Ինչպե՞ս կարող է Ադրբեջանը գրավիչ լինել ԼՂ-ի հայերի համար, երբ այն գրավիչ չէ ադրբեջանցիների համար. Turan

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության կայքում հրապարակվել է Քյամալ Ալիի «Ոչ մի սանտիմետր հող և կիլոմետրերով ամոթ» խորագրով հոդվածը, որում նշված է. «Արդեն 2013 թվականի ավարտն է, և վերադարձված չէ ադրբեջանական հողի և ոչ մի սանտիմետր: Չնայած մեր այսպես կոչված փորձագետների կիլոմետրանոց խոստումներին` Ադրբեջանի քաղաքական և ոչ մի մանևր չի հանգեցնում հաջողության:

Տեղի ունեցածում ինձ հատկապես մտահոգում է ադրբեջանական իշխանական ընտրանու մեղավորությունը, քանի որ եթե մենք չենք կարող Երևանի հարցում ազդել Վաշինգտոնի, Բրյուսելի և Մոսկվայի վրա, փոխել նրանց սկզբունքային դիրքորոշումը, ապա ադրբեջանական ընտրանին գոնե կարող էր փոխել իրեն: Իսկ դրան թերևս կհաջորդեր նաև գերտերությունների դիրքորոշման բարելավումը:

Բաքվում կան բավականաչափ քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ, որոնք շրջակա աշխարհում մեղադրում են բոլորին, սակայն միայն թե ոչ իրենց, քանի որ դա հղի է անձնական մեծ տհաճություններով: Թվում է, թե արտաքին աշխարհն ու ադրբեջանական ներքին քաղաքականությունը իրար հետ ընդհանրապես որևէ կապ չունեցող բաներ են:

Մինչդեռ արտաքին աշխարհն անխուսափելիորեն արձագանքում է ներադրբեջանական իրադարձություններին, ընդ որում, ոչ միայն քաղաքական առումով, և որ ավելի կարևոր է անձնական գնահատականների ու համակրանքների ենթագիտակցական մակարդակում: Եվրոպական պատվիրակությունները ժամանում են Լեռնային Ղարաբաղ` խախտելով մեր օրենսդրությունն ու սահմանները:

Կարելի է ինքներս մեզ հանգստացնել` ասելով, որ նրանց խաբել են Երևանում, իսկ պատվիրակությունները մանկապարտեզի երեխաներ են, որոնք չգիտեն, թե ինչի համար են իրենց ուղղաթիռով բերել Լեռնային Ղարաբաղ: Չեմ հավատում:

Չնայած մեր իշխանությունների տևական, նպատակամղված ջանքերին` Եվրոպայում հստակ համոզմունք է ձևավորվել ադրբեջանական պետության տոտալիտար, կոռուպցիոն բնույթի և ոչ ժողովրդավարական արմատների մասին: Իսկ Ղարաբաղում օտար հյուրերին ասում են, որ ժողովրդավարական ԼՂՀ-ը ոչ մի կերպ չի տեղավորվում տոտալիտար-կլանային Ադրբեջանում:

Եթե ադրբեջանական ընտրանին իսկապես երազում է վերադարձնել իր տարածքները, ապա նա իրեն պետք է պահի մարդասիրաբար ու քաղաքակիրթ ձևով, ինչն առաջին հերթին վերաբերում է սեփական ժողովրդի հանդեպ վերաբերմունքին:

Բաքու գնալու համար ավիատոմս գնելու նախօրեին եվրոպացի քաղաքական գործիչը կամ սովորական մարդը համացանցում տեսնում է ցուցարարներին ծեծի ենթարկելու, լրագրողներին դատապարտելու, գործարարներին թալանելու և բժիշկների ու ուսուցիչների չնչին աշխատավարձերի մասին հաղորդագրություններ:

Ընդ որում, պարզվում է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն մեծ է Հայաստանի ողջ պետբյուջեից: Ահա թե Ադրբեջանի մասին ինչ է գրում ռուսական Кавказский Узел ռուսական ռեսուրսը.

«Ոչ մի օր չի անցնում առանց ադրբեջանցի լրագրողի ձերբակալման, կալանավորման, ծեծի ենթարկելու, դատապարտման մասին հաղորդագրությունների, և մշտապես թմրանյութեր օգտագործելու ու վաճառելու, խուլիգանության, զենք պահելու և այլնի համար, որոնք հեռու են նրանց մասնագիտական գործունեությունից»:

Կարծես թե դա է ադրբեջանական նոու-հաուն. երիտասարդին, լրագրողին ճիշտ խոսքերի համար ուղարկում են վանդակաճաղերից այն կողմ, և կարծում են, թե աշխարհում ոչ ոք չի հասկանում այդ «խորամանկությունը», որ թմրանյութն իրականում գցել են նրանց գրպանը:

Եվրոպացի քրիստոնյան կարծում է, որ Ղարաբաղի քրիստոնյաները ցանկանում են ապրել ազատ, առանց ադրբեջանցի թալանչի ղեկավարների, և որ պետք է հնարավորինս օգնել նրանց, ինչի համար էլ Երևանում ուղղաթիռ են նստում և թռչում Ղարաբաղ:

Արդեն հասկանալի է, որ եթե Ռուսաստանն Ադրբեջանին վաճառում է միլիարդավոր դոլարի զենք և թույլ չի տալիս օգտվել այդ զենքից, ապա դա նշանակում է, որ տարածքների վերադարձը ռազմական ճանապարհով անհնար է: ԱՄՆ-ն ու ԵՄ-ը աջակցում են Ղարաբաղի հայերին, ինչում առկա է Բաքվի ընտրանու մեղավորությունը, և դա անվիճելի է:

Ինչպե՞ս բացատրել այն, որ Ադրբեջանում ու Հայաստանում մեկ լիտր բենզինի գինը գրեթե նույնն է: Նման մռայլ իրականությունում ինչպե՞ս կարելի է Ղարաբաղի հայերին հարկադրել վայր դնել զենքը: Չէ՞ որ վերջին հաշվով եթե նրանք ցանկություն չունենան դառնալու տոտալիտար Ադրբեջանի քաղաքացիներ, ապա պարզապես անհնար կլինի ղարաբաղցիներին ներքաշել մի պետության կազմ, որի դեմ նրանք պատերազմել են:

Եվ դա այն դեպքում, եթե անգամ Ադրբեջանի ընտրանին գնի ողջ քրիստոնեական աշխարհի սերը: Ինչպե՞ս կարող է մեր երկիրը գրավիչ լինել մյուսների համար, եթե այն գրավիչ չէ ադրբեջանցիների համար»:

Տեսանյութեր

Լրահոս