«Android հարթակից Windows phone-ի ծրագրերը կարելի է ավտոմատ կերպով տեղափոխել». Արման Բոշյան
Kantar Worldpanel ComTech հետազոտական ընկերության տվյալներով՝ եվրոպական խոշոր երկրներում վաճառվող գրեթե յուրաքանչյուր 10-րդ սմարթֆոնն աշխատում է Windows phone օպերացիոն համակարգով: Այս՝ համեմատաբար ավելի նոր բջջային օպերացիոն համակարգը՝ Windows phone-ը, կամաց-կամաց ամրապնդում է իր դիրքերը շուկայում: Այն զբաղեցնում է վաճառված սմարթֆոնների շուկայի 9.2%-ը, իսկ iOS-ն ունի ընդամենը 14.1% մասնաբաժին: Այդուամենայնիվ, այժմ բջջային օպերացիոն համակարգերի շրջանում Android-ը գերակշռում է` 70.1% մասնաբաժնով. Android օպերացիոն համակարգով աշխատող մոտ 800 հազար ծրագիր է հաշվարկվում:
Բջջային օպերացիոն համակարգերի շուկայում Windows phone-ի առաջընթացը բերում է նրան, որ շատ ծրագրավորողներ և ընկերություններ այժմ փորձում են իրենց ծրագրերը հասանելի դարձնել Windows phone ՕՀ-ով աշխատող սարքերի համար և դրանք, Android-ից բացի, հասանելի դարձնել նաև այդ շուկայի համար: Այս գործընթացը, սակայն, լրացուցիչ ծրագրավորում, հետևաբար և՝ ֆինանսներ ու ժամանակ է պահանջում:
Այժմ, սակայն, Android հարթակից Windows phone-ի ծրագրերը կարելի է տեղափոխել ավտոմատ կերպով և բավականին արագ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նորաստեղծ համակարգի ղեկավար Արման Բոշյանը: Նրա խոսքով` իրենք մտածել և թեստավորել են այս հնարավորությունը: «Մեր ստեղծած համակարգի միջոցով Android-ի ծրագրերն, առանց ծրագրավորողի լուրջ աշխատանքի միջամտության, կարելի է ավտոմատ կերպով տեղափոխել Windows-ի հարթակ»,- ասաց Ա.Բոշյանը: Նրա խոսքով` համանման լուծումներ գոյություն ունեն ողջ աշխարհում, բայց այդ լուծումները պահանջում են, որպեսզի այդ ծրագիրը կրկին գրվի Windows-ի համար: Իրենք, սակայն, մշակել են ատոմատ համակարգ, որի միջոցով կարելի է Android-ի ծրագիրը դարձնել Windows Phone-ի համար նախատեսված ծրագիր: Այս կերպ, ըստ Ա. Բոշյանի, կարելի է տեղափոխել խաղեր, ստանդարտ և այլ ծրագրեր:
Մեր զրուցակիցը նշում է, որ իրենք այս համակարգի ստեղծման վրա աշխատել են մոտ 6 ամիս և մասամբ լուծված խնդրի համար դիմել են մրցույթի: Իսկ վերջերս Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի շրջանակներում կազմակերպված «Գաղափարից՝ դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթում հաղթող են ճանաչվել, դրամական պարգև են ստացել, որն էլ ուղղվելու է այս նոր համակարգի կատարելագործմանը:
«Օրինակ` 3D խաղերի դեպքում Android և Windows Phone հարթակները կտրուկ տարբերվում են, որը հետագայում մենք պատրաստվում են լուծել, իհարկե, մեր ստեղծած ծրագրի առաջին վաճառքից հետո միայն»,- ասաց Ա. Բոշյանը` նշելով, սակայն, որ քանի դեռ համակարգը մշակման ընթացքում է, հաճախորդների հետ աշխատանքն ընթանում է համագործակցության հիմքով:
«Այս ամենը բավականին լուրջ աշխատանք է, մեր մոտեցումը հստակ տարբերվում է բոլոր՝ արդեն գոյություն ունեցող մոտեցումներից, որոնք համանման տարրեր են պարունակում, սակայն ամեն դեպքում՝ որոշակի ժամանակ են պահանջում: Իսկ այն մոտեցումը, որը մենք ունենք, որևէ կերպ չի կիրառվում մինչ այսօր, ավտոմատ է անում այդ ամենը, այժմ պարզապես անհրաժեշտ է կատարելագործել այս գործընթացները»,- ասաց Ա. Բոշյանը:
Նա նշեց, որ այս ծառայությունից օգտվելը կլինի վճարովի բաժանորդագրությամբ, բայց կլինի նաև անվճար տարբերակ` փոքր ծրագրերի համար:
Նշենք, որ Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի շրջանակներում կազմակերպված «Գաղափարից՝ դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթում ներկայացված էին մոտ 70 գաղափարներ, որոնք շատ հետաքրքիր և յուրահատուկ լուծումներ էին առաջարկում, ինչը խոսում է այն մասին, թե որքան լուրջ պոտենցիալ ունի Հայաստանը: Կարևոր է, սակայն, որպեսզի նման աջակցությունը նպատակաուղղված լինի Հայաստանում արտադրության զարգացմանը, որպեսզի այդ գաղափարներն ու մտքերն ուղղված լինեն, նախ և առաջ, մեր երկրի զարգացմանը, իսկ հետո նոր արտահանվեն դուրս: Այս հարցում կարևոր է ոչ միայն տարբեր հիմնադրամների աջակցությունը, այլև՝ պետության, որպեսզի նմանատիպ լավ գաղափարների տեղական արտադրությունը հնարավոր լինի իրագործել հենց Հայաստանում, և եթե նույնիսկ՝ ոչ նյութական, ապա՝ գոնե ինտելեկտուալ արտադրանք կարողանանք Հայաստանում տալ: Օրինակ՝ ծրագրային ապահովման ոլորտում: Այլապես հաճախ հանդիպում ենք բազմաթիվ հաջողված նախագծերի և ծրագրերի, որոնք հայ մասնագետներն իրականացնում են դրսում, իսկ դրանք, որպես այդպիսին, գումարներ և օգուտ չեն բերում մեր երկրին: Այս տեսանկյունից առավել քան կարևոր է, որ նման միջոցառումները և քայլերն ուղղված լինեն Հայաստանում արտադրության զարգացմանը: