2013 թվականն ապացուցեց, որ Պուտինը PR-ի իսկական գիտակ է. The Huffington Post
Ամերիկյան The Huffington Post պարբերականի մեկնաբան Ռոն Թորոսյանը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցնող 2013 թվականին իրեն դրսևորել է ինչպես PR-ի իսկական գիտակ և տարել է բազմաթիվ դիվանագիտական հաղթանակներ.
«Վլադիմիր Պուտինը, որին Forbes պարբերականը ճանաչեց որպես աշխարհի ամենաազդեցիկ մարդ, ցույց տվեց, որ իրեն օտար չէ մարդկային լինելը: Նա ներում շնորհեց Միխայիլ Խոդորկովսկուն, և վերջինս կարողացավ տեսնել իր հիվանդ մորը:
Սեպտեմբերին Վլադիմիր Պուտինը հոդված է հրապարակել The New York Times թերթում, որում ամերիկացիներին կոչ է արել հանդես գալ Սիրիայի ներխուժելու ԱՄՆ-ի նախաձեռնության դեմ: Ընդ որում, հոդվածը հրապարակվեց հեռուստատեսությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդես գալու հաջորդ օրը:
Ո՞վ կարող էր կարծել, որ Ռուսաստանը կօգտագործի ամերիկյան ԶԼՄ-ները՝ պատերազմը կանխելու համար: Վլադիմիր Պուտինին հաջողվեց իրեն ներկայացնել որպես խաղաղասեր և Սիրիայի պաշտպան: Ռուսաստանը հնարամտորեն օգտագործեց նաև Էդվարդ Սնոուդենին և ապացուցեց, որ ԱՄՆ-ն ունի բազմաթիվ ագրեսիվ մտադրություններ:
Դրա արդյունքում Բարաք Օբամայի վարչակազմը համայն աշխարհում բախվեց դիվանագիտական բազմաթիվ խնդիրների: Հիանալի PR քայլ էր նաև Ժերար Դեպարդիեին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելը: Օտար ԶԼՄ-ները գրեցին, որ Ռուսաստանում եկամտահարկը կազմում է 13 տոկոս:
Ռուս փոխվարչաետներից մեկը Twitter-ում գրեց. «Արևմուտքում վատ գիտեն ռուսական հարկային համակարգի առանձնահատկությունները: Երբ իմանան, այն ժամանակ վրա կհասնի հարուստ եվրոպացիների կողմից Ռուսաստան զանգվածային ներգաղթի ժամանակաշրջանը»:
Նմանատիպ PR քայլերը քիչ չէին: Դրանց թվում էին Վլադիմիր Պուտինի կիսամերկ զբոսանքը Սիբիրում և ծովի հատակ սուզվելը, ուր պետության ղեկավարը հայտնաբերեց երկու հին սկահակ: Ավելի ուշ պարզվեց, որ դրանք նախապես այդտեղ գցել էին նախագահի PR-ով զբաղվողները:
Դա ավելորդ անգամ ապացուցում է, որ Պուտինը հիանալի է գլուխ հանում PR-ից: Վլադիմիր Պուտինն անում է այն, ինչը լավագույնն է համարում իր երկրի համար, անգամ, երբ Արևմուտքն այլ կարծիքի է: Նախագահն արդեն իսկ քանիցս ապացուցել է, որ նա PR-ի հիանալի ստրատեգ է»: