
«Նման իրավիճակ չի եղել, որ ձեռքով քվեարկենք ու դրա համար առանձին արձանագրություն կազմվի»

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղեկալ Հովհաննես Մարգարյանը իր պատգամավորական գործունեության ընթացքում չի հանդիպել, որ քվեարկությունը ձեռքով անցկացնելուց հետո Հաշվիչ հանձնաժողովն արձանագրություն կազմի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Մարգարյանը:
«Մեր պրակտիկայում ես ականատես եմ եղել նման որոշումների կայացմանը և նման իրավիճակ չի եղել, որ ձեռքով քվեարկենք ու դրա համար առանձին արձանագրություն կազմվի, Հաշվիչ հանձնաժողովում որոշում կայացվի»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ երեկ`այն բանից հետո, երբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ԱԺ դահլիճում հավաքեց ՀՀԿ-ական պատգամավորների գրանցման քարտերը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց բաց` ձեռքով քվեարկության մասին:
Նման դեպքերում, ԱԺ կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով՝ էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում, ձայները հաշվում է Հաշվիչ հանձնաժողովը, որի 7 անդամներից 4-ը հաշվման կամ քվեարկության հետ կապված որևէ գործողության չեն մասնակցել: ԱԺ կանոնակարգ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն էլ, Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ. այսինքն՝ յոթ անդամից առնվազը 4-ի կողմ լինելու դեպքում:
Երբ Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ընդդիմության փաստարկները ճի՞շտ չեն, որ արձանագրությունը չէր կարող կազմվել Հաշվիչ հանձնաժողովի կողմից, նա այսպես պատասխանեց. «Երեկ ԱԺ նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, որ այլևս արձանագրված է` 72 պատգամավոր կողմ է քվեարկել քվեարկությանը: Այս հարցով ընդդիմադիրները կարող են դիմել ու արձանագրությունը ԱԺ-ից ստանալ: Կարծում եմ` այդ իրավունքն ունեն, կարող են դիմել համապատասխան պարզաբանումներ ստանալու համար»: