Լևոն Զուրաբյան. ՍԴ-ն իր դեմքի փրկության խնդիր ունի

Երեկ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը դիմում-հայտարարություն հանձնեցին Սահմանադրական դատարանին` պահանջելով կենսաթոշակային կուտակային պարտադիր բաղադրիչը ճանաչել հակասահմանադրական:

168.am-ի հետ զրույցում՝ ի պատասխան հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք ՍԴ-ից, արդյոք հույս ունե՞ք, որ ՍԴ-ն այս անգամ կբավարարի քաղաքացիների, քաղաքական ուժերի պահանջը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պատասխանեց, թե իր կարծիքով՝ այս անգամ էլ ՍԴ-ն իշխանության «կամակատարի» դեր կստանձնի:

«Այս Սահմանադրական դատարանի հետ մենք այնքան ենք առնչվել… նրանք ցույց են տվել, որ որևէ վստահություն նրանց նկատմամբ տածել հնարավոր չէ: Այս դեպքում էլ, ՍԴ-ն իշխանության կամակատարի դեր կստանձնի, բայց դա որևէ կերպ չի իմաստազրկում մեր գործողությունները, ակցիաները: Շատ կարևոր է, որ ժողովրդի մոբիլիզացիան կառուցվի կոնկրետ քաղաքական գործընթացի շուրջ և այս առումով մենք կարող ենք ժողովրդին ոտքի կանգնեցնել: Դեռևս հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր չեն առնչվել ՀՀ պետական մարմինների հետ, ասում են, որ չեն ցանկանում քաղաքականացնել իրենց պայքարը և հավատ ունեն պետական ինստիտուտների, իշխանության նկատմամբ, ուստի կարևոր է, որ այս մարդիկ համոզվեն` ՀՀ իշխանությունները, պետական ինստիտուտները այսօր զբաղված չեն իրենց սահմանադրական գործառույթների իրականացմամբ, այլ` զբաղվում են նեղ իշխանական խմբի շահերի սպասարկմամբ»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ նրանք, ովքեր տեղի ունեցող գործընթացքների «քաղաքական աստառին ծանոթ չեն», պետք է անցնեն ճանապարհ ու հասկանան, որ բոլոր «չարիքների աղբյուրը ավազակապետական ռեժիմն է»:

Ոչ իշխանական չորս ուժերի կողմից ՍԴ դիմելու քայլը Զուրաբյանի գնահատմամբ՝ «լուրջ» մոտեցում է, ապա հիշեցրեց. «ՍԴ-ն ինքը ժամանակին հետաքրքիր որոշում է ընդունել, համաձայն որի` պարտադիր վճար համարում է միայն վճարները պետական բյուջե և եթե հիմա ՍԴ-ն ընդունի, որ մասնավոր ընկերությունների պարտադիր վճարները նույնպես տեղավորվում են այս շրջանակներում, կհակասի ինքն իրեն: Ուրեմն, ՍԴ-ն այսօր նաև իր դեմքի փրկության խնդիր ունի: ՍԴ անարդար որոշումը ցույց կտա` ում հետ մենք գործ ունենք, իսկ սա միայն կնպաստի մեր քայլերի վճռական լինելուն»:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե ինչո՞ւ ներկա չէիք երթին, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ մեծ հաճույքով կմասնակցեր, սակայն հենց այդ ժամին ԱԺ-ում տեղի էին ունենում գազի պայմանագրերի մասին խորհրդարանական լսումներ, ինչին ինքը մասնակցում էր` անձամբ կառավարության ներկայացուցչից պատասխաններ պահանջելու ակնկալիքով: «Կարևոր էր, որ իմ հարցերը հնչեցնեմ իրենց դեմքին ու ստիպված գնացի այնտեղ, թեև մեր ֆրակցիան ակտիվորեն մասնակցել էր երթին»,- բացատրեց նա:

Ի դեպ, երթի մասնակիցների ճնշող մեծամասնությունը ՀԱԿ ակտիվիստներն էին, ուստի Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ էր դա պայմանավորված: Ի պատասխան՝ պատգամավորն այսպես արձագանքեց. «Կոնգրեսը, ինչպես եղել է դիմադրության շարժման կորիզը Հայաստանում, այնպես էլ շարունակում է հանդիսանալ բոլոր գործընթացների լոկոմոտիվը: Մենք իրազեկել էինք մեր համակիրներին, բայց ոչ այն ծավալով ինչպես դեկտեմբերի 10-ի երթի դեպքում: Այս երթի նախաձեռնողները մենք չէինք ու մինչև վերջին պահը լիարժեք ինֆորմացիա չունեինք` երթը կայանալո՞ւ է, թե՞ ոչ ու չկարողացանք մեր համակիրներին իրազեկել նույն ծավալով, ինչպես եղավ դեկտեմբերի 10-ին: Չնայած` մեր համակիրները, այո, ակտիվորեբն մասնակցեցին»:

Իսկ հարցին, թե կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի դեմ պայքարը ավելի նպաստավո՞ր չեղավ ոչ իշխանական ուժերի համար, ովքեր ցույց տվեցին, որ միասնական են, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Սկեպտիկների համար էլ պետք է ակնհայտ լինի, որ այն, ինչի մասին մենք խոսում էինք դեռ մինչև 2012թ. պառլամետական ընտրությունները, որ իշխանությունների դեմ համախմբած պատգամավորների խումբ է լինելու, արդեն իրականություն է: Այո, չորս խմբակցություն ապացուցեցին, որ այլևս միասնական գործում են այս իշխանության դեմ և, ես կարծում եմ, որ սա շատ լուրջ նվաճում է, որի մասին ՀԱԿ-ը որպես ծրագիր հայտարարում էր և սա կարելի է համարել իրականացված»:

Լևոն Զուրաբյանը նկատեց, որ համախմբվել են ոչ միայն ոչ իշխանական ուժերը, այլև` քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք պայքարում են տարբեր հարցերի շուրջ:

«Շատ հետաքրքիր պատկեր է սկսվել` ակտիվացել են տարբեր հարցերով պայքարող քաղաքացիական նախաձեռնություններ: Բոլորը ցաք ու ցրիվ պայքար էին տանում վերջին շրջանում, բայց վերջերս նկատվում է ձգտումը դեպի համախմբում: Դեկտեմբերի 10-ի երթի ժամանակ ես համեմատություն արեցի 88-ի շարժման հետ. 88-ի շարժման հզորության պատճառներից մեկը նրանում էր, որ կային տարբեր հարցերով զբաղվող նախաձեռնություններ, որոնք համախմբված էին ընդհանուր օրակարագի շուրջ:

Ստացվում էր, որ մի կողմից չկար նախաձեռնողականության պակաս, իշխանությունները ցանկացած փոքր հարցում զգում էին ճնշում, մյուս կողմից կար ընդհանրական օրակարգով մեծ շարժում, որը ապահովում էր կենտրոնական ճնշումը իշխանությունների վրա»,- նշեց նա, ապա ավելացրեց, որ չնայած բուռն ակտիվությանը, փոքր ու մեծ հարցերով հաղթանակներ այսօր չեն գրանցվում:

Լևոն Զուրաբյանի համոզմամբ, արդյունքի կարելի է հասնել այն դեպքում, երբ փոքր նախաձեռնությունները կմիանան ընդհանուր օրակարգի շուրջ, որովհետև բոլոր խնդիրները ածանցյալ են մեկ բանի` Հայաստանում չկան ընտրված, ժողովրդի առջև հաշվետու իշխանություններ: «Երբ մենք կարողանանք տարբեր նախաձեռնությունները միավորել մեծ օրակարգի շուրջ` կսկսեն հաղթանակները թե մեծ հարցերում, թե փոքր հարցերում»,- վստահեցրեց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս