Բաժիններ՝

Բուժիչ ժպիտներ

Կրկին համեցեք
Ռոսինին ճաշի էր մի տիկնոջ մոտ, որն ամեն ինչ մատուցում էր մեծ խնայողությամբ, և Ռոսինին սեղանից վեր է կենում քաղցած։
Տանտիրուհին սիրալիր դիմելով նրան` ասում է.
– Խնդրում եմ ձեզ, կրկին համեցեք ինձ մոտ ճաշի։
– Մեծ հաճությամբ,- պատասխանում է Ռոսինին,- թեկուզ հենց հիմա։

Մոցարտին միշտ էլ սիրով են լսում
Ոմն երիտասարդ կոմպոզիտոր Յոհան Շտրաուսի համար նվագում է իր նորավարտ բալլադը։
– Հիանալի ստեղծագործություն է,- ասում է Շտրաուսը,- սակայն որոշ տեղեր հիշեցնում են Մոցարտին։
– Ոչի՛նչ,- հպարտությամբ պատասխանում է կոմպոզիտորը,- Մոցարտին միշտ էլ սիրով են լսում։

Ինչ արած
Վաղնջական ժամանակներում արքայի հորինած երգերը գրադատելու համար քննադատին բանտ են նետում։ Պատժի ժամկետը լրանալուց հետո խեղճ քննադատը նորից է հրավիրվում «նորին մեծություն» հեղինակի մոտ։
– Դե՛, սիրելիս, այս անգամ ի՞նչ կասեք իմ ստեղծագործության մասին,- հարցնում է արքան։
Քննադատը` խոր հոգոց հանելով, դառնում է արքային և ասում.
– Ձերդ մեծություն, խնդրում եմ կրկին բանտարկել ինձ։

Երկխոսություն
Ֆեոդոր Իվանովիչ Շալյապինը միշտ զայրանում էր այն մարդկանց վրա, որոնք արտիստի մասնագիտությունը դյուրին էին համարում։
– Նրանք ինձ հիշեցնում են այն կառապանին,- ասում է երգիչը- որն ինձ տանում է Մոսկվայով։
«- Իսկ դու, պարո՛ն, ինչո՞վ ես զբաղվում,- հարցնում է նա։
– Դե, երգում եմ։
– Ես այդ չեմ ասում։ Ես հարցնում եմ, թե որպես ի՞նչ ես աշխատում։ Թե չէ` երգե՛լ. մենք բոլորս էլ երգում ենք. ես էլ եմ երգում, երբ տխուր եմ լինում»։

Կարդացեք նաև

«Վրեժի» ծարավըGiorcesRossini1

Մի անգամ Ռոսինին թատրոնում իր հարևանի ականջին շշնջում է.
– Երգիչը չափազանց վատ է երգում, կյանքում առաջին անգամ եմ լսում նման երգեցողություն։

– Գուցե դո՞ւրս գաք,- առաջարկում է հարևանը։
– Ո՛չ մի դեպքում,- աշխույժ պատասխանում է Ռոսինին,- չէ՞ որ երրորդ գործողության մեջ հերոսուհին պետք է սպանի նրան։

Ամեն ինչ անտեղի
Մի երիտասարդ կոմպոզիտոր, գալով Ռոսինիի մոտ, ցույց է տալիս իր նոր ստեղծագործությունը և խնդրում նրա կարծիքը։
Ռոսինին ուշադրությամբ պարտիտուրան նայելուց հետո, ժպտալով պատասխանում է.
– Դե ինչ. ձեր ստեղծագործության մեջ կա և՛ գեղեցիկը, և՛ նորըգ Բայցգ Ձեր գործում այն, ինչը գեղեցիկ է, նորություն չէ, իսկ ինչը նոր է, ավա՜ղ, գեղեցիկ չէ։
Թանկարժեք արձանը
Իտալիայի Պեզարո քաղաքի քաղաքապետությունը Ռոսինիի մոտ պատվիրակություն է ուղարկում, որը նրան հայտնում է քաղաքի գլխավոր հրապարակում կոմպոզիտորի բրոնզյա արձանը կանգնեցնելու որոշման մասին։
– Իսկ որքա՞ն է արժենալու արձանը,- հարցնում է Ռոսինին։
– Քսան հազար լիր,- հայտնում են պատվիրակները։
– Ես հաճույքով ինքս կկանգնեի այդ պատվանդանին, եթե այդ գումարը տրվեր ինձ,- առաջարկում է Ռոսինին։

«Դա զուտ ճշմարտություն է»
– Մաեստրո, ճի՞շտ է, որ դաշնակահար պետք է ծնվել,- մի անգամ Լիստին է դիմում մի սկսնակ դաշնակահարուհի։
Լիստը ժպտում է.
– Դա զուտ ճշմարտություն է, տիկի՛ն. չծնված` հնարավոր չէ դաշնամուր նվագել։

«Ցնցող տպավորություն»
Լիստը Բեռլինում ունենալիք համերգից առաջ իր մոտ է հրավիրում տեղի երկու ներհակ քննադատների։
Նրանց համար կատարելով համերգային իր ծրագիրը, հեղինակը քննադատներին խնդրում է.
– Պարոնա՛յք, կարող եք հայհոյել, կարող եք գովել, դա ձեր գործն է, սակայն խնդրում եմ, այս անգամ բացառություն արեք և իմ մասին հակասական կարծիքներ մի հայտնեք։
Եվ Բեռլինի երաժշտական հասարակայնության վրա ցնցող տպավորություն գործեցին Լիստի համերգից հետո մամուլում հայտնված` քննադատների դրվատանքի միատեսակ գրախոսականները։

Ճշգրիտ հաշվարկ
Երբ Ջուզեպպե Վերդին ավարտում է «Տրուբադուրը», հրավիրում է իր նշանավոր քննադատ բարեկամներից մեկին և ծանոթացնում օպերայի մի քանի կարևոր հատվածներին։
– Դե, ինչպե՞ս է,- հարցնում է կոմպոզիտորը։
– Անկեղծորեն պետք է ասեմ, որ անասելի վատ տպավորություն թողեց։
Ուրախացած Վերդին բացականչում է.
– Որքան երախտապարտ եմ, որքա՜ն երջանիկ։ Եթե դուք չեք հավանում, ուրեմն` հասարակությունն անկասկած կհավանի։

Միանգամայն հակառակը
– Ի՞նչ տարբերություն լավ և վատ դիրիժորների միջև,- մի անգամ հարցնում են Բյուլովին։
Լավ դիրիժորը պարտիտուրան պահում է գլխի մեջ, իսկ վատ դիրիժորը` գլուխը` պարտիտուրայի մեջ,- պատասխանում է Բյուլովը։

«Կարելի է ընդօրինակել»
Գերմանացի նշանավոր կոմպոզիտոր Յոհաննես Բրամսը վատ հռետոր էր։
Նրա առաջին սիմֆոնիայի (որը Բյուլովն անվանում էր «Բեթհովենի 10-րդ սիմֆոնիա» (Բեթհովենը գրել է 9 սիմֆոնիա) կատարումից հետո կազմակերպվում է խնջույք, որին մասնակցում է նաև չեխ թավջութակահար, կոմպոզիտոր Դավիդ Պոպպերը։
Բրամսին խնդրում են ելույթ ունենալ, և նա սկսում է այսպես.
– Պարոնա՛յք, երաժշտություն ստեղծելը շատ դժվար գործ էգ Այո՛, շատ դժվար,- այս խոսքերը նա կրկնում է մի քանի անգամ, երևի չիմանալով, թե ինչպես շարունակել։ Վերջապես, կծու հեգնանքով, ավելացնում է.
– Սակայն ընդօրինակելն անհամեմատ հեշտ է. այդ մասին ավելի մանրամասն կարող է հաղորդել իմ բարեկամ Պոպպերը։
Վերջինս կանգնում և ծիծաղելով ասում է.
– Պարոնայք, իմ բարեկամ Բրամսը հաստատում է, որ ես ընդօրինակելու մեջ մասնագետ եմ։ Չգիտեմ, որքանով է ստույգ, միայն գիտեմ, որ միակ կոմպոզիտորը, որին կարելի է ընդօրինակել, Բեթհովենն է։ Սակայն այդ մասին ավելի մանրամասն կարող է պատմել Բրամսը։

Հարևանցի քննադատությունJohannesBrahms
Երաժշտական մի քննադատ, Բրամսի հետ արտաքնապես պահպանելով ամենալավ հարաբերություններ, երբեմն առիթը բաց չէր թողնում թեթևակի հեգնելու նրան։
Մի անգամ, երբ քննադատն ու կոմպոզիտորը զբոսնում էին Վիեննայի զբոսայգիներից մեկում, քննադատն ասում է.
– Կանցնի հարյուր տարի, և այստեղ, այս հիասքանչ ծառուղում վեր կխոյանա հռչակավոր կոմպոզիտոր Բրամսի արձանը, որով մարդիկ կհիանան ու կասեն. «Տեսնես ո՛վ է»։

Միակ արժանիքը
Սկսնակ մի կոմպոզիտոր, դիմելով Բրամսին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը։
Բրամսն ուշադիր նայում է պարտիտուրան, գլուխն օրորում, շփում մորուքը և, վերջապես, բարեսրտությամբ հարցնում.
– Որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ։

«Ներեցե՛ք, վաղը դասախոսություն ունեմ»
Մի անգամ Բորոդինն իր մոտ է հրավիրում ընկերներին։ Նվագում է իր ստեղծագործություններից, ընթրում, զրուցում։
Հանկարծ Բորոդինը տեղից վեր կենալով հագնում է վերարկուն և հրաժեշտ տալիս ընկերներին։
– Ալեքսանդր Պորֆիրևիչ, ո՞ւր եք գնում։
– Ներեցե՛ք, տուն գնալու ժամանակն է, ցտեսություն, վաղը դասախոսություն ունեմգ
Պայթում է ընդհանուր ծիծաղ, որից հետո միայն տանտերը հասկանում է, որ ինքն իր տանն է։

Որքա՛ն կարևոր է` լինել նրբանկատ
Մի հայտնի երգչի համերգի ժամանակ Մարկ Տվենն իր կողքին նստած տիկնոջ ականջին ծիծաղելով ինչ-որ բան է շշնջում։ Համերգից հետո, մտնելով հարդասենյակ, որպեսզի երգչին շնորհավորի, վերջինիս տեսնում է խիստ զայրացած։
– Ողորմած տեր,- զսպելով բարկությունը` գրողին է դիմում երգիչը,- դուք վատ եք դաստիարակված. ձեր պատմվածքները կարդալիս ես ինձ թույլ չեմ տա ծիծաղել։

Գլխավոր դերում
Անվանի մի տիկին Մարկ Տվենին հրավիրում է իր օթյակը և ամբողջ ներկայացման ընթացքում նրան ձանձրացնում իր խոսակցությամբ։
– Գուցե մենք հաջորդ անգամ միասի՞ն կգնանք «Տոսկայի» ներկայացմանը։
– Օ՜, դա շատ հետաքրքիր կլինի։ Ես ձեզ ոչ մի անգամ «Տոսկայում» չեմ լսել,- պատասխանում է Մարկ Տվենը։

Կենդանական աշխարհը` հարցականի տակ
Չեխ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակն աչքի է ընկնում իր արտակարգ բարեխղճությամբ և նրբանկատությամբ։
Երբ «Արմիդա» օպերայի լիբրետոյի վրա աշխատելիս` նա, վերջին անգամ, փութաջանորեն ստուգում է բնագիրը, որպեսզի խուսափեր որևէ անհեթեթությունից, հասնելով այն հատվածին, որտեղ նժույգին հեծած ընթանում է ասպազեն ռազմիկը, հանկարծ մտասույզ կանգ է առնում և հարցնում իր բարեկամին.
– Ի՞նչ ես կարծում, իսկ այն ժամանակ գոյություն ունեի՞ն ձիեր։

Ուղղում
Մի մարդ անամոթաբար Մասնեին ասում է.
– Տարօրինակ է, դուք այնպես լավ եք արտահայտվում կոմպոզիտոր Ռեյի մասին, իսկ նա ձեզ հայհոյում է։
– Բա՛յց մեզնից ոչ մեկն էլ չի ասում այն, ինչ մտածում է։

