Փոփոխվող հայկական աշխարհի փոփոխվող կարծիքները
Ինչո՞ւ եք ներդնում կենսաթոշակային կուտակային համակարգը։ ՀՀ պետական այրերը, ի պատասխան այս հարցին, ասում են` որպեսզի ապահովենք արժանապատիվ ծերություն մեր համաքաղաքացիների համար։
Այսինքն` եթե այդ համակարգը չներդրվի, արժանապատիվ ծերություն ապահովել հնարավոր չի՞ լինի։ Թվում է` հարցն անիմաստ է, քանի որ պատասխանն ի սկզբանե պարզ է` իհա՛րկե ոչ։
Համաձա՞յն եք արդյոք այն տրամաբանության հետ, որ, եթե որպես որևէ քայլ անելու գլխավոր պատճառ` նշվում է ինչ-որ արդյունք, ապա դա ինքնաբերաբար նշանակում է, որ` եթե այդ բանը չանեք, ուրեմն արդյունքը չի լինի։ Կարճ ու մի քիչ կոպիտ ասած` բան անեք` բան կլինի, բան չանեք` բան չի լինի։ Օրինակ, իշխող ՀՀԿ-ում երևի դրան համաձայն են։ Երբ ասում են` հավատանք, որ փոխենք, դա ավտոմատ նշանակում է` եթե չհավատանք, ոչինչ էլ չի փոխվի։
Հիմա երևի կհարցնեք` ինչի՞ համար էր այս «ջուրծեծոցին»։ Իրականում այն կարելի է համարել ռեբուսի բանալի, որով կարելի է գուշակել ապագան։ Այդ ապագան կանխագուշակել և կոդավորել են մերօրյա տնտեսական Նոստրադամուսները։
Մասնավորապես, ըստ այս բանալու` կարելի է պատկերացում կազմել, թե ի՞նչ վտանգներ ու ռիսկեր են սպասվում Հայաստանին` Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու և Մաքսային Միությանն անդամակցելու դեպքում։
Հիմա խնդրում ենք կարդալ այս հարցուպատասխանը։ Այն հրապարակվել է 2010 թվականի դեկտեմբերին, երբ Հայաստանը նոր էր պատրաստվում ԵՄ-ի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցային գործընթաց սկսել։ Այս երկխոսությունը մի հատված է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության «Հաղորդագրում» հրապարակված նյութից (www.eunewsletter.am): Պատասխանողն այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն է։
– Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ սույն համաձայնագրի կնքումը հայաստանյան գործարարության ոլորտի վրա:
– ԽՀԱԱ-ն արտահանման հետ կապված նոր շուկաների հնարավորություն կտա, կզարգանան ավելի պահանջկոտ սպառողին մեր ապրանքը վաճառելու հնարավորությունները: Այն անվտանգ սպառողական ապրանքներ կապահովի, քանի որ համաձայնագրի շրջանակներում որոշակի ստանդարտներ պետք է ապահովենք: Դա նշանակում է, որ մեր սպառողը կկարողանա ձեռք բերել նույն որակի ծառայություններ և ապրանքներ, ինչպես արտաքին շուկաներում:
Հիմա ապակոդավորենք պրն Երիցյանի խոսքերը` վերևում նշված տրամաբանությամբ։ Այսինքն` ի՞նչ կլինի, եթե սույն համաձայնագիրը չկնքվի։
– Չենք ունենա նոր շուկաների հնարավորություն,
– Չեն զարգանա ավելի պահանջկոտ սպառողին մեր ապրանքը վաճառելու հնարավորությունները,
– Անվտանգ սպառողական ապրանքներ չեն ապահովվի,
– Մեր սպառողը չի կարողանա ձեռք բերել նույն որակի ծառայություններ և ապրանքներ, ինչպես արտաքին շուկաներում։
Տեսնո՞ւմ եք` ինչ տխուր հեռանկար է կանխատեսել Ն.Երիցյանը։
Ընդ որում, ոչ միայն նա։ Շատ բացահայտումներ կարելի է գտնել նաև Ազգային ժողովի պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի խոսքերից։ «Ասոցացման համաձայնագիրը մեզ նոր հնարավորություն է տալու, մենք կունենանք նոր ներդրումներ և այլն»,- ասել էր նա։ Կարծում ենք` այլևս կարիք չկա ասել, որ ոչ նոր հնարավորություններ կունենանք, ոչ էլ` նոր ներդրումներ։
Սակայն Գ. Մինասյանն ավելի սարսափելի կանխատեսում էլ է արել։ Նա ասել է, որ երկրում արտագաղթն իսկապես ամենակարևոր խնդիրներից մեկն է, և որ Ասոցացման համաձայնագիրը նոր հնարավորություններ է տալու նաև այդ խնդրի լուծման հարցում:
Ու քանի որ համաձայնագիրը չստորագրվեց, ըստ տրամաբանության, արտագաղթի խնդիրը լուծելու նոր հնարավորություն չկա։
Ցանկության դեպքում կարող եք արխիվներից գտնել նաև տնտեսական բլոկի մյուս պատասխանատուների կանխատեսումները։
Իհարկե, ոմանք հիմա կմտածեն` այս ամենն արդեն ժամանակավրեպ է: Սակայն այսպիսով ցանկանում ենք ցույց տալ, թե որքան «հետևողական» և որքան «սկզբունքային» են մեր պետական այրերը, որոնք ընդամենը 3-4 ամիս առաջ ձոներ էին նվիրում ԵՄ-ին և ելույթներ ունենում` Ասոցացման համաձայնագրից սպասվող օգուտների մասին։ Իսկ այսօր նույն ջանասիրությամբ լծվել են Մաքսային Միությանն անդամակցության գովերգմանը։ Օրինակ` նույն Գագիկ Մինասյանն իր վերը նշված կանխատեսումներն արել է այս տարվա օգոստոսի 1-ին։ Ավելին, նա նշել էր, որ ՀՀ եվրոասոցիացման գործընթացը գնում է բավականին հարթ, և չափազանց մեծ է հավանականությունը, որ Հայաստանը նոյեմբերի վերջին կստորագրի համաձայնագիրը:
Ինչպես գիտեք` ընդամենը 1 ամիս անց հայտարարվեց, որ գնում ենք Մաքսային միություն։ Արդեն կայացած փաստ է, որ նոյեմբերին Վիլնյուսում կնքվեց ոչ թե Ասոցացման համաձայնագիր (որի վրա երկար տարիներ աշխատում էին), այլ ստորագրվեց կես էջանոց մի հայտարարություն։
Ի՞նչ եք կարծում` Գ. Մինասյանը խորը հիասթափությո՞ւն ապրեց, նրա տեսլականը փլուզվե՞ց։ Իհա՛րկե ոչ։ Բոլորովին վերջերս նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Մաքսային միությանն անդամակցելը տնտեսական կարևոր հեռանկարներ է բացում Հայաստանի համար։
2011 թվականի նոյեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ էր ունենում Բելգիայում` Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի նիստում։ Խոսում էր եվրոպական արժեքներից, ԵՄ-Հայաստան հարաբերություններից և ասում. «Ներկայումս ԵՄ-ի հետ բանակցում ենք Ասոցացման համաձայնագրի շուրջ և սկսում ենք խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները»: Իսկ այսօր մեծ ուրախությամբ խոսում է Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզի մասին։
Եթե վաղը հանկարծ հայտարարվի, որ Հայաստանն անդամակցում է այլմոլորակայինների տնտեսական տարածքին, ապա մի կես բերան կասեն, թե դեռ հարկավոր է ուսումնասիրել դրա տնտեսական արդյունավետությունը։ Սակայն ելույթի մեծ մասը կնվիրեն այն հնարավորություններին, որոնք կբացվեն Հայաստանի առաջ` տիեզերական անվերջությանն ինտեգրվելու շնորհիվ։
Կարճ ասած, մեր պետական այրերը մշտական փոփոխության մեջ են։ Մշտապես փոփոխում են իրենց կարծիքները, այսօր մի բան են ասում, վաղը` տրամագծորեն հակառակ բան։ Ու ամենակարևորը` ամենևին վատ չեն զգում, որ իրենք իրենց հակասում են։ Աշխարհում ոչինչ հավերժական չէ` ասում են նրանք` թաքցնելով, որ իրենց համար կա միայն մեկ հավերժական գործոն` ինչ են ասում վերևները։
Ի դեպ, 2010 թվականի դեկտեմբերի վերջին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ամանորյա ուղերձում այսպիսի միտք էր հայտնել. «2011 թվականին մեկնարկում են լրջագույն բարեփոխումներ, որոնք ստիպելու են բոլորիս վերանայել մեր վարքագծային կանոնները»: Այսօր արդեն հաստատված փաստ է, որ 2011 թվականին ռուսական գազը սահմանի վրա թանկացել էր, մինչդեռ էներգետիկայի նախարարը դա մշտապես հերքում էր։
Միգուցե վարչապետի նշած վարքագծային կանոնները հենց դա՞ էին ենթադրում` ասել այն, ինչ տվյալ պահին նպատակահարմա՞ր է: Չէ՞ որ աշխարհը, ըստ վարչապետի, չափազանց արագ է փոխվում այսօր։ Իսկ կարծիքներն ու տեսակետներն անհրաժեշտ է նույն արագությամբ փոխել` աշխարհից ետ չմնալու համար։
«168 ԺԱՄ»