արտադրությունը կմեկնարկի 2014 թվականին: Այն Հարավային Կորեայի բանակի տրամադրության տակ կհայտնվի 2015 թվականին:
Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերի սկզբին Ադրբեջանի ու Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության գծով փոխըմբռնման հուշագիր:
Այս տարվա օգոստոսի վերջին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը ցանկանում է Հարավային Կորեայից գնել 3 միլիարդ դոլարի ժամանակակից սպառազինություն, սակայն Հարավային Կորեան Ղարաբաղյան հակամարտության պատճառով հրաժարվել էր զենք վաճառել Ադրբեջանին: