Խեյլիտ` ինչպես պաշտպանել շրթունքները
Բուժիչ նամակներ
Խեյլիտը շուրթերի բորբոքային բնույթի հիվանդություն է, որի առաջացման պատճառները բավականին շատ են։ Օրինակ` կա «ակտինիկ խեյլիտ» ախտորոշում, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության հետևանքով։ Խեյլիտի զարգացման պատճառ կարող են հանդիսանալ սառը օդը, քամին, եղանակի կտրուկ փոփոխությունները, կոսմետիկ քիմիայի չարաշահման հետևանքով առաջացած ալերգիկ ռեակցիաները։
Կան այլ պատճառներ.
- մասնագիտական` օրինակ, փողային նվագարանների վրա նվագող երաժիշտների մոտ,
- հորմոնալ բնույթի հիվանդություններ,
- օրգանների ցածր դիմադրողականություն
- դեղորայքի երկարատև օգտագործում կամ կողմնակի ալերգիկ ազդեցություն, և այլն։
Խեյլիտի հետևանքով առաջանում են ճաքեր ստորին շրթունքի վրա, հատկապես` կենտրոնական հատվածում։ Ճաքերը բավականին դժվար են բուժվում` հիվանդությունը կարող է կրել քրոնիկ բնույթ, քանի որ հարուցիչ միկրոբները չեն ոչնչանում վերքի փակվելուց հետո։ Ճաքերը ոչ միայն տգեղացնում և ցավ են պատճառում, այլև, ժամանակին չբուժվելու դեպքում, կարող են վերածվել քաղցկեղածին ուռուցքների։
Խեյլիտի առաջին իսկ ախտանիշների դեպքում պետք է դիմել բժշկի։
Ճաքերը կարող են առաջանալ նաև բերանի անկյուններում. դրանք հարուցվում են ստաֆիլոկոկային կամ սնկային ինֆեկցիաներով, ատամնանստվածքի խախտումների և այլ պատճառներով։ Սա այլ հիվանդություն է և բուժման եղանակներն այլ են, քան խեյլիտի դեպքում։
Շրթունքների խնամքի համար նախատեսված միջոցների պատմական անցյալն ունի շատ հին արմատներ։ Ըստ հնէաբանների` գտնվել են 4500 տարվա վաղեմության փայտիկներ, որոնց օգնությամբ ներկել են շուրթերը։ Գրում են, որ Նեֆերտիտին շրթունքները մշակել է կակղամորթերի զրահի պերլամուտրով, իսկ Կլեոպատրան` կարմիր օքրայով։ Հնում նույն նպատակով օգտագործվել է գունավոր ճարպոտ կավը, բուսական նյութեր, և այլն։
Շրթներկն իր ժամանակակից բաղադրությանը մոտ տեսքով առաջին անգամ պատրաստվել է Ֆրանսիայում, այն պարունակում էր խնձոր (pom), ճարպ և մեղվամոմ (հնարավոր է` այլ բուսական կամ կենդանական մոմեր)։ Առաջին պարկուճի մեջ տեղավորված շրթներկն արտադրվել է 1915թ. ԱՄՆ-ում։
Ըստ վիճակագրական տվյալների` շրթներկ օգտագործող կանանց 88 տոկոսի համար կարևորագույն չափանիշը գույնն է, 65 տոկոսը նախընտրում է խոնավացնող հատկություն ունեցող շրթներկը, իսկ 5 տոկոսի համար կարևոր է դրա կայունությունը։
Խեյլիտից պաշտպանվելու համար լավագույն ընտրությունը հիգիենիկ շրթներկ-բալասանն է. այն կպաշտպանի և՛ ցրտից, և՛ քամուց, և՛ արևի ճառագայթներից։
Պարունակում է սնուցող, խոնավացնող և հակաբորբոքային բաղադրիչներ. Հիգիենիկ շրթներկը ոչ միշտ է պարունակում ներկանյութեր, սակայն համադրվում է ցանկացած այլ շրթներկի կամ փայլի հետ։ Հիգիենիկ շրթներկը խորհուրդ է տրվում քսել նաև քնելուց առաջ։ Ձմեռվա արևոտ օրերին օգտագործեք հատուկ հակաճառագայթային հիգիենիկ շրթներկ։
Հիգիենիկ շրթներկը, որպես օրենք, պարունակում է հետևյալ բաղադրիչները (ըստ կարևորության` սնուցող, փափկեցնող, խոնավացնող).
- մեղր` թարմացնում և պահպանում է շրթունքները չորությունից,
- մեղվամոմ` պահպանում է խոնավությունը, բարձրացնում է շրթունքների նուրբ մաշկի ճկունությունը և առաձգականությունը,
- ժոժոբի յուղ` հարուստ է պրոտեինով, ունի հակաբորբոքային հատկություն,
- երիցուկի և վաղենակի (կալենդուլա) մզվածքներ` սնուցում, խոնավացնում և պաշտպանում են մաշկն արտաքին ազդեցություններից,
- A և E վիտամիններ` փափկեցնում են մաշկը, իսկ E-ն նաև հարթեցնում և կանխարգելում է մաշկի ծերացումը։
- C և B12 վիտամիններ` ունեն հակաբորբոքային և մաշկը վերականգնող հատկություն,
- վազելին` ունի փափկեցնող և մաշկի խոնավությունը պահպանող ազդեցություն։
Ժողովրդական դեղատոմսեր
Ճաքեր. Խնձորի քերուկը խառնեք կարագի հետ, քսեք շրթունքներին կամ թրջոց դրեք։ Պահեք 10-15 րոպե։ Մոտավորապես նման բաղադրություն է ունեցել առաջին շրթներկը-pomada։
- Վաղենակի չոր ծաղիկը 12 ժամ թրմեք ձիթապտղի յուղի մեջ (1։1), կես ժամից թրմեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամից քամեք։ Քսեք ուտելուց հետո։
- 1 ճ/գ երիցուկի ծաղիկը (կամ դաղձի տերևը) 10 ժամ թրմեք 200 մլ եռջրում` ջերմապահի մեջ, քամեք օտագործելուց առաջ։ Դրեք թրջոցը (գոլ) և սեղմեք շրթունքները` 5-10 րոպե։
- 1 ճ/գ լավ փափկեցրած կաթնաշոռը խառնեք 1թ/գ գազարի հյութի հետ։
- Փոշիացրեք վարդի չորացրած ծաղկաթերթերը և խառնեք խոզի հալեցրած ճարպի հետ (1։2)։
- Խառնեք վաղենակի 10 տոկոսանոց ոգեթուրմ և վազելին, մշակեք շրթունքները։ Պահեք սառնարանում։
Խոր ճաքեր. Խառնեք մեղվամոմը և կանեփի ձեթ (1։1)։ Քսեք բարակ շերտով քնելուց առաջ։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Կանխարգելիչ. Քսեք մեղր կամ որևէ բանջարեղենի հյութ` քնելուց առաջ։
- Փոշիացրեք ծիրանի կամ դեղձի կորիզի միջուկը, խառնեք խոզի յուղի հետ (5։1)։ Քսեք քնելուց առաջ։
Չոր մաշկ. Խառնեք կաթնաշոռ և բուսայուղ (4։1)։ Պահեք 15 րոպե։
Գունատ մաշկ. Խառնեք գազարի ու բազուկի քերուկները և կարագ (1։1։2)։ Պահեք 15 րոպե։
Թեփոտվող մաշկ. Մշակեք շրթունքները վուշի սերմի խիտ եփուկով։
Սկրաբ. 1 թ/գ փոշիացրած հում բրինձը կամ վարսակը խառնեք 2 ճ/գ անյուղ կաթնաշոռի և կես թ/գ ձիթապտղի յուղի հետ։
Օգտագործման կարգը. Դրեք թունդ թեյով թրջոց, պահեք 10 րոպե, շատ բարակ շերտով քսեք սկրաբը մատների բարձիկներով` 1-2 րոպե զգուշորեն մերսեք շրթունքները։ Լվացեք և քսեք հիգիենիկ շրթներկ կամ ճարպոտ քսուք։ Կատարեք օրը մեջ` ընդամենը 4-5 անգամ։
Ճաքեր բերանի անկյուններում. Քսեք A վիտամինի դեղատնային, ճարպային լուծույթ։