«Ես ձեր պառավը չեմ դառնա»
Մի անգամ Մասնեին է դիմում մի սկսնակ երիտասարդ կոմպոզիտոր և խնդրում լսել իր ստեղծագործությունը։
– Որպես կանոն` Մոլիերն իր նոր թատերկերը ընթերցում էր մի պառավի, ուշի-ուշով լսում և կատարում նրա դիտողությունները, որի հետևանքով և ունենում էր փայլուն հաջողություններ,- և եթե դուք, մաեստրո, գնահատեք իմ երաժշտությունը, այն բոլորի կողմից կընդունվի առանց առարկության։
– Մինչ դուք Մոլիեր չդառնաք, ես ձեր պառավը չեմ դառնա,- պատասխանում է Մասնեն։

Բացառություն
Նիկոլայ Անդրեևիչ Ռիմսկի-Կորսակովն իր պարապմունքներից մեկի ժամանակ աշակերտներին բացատրում է, որ սիմֆոնիայի կամ սոնատի վերջին մասն անպայման պետք է լինի արագ տեմպով։
– Իսկ ինչո՞ւ Չայկովսկու Վեցերորդ սիմֆոնիայի չորրորդ մասը գրված է դանդաղ տեմպով,- հարցնում է Մ.Ֆ. Գնեսինը։
Պրոֆեսորը մի պահ լռում է, ապա հանդիսավորությամբ պատասխանում.
– Բացառություն կարելի է, եթե այն հանճարեղ է։

Շնորհակալություն
Իտալացի կոմպոզիտոր Ռուջերո Լեոնկավալոն իր «Պայացներ» օպերայի անդրանիկ ներկայացման ժամանակ նկատում է, որ դահլիճում մի ինչ-որ լոնդի (լողլող մարդ) հայտնվեց հեծյալի հագուստով` հագած խթանակիր երկարաճիտ կոշիկներ։ Կոմպոզիտորը մոտենում է անծանոթին և քաղաքավարի շնորհակալություն հայտնում։
– Ինչի՞ համար,- զարմացած հարցնում է զինվորականը։
– Օ՜, ա՛յն բանի, որ դուք ձեզ հետ չեք բերել նաև ձեր ձի՛ն,- պատասխանում է կոմպոզիտորը։

Յուրաքանչյուրին` ըստ պատշաճի
Բելգիացի ջութակահար Էժեն Իզաին մի անգամ Բրյուսելում իր մի համերգից հետո հրավիրվում է կոշիկի մի մեծ գործարանատիրոջ տուն` ընթրիքի։ Ընթրիքից հետո տանտերն Իզաիին խնդրում է մի բան նվագել։
– Հաճույքով,- պատասխանում է Իզաին,- հա՛, ի դեպ, եթե դուք ինձ մոտ հյուր գաք, ես ձեզ կխնդրեմ, որ իմ ոտքի չափսը վերցնեք։

Ճշտապահություն
Լեհ հայտնի դաշնակահար Իգնացի Պադերևսկին հրավեր է ստանում, որտեղ գրված է լինում. «… կինս Ձեզ համար կկատարի իր ստեղծագործություններից, դուստրս ռոմանսներ կերգի, իսկ որդիս ջութակ կնվագի։ Երեկույթից հետո, երեկոյան ժամը տասին, կսկսվի խնջույք»։
«Մեծապես շնորհակալ եմ։ Հրավերն ընդունում եմ։ Ճիշտ ժամը տասին ներկա կլինեմ»,- պատասխանում է Պադերևսկին։

Ընդունակ աշակերտուհին
Մի անգամ Պադերևսկին ժամանում է ամերիկյան մի փոքրիկ քաղաք։ Զբոսանքի ժամանակ նա մի անշուք տնակի պատին կարդում է. «Միսս Ջոնսը դաշնամուրի դասեր է տալիս։ Դասը մեկ դոլար»։
Հենց այդ պահին ուսուցչուհին, կոպիտ սխալներով, նվագում է Շոպենի նոկտյուրնը։ Պադերևսկին մտնում է ներս և լուռ նստելով դաշնամուրի առաջ` նվագում է նոկտյուրնը։
Հաջորդ օրը, երբ Պադերևսկին դարձյալ կանգ է առնում ծանոթ տան առջև, տեսնում է մի մեծ ցուցանակ.
«Միսս Ջոնս` հռչակավոր Պադերևսկու աշակերտուհին։ Դասը հինգ դոլար»։

Պատրաստեց ՋՈՒԼԻԵՏԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս