
2014 թվականին ևս մի հզոր ավիաընկերություն չվերթեր կիրականացնի դեպի Հայաստան

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը, հայկական Վիզա Կոնկորդ տուրիստական գործակալության հետ համատեղ, ակտիվ բանակցություններից հետո, պայմանավորվել է Արաբական Միացյալ Էմիրությունների ևս մի հսկա ավիաընկերության` «Իթիհադ Ավիաուղիների» հետ, որպեսզի վերջինս չվերթեր իրականացնի դեպի Հայաստան: 2014-ի հուլիսից «Իթիհադ Ավիաուղիները» կսկսի իրականացնել Աբու Դաբի – Երևան չվերթներ: «Իթիհադ Ավիաուղիները» հայտնի է որպես առավել բարձրակարգ սպասարկում իրականացնող ավիաընկերություն:
Հիմնադրվելով 2003թ. հուլիսին, Իթիհադը առևտրային գործունեություն է սկսել նույն տարվա նոյեմբերից և կարճ ժամանակում դարձել կոմերցիոն ավիացիայի ամենաարագ զարգացող ավիաընկերությունն աշխարհում: Շարժակազմը բաղկացած է 66 օդանավերից, որոնք շաբաթական 1000-ից ավել թռիչք են իրականացնում` սպասարկելով ուղևորային և բեռնային 84 ուղղություններ դեպի Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Եվրոպա, Ասիա, Ավստրալիա և Հյուսիսային Ամերիկա: «Իթիհադ Ավիաուղիներին» է պատկանում նաև Եվրոպայի մեծությամբ 6-րդ փոխադրող Էյր Բեռլինի 30%-ը և Էյր Սեյշելզի 40%-ը:
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