Բաժիններ՝

Ես ներողություն եմ խնդրում

Տեղ հասանք: Ես այլևս որևէ ակնկալիք չունեմ ո՛չ Հայաստանի Ազգային Ժողովի ներկա կազմից, ո՛չ էլ Հայաստանի հանրապետական կուսակցությունից: Դրական ակնկալիք` բնականար: Երեք օր առաջ Մանվել Բադեյան անուն-ազգանուն կրող պատգամավորը լրագրողներից վիրավորվել էր: Լրագրողներից վիրավորվել ու նրանց կոչ էր արել` «փողոցում կանգնած եզդու մակարդակից բարձրանալ»: Երկու օր շարունակ ՀՀԿ-ն ողջ կազմով չինական հայտնի արձանն է մարմնավորում. «Ոչ տեսել են, ոչ լսել, ոչ էլ խոսելու են»: Լրագրողները վաղուց են համակերպվել, որ մեր քաղաքական ու մերձքաղաքական դեմքերը կարող են անտակտ լինել: Հայելուց նեղացողների մեջ նրանք ակնհայտ առաջինը չեն: Բայց, ընդունեք, որ նրանք առ այսօր բացահայտ ֆաշիստական ելույթներ չէին ունեցել: Անկեղծ ասած, եզդի երիտասարդների պատասխանը համարժեք էր Մանվել Բադեյանի վիրավորանքին: Սույն անձին նրանք ավանակ ու արտաքնոցի թուղթ էին բերել: Ավելի խոսուն նվեր դժվար է գտնել: Կարելի էր թեման փակված համարել: Բայց Բադեյանը երեկ խոսեց: Ու նոր բարբաջանքն առաջինին գերազանցեց: Գերազանցեց անտակտությամբ: Կարող եմ պնդել` նաև քրեորեն ավելի կոշտ հետևանքներ ենթադրող բովանդակությամբ: ԱԺ պատգամավորը մտադիր չէ ներողություն խնդրել: Նա պնդում է. «Չգիտեմ` ի՞նչ է հրապարակվել, ինքս չեմ կարդացել»: Մեր հասարակությունը վաղուց գիտի, որ ԱԺ պատգամավորներից ոմանք սիրում են հրապարակային կարծիք հայտնել իրենց չիմացածի ու չկարդացածի մասին: Մարդը չգիտի, բայց շարունակում է. «Եթե մարդիկ այդ ընկալումն ունեն՝ իմ խոսքերը փոխել են»: Տեսեք, թե ըստ իրեն` ինքն ինչ է ասել. «Ընդամենը խոսքը գնացել է այն մասին, որ լրագրողը ավելի շատ մակարդակ պիտի ունենա, քան եզդի փողոց մաքրողը»: Ասեք, խնդրեմ, սա ի՞նչ է, եթե ոչ` ֆաշիզմ: Եթե սույն պարոնը նացիստ չէ, ապա ինչո՞ւ չի ասում, որ լրագրողն ավելի մակարդակ պիտի ունենա, քան, ասենք, հանրապետական փողոց մաքրողը: Կամ, ասենք, քյավառցի փողոց մաքրողը: Կամ` շիրակցի ու սյունեցի: Հայաստանն աշխարհի ամենամոնոէթնիկ երկրներից է: Ու դժվար է միանշանակ ասել՝ դա առավելությո՞ւն է, թե՞ դժբախտություն: Իրեն կիրթ համարող մարդն այլ ազգի մարդու հետ շփվելու, նրա մասին խոսելու տարրական մակարդակ չունի: Չունի ու ուրիշներին է կոչ անում մակարդակ ունենալ: Արի ու այս մարդուն փորձիր բացատրել, որ նախ` դու խոսում ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին: Երկրորդ` խոսում ես մեր երկրի ամենամեծ ազգային փոքրամասնության մասին: Ազգ, ում հետ կողք կողքի հազարամյակներ ենք ապրում: Ազգ, ում հետ մեր համակեցության պատմությանն անհամեմատ ավելի դրական օրինակներ ունի, քան որևէ այլ ազգի ու ժողովրդի հետ: Ես չեմ կարող պնդել, թե մեծ շփումներ ունեմ եզդիների հետ: Փոխարենը` կարող եմ պնդել, որ փոքրաթիվ այդ շփումների ընթացքում երբեք բացասական զգացում չեմ ապրել: Միշտ զարմացել եմ այդ ժողովրդի նրբանկատության ու դիմացինի հետ շփվելու տակտի ունակության վրա: 2006-07թթ. ԱՄՆ քաղաքացի, Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Մարկ Իոֆֆեն ուսումնասիրում էր Հայաստանում ապրող եզդիների կենցաղը: Բազմաթիվ հնդկացիական ցեղերի ու այլ Ժողովուրդների կյանքն ու կենցաղն ուսումնասիրած ազգագրագետն ամեն երեկո չթաքցրած ոգևորությամբ էր խոսում եզդիների մասին: Նրան հատկապես ցնցել էր հայերի նկատմամբ եզդիների ունեցած ջերմ վերաբերմունքը, սոցիալական դժվարություններն ուրիշի (իմա` հայերիս) վրա չբարդելը: Եզդիները պատմության նույն զրկանքներն ու փորձություններն են կրել մեզ հետ: Պահել են մեծի հետ` մեծի պես, փոքրի հետ` փոքրի պես շփվելու ի վերուստ տրված շնորհը: Չեմ ուզում նշել եզդի մտավորականների անուններ: Չեմ նշի նաև մեր նորօրյա պատմության ու պետության կայացման գործում իրենց մասնակցությունը բերած եզդի զինվորի ու պարզ քաղաքացու մասին: Բայց ցանկանում եմ նշել, որ եզդի իմ ծանոթներից մսավաճառ Թեմուրն իր մարդկային որակներով անհամեմատելի է իրենց քաղաքական գործիչ համարող շատ-շատերից: Անհամեմատելի է նրա գերազանցությունը: Նրա հետ զրուցելը շատ ավելի հաճելի է, թեկուզ այն պատճառով, որ մեր ծանոթության 20 տարվա ընթացքում ոչ միայն չի փորձել թերակշռել վաճառած միսը, այլև երբեք չի փորձել պարզել՝ ես զտարյուն հա՞յ եմ, թե՞ խառնածին ինչ-որ մեկը: Մեր հաջորդ հանդիպմանը հաստատ ներողություն եմ խնդրելու: Չնայած գիտեմ, որ Թեմուրը չի նեղացել: Ոչ այն պատճառվ, որ մեր երեսփոխանի նման կարող է ասել. «Չգիտեմ՝ ի՞նչ է հրապարակվել. ինքս չեմ կարդացել»: Պարզապես Թեմուրը գիտի՝ ումից կարելի է նեղանալ, ումից` ոչ: Ճիշտ այնպես, ինչպես բանական մարդը չի նեղանում տարերային աղետից: Տարերային աղետն ուսումնասիրել է պետք, որ կարողանաս ապագայում մեղմել դրա հասցրած վնասը: Նորօրյա քաղաքական դեմքերը տարերային աղետի պես բան են: Դրանց հասցրած վնասն առայժմ չենք կարողանում մեղմել: Այսօր չենք կարողանում: Բայց դա չի նշանակում, որ մենք` ՀՀ հայ ու եզդի քաղաքացիներս վաղը չենք կարողանալու:

ՀԳ. Հետաքրքիր է, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի գաղափարակից ու կուսակից գործընկերները «Բադեյան» ազգանունը զտարյուն արիական ու հայկակա՞ն են համարում: Ասեմ, որ այս հարցի պատասխանն անձամբ ինձ չի հետաքրքրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս