Հայ մասնագետներն առաջարկում են բնակարանը տաքացնել գազից և էլեկտրաէներգիայից էժան բիովառելիքով
Բուսական ծագման ցանկացած բան` եղեգ, ցողուն, տերև, խոտ. այսինքն` ցանկացած բիոզանգված, փոքր-ինչ չորացնելու և հատուկ բրիկետավորման սարքի միջոցով սեղմելու արդյունքում կարելի է ստանալ բավականին պինդ, նույնիսկ փայտից ավելի խիտ վառելիք, որը երկար և հավասարաչափ այրվում է: Այն քարածուխին գրեթե հավասար ջերմություն է արձակում, իսկ ջերմատվությունը քարածուխի պես է, շատ ավելի մեծ է, քան փայտը: Բացի այդ, նոր տեսակի վառելիքն ունի նաև մի շարք առավելություններ. այն ավելի երկար է վառվում և էկոլոգիապես ավելի մաքուր է, դրանից ստացված մոխիրն ավելի քիչ է լինում և ավելի մանր, ինչը հետագայում կարելի է օգտագործել` նաև որպես պարարտանյութ:
Այս նոր տեսակի վառելիքը` բիովառելիքը, Հայաստանում առաջարկում են մի խումբ հայ ինժեներներ, ովքեր ուսումնասիրել են և պարզել, որ այս եղանակով տան ջեռուցումը շատ ավելի ձեռնտու է: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Բարվա» ինովացիոն կենտրոնի փոխտնօրեն Խաչատուր Խաչիկյանը, ջերմության քանակը և ծախսը համեմատելիս պարզել են, որ բիովառելիքի կիրառումը մոտ 3 անգամ էժան է` գազի համեմատ, և 4 անգամ ավելի էժան` էլեկտրաէներգիայից: Ըստ մեր զրուցակցի` էլեկտրաէներգիայի համեմատ տարբերությունն ավելի մեծ է, քանի որ էլեկտրաէներգիա ծախսելու ժամանակ կորուստներն ավելի շատ են լինում:
Խ. Խաչիկյանի խոսքով` նոր տեսակի վառելիքը, թեև փայտից փոքր-ինչ ավելի թանկ կարժենա (եթե փայտի 1 կուբամետրն արժե, ասենք, 100 դոլար, ապա բիովառելիքի նույն քանակության գինը կլինի 130-140 դոլար), սակայն ավելի ձեռնտու կլինի, քան փայտը:
«Օրինակ` փայտե կամ այլ վառելիքով վառարանների դեպքում, մի կողմից` շատ արագ է այրվում վառելիքը, մյուս կողմից` ջերմությունը ևս շատ արագ վերանում է, սակայն այս դեպքում` բիոզանգվածը բավականին խիտ է ստացվում, և այն գրեթե քարածուխին հավասար ջերմություն է տալիս, իսկ քարածխի համեմատ` գրեթե կես գին ունի»,- մեզ հետ զրույցում ասաց Խ. Խաչիկյանը` նշելով, որ հատկապես գյուղական շրջաններում վերջին թանկացումներից հետո շատերն անցել են կրկին փայտե վառարաններին: Նա նշում է, որ բիոզանգվածից այլընտրանքային վառելիք` բիովառելիք ստանալու տեխնոլոգիաների օգնությամբ կարելի է լուծել բնակչության բնակարանը տաքացնելու խնդիրներն ավելի մատչելի և ավելի ձեռնտու այս եղանակով:
Հարցին, թե առկա բիոզանգվածի քանակությունն արդյո՞ք բավարար է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հումքի խնդիր ընդհանրապես չկա, որովհետև, օրինակ, Ղարաբաղի այն անտառներում, որոնք շատ խիտ և անանցանելի են, կարելի է և անհրաժեշտ է սանիտարական հատումներ իրականացնել: Դրանք շատ խիտ են, իսկ սանիտարական այդ հատումներից առաջացած ճյուղերը, տերևներն և մյուս մնացորդներն այնքան շատ են, որ որպես վառելանյութի հումք` կարող է բավականացնել և ջերմությամբ ապահովել երկու-երեք Հայաստանի չափերով երկրի` Ղարաբաղի հետ միասին: Բացի այդ, Հայաստանում ևս, օրինակ, Արարատյան դաշտավայրում` ցորենի արտերի, կամ Արմավիրում եղեգների առատությունը կարող է դառնալ բավականին լավ վառելիք»: Ըստ մեր զրուցակցի` շատ վայրերում, օրինակ` ցորենը հավաքում են, իսկ դրա ցողունները հաճախ մնում են դաշտերում, ինչը հետագայում կարող է վնաս հասցնել էկոլոգիային և բնությանը, քանի որ այդ ամենի արդյունքում, հատկապես, երբ անտառը շատ մոտ է լինում հացահատիկի այդ դաշտերին, հետևանքներից մեկը լինում է այն, որ շատ հաճախ անտառներ են վառվում:
«Նմանատիպ բազմաթիվ դեպքեր են եղել, իսկ այսպիսով, մի կողմից` ցորենի ցողունները հավաքելով կարելի է կանխել էկոլոգիային և բնությանը հասցվող վտանգը, իսկ մյուս կողմից` դրանցից կարելի է նաև առավելագույն օգուտ քաղել` օգտագործելով դրանք` որպես բիովառելիքի հումք»,- ասաց Խ. Խաչիկյանը` նշելով, որ հատկապես արտասահմանում բիովառելիք են կիրառում և ոչ թե` փայտ, և փայտի փոխարեն օգտագործում են բիովառելիքի բրիկետներ:
Նա նշում է, որ նմանատիպ բիովառելիքի բրիկետներ ստեղծելու համար լավագույն տարբերակը տարբեր շրջաններում փոքր արտադրամասեր ստեղծելն է, որտեղ և հենց տեղական հումքով բիովառելիք կարտադրվի, որը ոչ միայն տվյալ շրջանում բնակվող մարդկանց կապահովի անհրաժեշտ քանակի վառելիքով, այլև, շատ լինելու դեպքում` կտեղափոխվի նաև Երևան:
«Երևանից դուրս մոտակա շրջաններում հումք շատ կա, բացի այդ, բուսականությունը միշտ վերարտադրվելու հատկություն ունի, և ամեն տարի հումքի նոր հնարավորություններ անընդհատ կստեղծվեն, որովհետև նորից ցորեն կցանվի, խոտ կաճի, տերևներ կլինեն, և այլն»,- ասաց Խ. Խաչիկյանը: Նա նշում է նաև, որ բրիկետով տունը ջերմացնելու համար համապատասխան սարքավորում`հատուկ վառարաններ են պետք, շատ հարմար են նաև քարե վառարանները (կամինները):
«Ով տանը քարե վառարան` կամին ունի, սա անգնահատելի վառելիք կարող է լինել նրանց համար, որովհետև սա շատ երկարատև այրվող, հավասարաչափ ջերմությունը բաշխող վառելիք է, որի գինը շատ ավելի մատչելի է»,- ասաց Խ. Խաչիկյանը` նշելով, որ, եթե շուկայում այս վառելիքն օգտագործելու համար համապատասխան սարքեր լինեն, ապա ինքը վստահ է, որ շատ-շատերը կանցնեն ջեռուցման այս եղանակին:
Մեր զրուցակիցը նշում է նաև, որ այս գաղափարով բավականին լուրջ հետաքրքրված են տարբեր շրջանների և հեռավոր գյուղերի քաղաքային իշխանությունները, և այժմ այս ծրագրի իրականացումը բանակցությունների փուլում է:
«Այս ամենը շատ իրատեսական է, կարելի է ամեն մի համայնքում նման մի սարք տեղադրել և սկսել դրանք աշխատացնել, պարզապես դրա համար մի քիչ ֆինանսավորում է պետք հայթայթել` փոքր արտադրական միավորներ ստեղծելու համար»,- ասաց Խ.Խաչիկյանը` նշելով, որ այժմ իրենք հետաքրքրվում են նաև, թե արդյոք հնարավո՞ր է միջազգային որևէ ծրագրով, որոնք ուղղված են համայնքներին օգնելուն, այս նախագիծը կյանքի կոչել արդեն 2014 թվականի ամռանը, որպեսզի հաջորդ տարի ձմռանը մարդիկ կարողանան կիրառել նոր վառելիքը:
Ի դեպ, բիոզանգվածի բրիկետավորման սարքավորումը` «Էկոբրիկ» ապրանքանիշը, գրանցել են, և սարքավորումը պատենտավորված է: