
20 տարում Ուկրաինայի բնակչությունը նվազել է 6.5 միլիոնով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 20 տարում Ուկրաինայի բնակչությունը նվազել է 6.5 միլիոն մարդով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ժողովրդագրական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էլլա Լիբանովան:
Վերջինիս խոսքերով՝ Ուկրաինայի բնակչությունն իր պատմական առավելագույն ցուցանիշին հասել է 1993 թվականին՝ 52 միլիոն մարդ: Դա 6.5 միլիոնով ավելին է, քան ներկայումս է: Որպեսզի այդ թիվն առավել հասկանալի լինի, Լիբանովան հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ուկրաինան կորցրել է 10 միլիոն մարդ:
Փորձագետն ուշադրություն է հրավիրել, որ վերջին 20 տարիներին Ուկրաինայում չեն գրանցվել բնական աղետներ, սակայն իրենք կորցրել են 6.5 միլիոն մարդ, և հազիվ թե իրենց հաջողվի փոխել այդ միտումը: