Լևոն Զուրաբյան. Այն ժամանակ փոթորիկը դրսում էր, իսկ հիմա փոթորիկ է և՛ խորհրդարանում, և՛ դրսում

«Դա մի անիմաստ թեմա է, որը հենց այն պահին է ներմուծվում, երբ խորհրդարանում իրավիճակը հեղափոխվել է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով այն առաջարկներին, թե ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները պետք է վայր դնեն իրենց մանդատները` խորհրդարանական ճգնաժամ ստեղծելու համար: «Հենց այն պահին, երբ Հանրապետական մեծամասնությունը կորցնում է վերահսկողությունը պառլամենտի նկատմամբ, դարձել է ապշած, չգիտեն` ոնց վերահսկեն, ինչ-որ տարօրինակ ուժեր սկսում են խոսել մանդատները վայր դնելու մասին»,- նշեց նա:

Լևոն Զուրաբյանը նկատեց, թե ոչ իշխանական ուժերի մանդատները վայ դնելու քայլը ուրիշ ոչինչ չի տա, քան ԱԺ-ում ՀՀԿ-ական մեծամասնության թվի ավելացումը: «Մանդատները վայր դնելուց հետո ամբողջ ԱԺ-ն կդառնա Հանրապետական, ուրիշ բան չի լինի: Այն, թե իբր մանդատները դնելու հետևանքով կառաջանա սահմանադրական ճգնաժամ, իրականությանը չի համապատասխանում, չկա նման բան: Անգամ, եթե հրաշքով ոչ իշխանական ուժերի պատգամավորները բոլորը համաձայնեն հրաժարվել մանդատներից, միևնույն է՝ դա չի խափանի ԱԺ գործունությունը, հակառակը` ԱԺ-ն կդառնա Հանրապետական: Հիմա ի՞նչ է` սա՞ են ուզում: Այո, սա են ուրեմն ուզում»,- նշեց նա:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, ուստի հորդորեց պահանջել ոչ թե իրենցից, այլ` ՀՀԿ-ականներից՝ վայր դնել իրենց կեղծ մանդատները: «Մեր մանդատները միակն են, որոնք ժողովրդական են: Փոխանակ պահանջեն, որ ՀՀԿ-ականները մանդատները վայր դնեն, պահանջում են, որ մանդատները վայր դնեն նրանք,  ովքեր ժողովրդի քվեն են ստացել: Սա ի՞նչ աբսուրդ բացատրություն է և իմաստը ո՞րն է: Եթե իմանամ, որ գոնե մեկ հարց դրանով կլուծվի, ես առաջինը կդնեմ իմ մանդատը: Թող գոնե մեկը ինձ գա ապացուցի, որ մանդատ դնելով հօգուտ ժողովրդի հարց կլուծվի»,- վստահեցրեց ՀԱԿ պատգամավորը:

Նա ընդգծեց, թե 1998 թվականից սկսած խորհրդարանական ոչ իշխանական ուժերի նման միավորում տեղի չի ունեցել, ապա ասաց. «Բոլոր սկեպտիկներին ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը մեկ կամ երկու տարի առաջ նրանք պնդում էին, որ ԲՀԿ-ն ընդամենն իշխանության մաս է, որ իշխանության դեմ չէ, որ ամենասկզբունքային պահերին ԲՀԿ-ն ցույց է տալու իր իրական դեմքը… բայց հիմա մենք տեսնում ենք, որ ամենակարևոր ու ամենալուրջ պահին չորս խմբակցությունները միավորվեցին` ջարդուխուրդ անելով բոլոր վայ-վերլուծականների կանխատեսումներն առ այն, որ ԲՀԿ-ն իրականում իշխանություն է, որ խորհրդարանում հավաքված են պրոռուսական ուժեր, որոնք երբեք դեմ չեն քվեարկի «Գազպրոմի» շահերին դեմ և այլ բարբաջանքներ էին հնչեցնում»:

Մեր հարցին, թե այդ դեպքում, ինչո՞ւ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն չի հայտարարում, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Դուք շատ տեխնիկական հարցի մեջ եք մտնում, որովհետև թե ոնց է ԲՀԿ-ն իրեն տեղավորում քաղաքական դաշտում՝ այնպիսի հարց չէ, որ ես պետք է մեկնաբանեմ: Ինձ հետաքրքրում է այն, թե շատ կոնկրետ հարցերի շուրջ քաղաքական ուժն ինչպես է դիրքավորվում, ինչպես է իրեն պահում: Ակնհայտ է` բոլոր սկզբունքային հարցերում, ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, հակամենաշնորհային մեր հարցապնդմանը, Մարտի մեկի սպանությունների շուրջ հանձնաժողովի ստեղծմանը, պետական բյուջեին և այլ հարցերում չորս խմբակցություն եղել են միասնական` ի հեճուկս բոլոր սկեպտիկների, ովքեր Կոնգրեսին մեղադրում էին, ասում էին, թե իրատեսական չէ, չեք կարողանալու միավորվել, ովքեր ծաղրում էին… դե հիմա` լավ է ծիծաղում նա, ով ծիծաղում է վերջինը»:

Իսկ խորհրդարանական ուժերի միավորման հարցում, ըստ Զուրաբյանի, ՀԱԿ-ը շատ լուրջ դեր կատարեց: Նա նշեց, թե խորհրդարանում ներկայացվածություն ապահովելուց հետո իրենք փոխեցին ԱԺ մթնոլորտը: «Ինքնագովեստ չհնչի, բայց պետք է արձանագրել, որ Կոնգրեսի մուտքով պառլամենտ, մթնոլորտը փոխվել է, փոխվել է, թե խորհրդարանում, թե դրսում: Որևէ մեկը կարո՞ղ է վիճարկել. բոլորն այստեղ միայն դա են խոսում, անգամ պառլամենտի աշխատակազմն է ասում, որ ԱԺ-ն ՀԱԿ-ի մուտքով հեղափոխվել է: Նման կայուն փոփոխություն 98 թվականից սկսած չի եղել: Այս բոլոր ուժերը մինչև Կոնգրեսը գալը ԱԺ-ում կային: Այն ժամանակ փոթորիկը դրսում էր, ոչ թե խորհրդարանում, իսկ հիմա փոթորիկ է և խորհրդարանում, և դրսում: Երբ երկու փոթորիկները միավորվեն, կտեսնեք` ինչ մեծ արդյունք կգրանցվի»:

Նա հավելեց, թե իրենք ունեն ժողովրդի վստահությունը. «Մեր բերանը մի րոպեում կփակեին, որովհետև մենք շատ խոցելի կլինեինք, ինչքան էլ խիզախ լինեինք, մեզ կվերացնեին, բայց մենք չենք վախենում, որովհետև մեր թիկունքում կանգնած է ժողովուրդը: Եթե ժողովուրդը կանգնած չլիներ, մենք ավարտված կլինենք ու ես անձամբ մի րոպե չեմ շարունակի իմ գործունեությունը խորհրդարանում, եթե զգամ, որ այդ աջակցությունը չկա»:

Տեսանյութեր

Լրահոս