Արմեն Ռուստամյան. Մենք հզոր ենք, ուժեղ ենք, ժողովուրդը մեզ է ընտրում
«Մանդատներից հրաժարվելը նշանակում է մանդատները փոխանցել կոալիցիոն մեծամասնությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով հնչող առաջարկներին, թե խորհրդարանական ոչ իշխանական ուժերը քաղաքական ճգնաժամ ստեղծելու համար պետք է վայր դնեն իրենց մանդատները: Արմեն Ռուստմայանի կարծիքով՝ նրանք, ովքեր ընդդիմությանը կոչ են անում վայր դնել մանդատները՝ ծանոթ չեն Ընտրական օրենսգրքին:
«Խոսքը չի գնում միայն այս պատգամավորների հրաժարվելու մասին, որովհետև եթե պատգամավորները փոխվեն, հաջորդը ցանկով կգա ու դրանից ոչինչ չի փոխվի… խոսքը գնում է ամբողջ ցանկերը հանելու մասին, չորս կուսակցությունները պետք իրենց ցանկերը սպառեն, հրաժարվեն ցանկի մեջ բոլոր եկողները և առաջանա թափուր տեղի խնդիր: Դա լրացվելու է մյուսների համամասնությունը: Այսինքն՝ դատարկ չեն մնալու, եթե մենք հրաժարվենք, այդ նույն տեղերը իրենց ձայների համամասնության համապատասխան ստանալու են, իսկ դա ո՞ւմ է ձեռնտու: Իհարկե, ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ին:
Եվ չեմ բացառում, որ դրանից հետո ՕԵԿ-ն իրեն հայտարարի ընդդիմություն, դա չի բացառվում… փաստորեն մենք լրիվ մեր դաշտը, որտեղ պայքարը տանում ենք, այդ դաշտը թողնենք, հրաժարվենք և մենակ դուրս գանք փողոց, միանանք բողոքներին, ի՞նչ է դա տալու մեզ, ի՞նչ է ավելացնելու մեր ուժին: Երբ մեկն ինձ դա բացատրի, ես կհասկանամ: Հակառակը՝ եթե հիմա ակտիվություն է փողոցում, ինչի՞ շնորհիվ է ակտիվություն… այն բանի շնորհիվ, որ ԱԺ-ում չորս կուսակցությունները սկսել են գործընթաց, և այդ գործընթացն ուղղորդում է հասարակական պայքարը»:
ՀՅԴ պատգաավորի համոզմամբ՝ իշխանությունների համար ամենացանկալի տարբերակը հենց ոչ իշխանական ուժերի մադատները վայր դնելը կլինի: Դրա համար էլ, ըստ նրա, «գալիս այստեղ գոռում են, որ ով մանդատը չդնի, նրանց նման է»:
«Իշխանություններին հենց դա է պետք, որ բոլորը հավասապես վարկաբեկվեն ու գորշություն առաջանա: Իրենք այդ ոճը կիրառել են անընդհատ. թույլ են, էս են, էն են, բայց մենք հզոր ենք, ուժեղ ենք, ժողովուրդը մեզ է ընտրում, իրենք առաջնորդվում են մյուսներին նսեմացնելով ու սևացնելով»,- ավելացրեց Արմեն Ռուստամյանը: