Թուրքիան կրկին թակում է հարևանի դուռը
Շուտով Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մեհմեդ Դավութօղլուն կժամանի Հայաստան: Այցը նախատեսված է մեկ շաբաթ անց` դեկտեմբերի 12-ին: Շատերը ժամանակից առաջ են անցնում` փորձելով կռահել այցի հիմնական նպատակը: Այն փաստը, որ Դավութօղլուն, դեկտեմբերի 5-ին, Կիևում, ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո, երկար առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ, անուղղակի հավաստում է այն, որ Ադրբեջանը կրկին փորձել է հավաստիանալ նրանում, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող զարգանալ` ի վնաս Ադրբեջանի:
Այսինքն` հայ-թուրքական սահմանը կարող է բացվել միմիայն ՀՀ զինված ուժերի կողմից «բռնագրավված» համարվող տարածքների ետ հանձնման դեպքում: Դրան ի լրումն` Թուրքիան` սահմանը բացելու դիմաց, 1993թ.-ից ի վեր պահանջել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարումը, նաև` հարցը պատմաբանների հանձնաժողովներին հանձնելը: Ի հավելում դրա` Հայաստանը պետք է վերահաստատեր, որ ճանաչում է 1921թ. Մոսկվայի, ապա` Կարսի պայմանագրերը: Որը հաստատեց այն սահմանը, որը սահմանագծում է Թուրքիան և Հայաստանը:
Դավութօղլուի այցելության իրական նպատակների հարցում պաշտոնական Երևանը լռում է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին` հասարակությանը փոխանցեց, որ զուր է փորձում կանխապես իրազեկվել բանակցությունների նպատակների ու հնարավոր արդյունքների մասին:
Անշուշտ, դիվանագիտության պատմության մեջ չգրված, բայց իրավական նորմ դարձած սկզբունք է ցանկացած բանակցությունների արդյունքների մասին միայն հակիրճ ծանուցումը, այն էլ` համաձայնության կայացումից հետո:
Բայց քանի որ մենք ներկայացնում ենք հասարակության, ոչ թե պաշտոնական Երևանի շահերը, որոնք հաճախ գտնվում են տրամագծորեն ու իրարամերժ այլ հարթություններում, ապա` նախքան Դավութօղլուի Երևան ժամանելը և դրա շուրջ անորոշ հայտարարությունների հրապարակումը, մասնակի կանդրադառնանք դեռ տեղի չունեցած բանակցությունների իրական նպատակներին և ակնկալվող արդյունքներին:
Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի այցելությունը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազա և դրան հաջորդած հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը չի հեռանալու Կովկասի իր դիրքերից, հավաստում է այն իրողությունը, որ հայ-թուրքական բանակցությունները ելակետ պետք է ընդունեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերը: Այս իմաստով, տարածքային պահանջատիրության խնդիրը փակվեց:
Մնացին, ըստ էության, հայ-ադրբեջանական հակամարտությունը, մանր ու միջին տնտեսական և աշխարհաքաղաքական այն շահերը, որոնք հանգուցավորվում են օրեցօր նեոգաղութացման սարդոստայնում հայտնվող Հայաստանի Հանրապետության շուրջ: Անդրադառնանք միայն դրանցից մի քանիսին:
Ռուսաստանը տասնյակ միլիոնավոր դոլարներ մտադիր չի ներդնել մի երկաթգծի շահագործման մեջ, որը ապագայում չի հանգուցավորվելու թուրքականի հետ: Եվ նաև, Ռուսաստանի համար շատ ավելի էժան է լինելու միջին Ասիայի և Կասպից ծովի շրջանում առկա էներգակիրների արտահանումը Հայաստանի վրայով կազմակերպելը, քան` Սև ծովի ընդերքով գազամուղի կառուցումը, Նովոռոսիյսկ նավահանգստի սահմանափակ հնարավորության և այլ մանր ու սահմանափակ հնարավորությունների օգտագործումը: Ցանկալի է, անշուշտ, որ տնտեսական սեփական շահերից դրդված` Թուրքիան հրաժարվի Ղարաբաղի հարցում դերակատարություն ունենալու հավակնություններից և «կրտսեր եղբորը» հովանավորելու նկրտումներից:
Սակայն ակներև է, որ այս պահին Թուրքիան չի զիջելու Ղարաբաղի հարցում, անգամ, եթե Հայաստանը պաշտոնապես վերաճանաչի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Թուրքիայի հետ առկա Հայաստանի պետական սահմանը, հրաժարվի տարածքային որևէ նկրտում ունենալ հարևանների, այդ թվում` Թուրքիայի նկատմամբ:
Փաստորեն լեգալիզացված է Հայոց մեծ եղեռնի ճանաչման և դրանից բխող իրավական հետևանքների վերացումից հրաժարման փաստը: Իսկ եթե պաշտոնական Երևանը ցանկանում է միայն ճանաչումը և հրաժարվում է հետևանքների իրավական վերացման պահանջից, ապա` հարց է ծագում` «Ինչո՞ւ»:
Ժամանակակից ցեղասպանությունների պատմության մեջ նման մոտեցումը պարզապես աննախադեպ է: Իսկ եթե ախորժակը սահմանափակվում է հնարավորությունների սահմանափակությամբ, ապա` «ռեալպոլիտիկի» կացությամբ թելադրված մեր այս վիճակից գոնե ՀՀ պաշտոնատար անձինք առնվազն պետք է սթափվեն: Ուստի, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման խնդիրը, ըստ էության, պաշտոնական Երևանը վեր է ածել շրջիկ ցուցահանդեսների և փոքր գիտաժողովների առարկայի: Ցեղասպանության հարցում Երևանի պաշտոնական քաղաքականության բացակայումն արդեն փաստում է այն ճշմարտությունը, որ այս հարցում Թուրքիային ոչինչ չի սպառնում:
Արդեն կայացած փաստ է, որ Հայոց Մեծ եղեռնը հանձնվել է տարբեր հանձնաժողովների, գիտական նոսրացող խմբերի քննարկմանը միայն: Այս հարցում մեղավոր է միայն պաշտոնական Երևանը և նրա կամակատար հանձնակատարները: Մնում է միայն Ղարաբաղը: Ահա թե ինչո՞ւ է Մեհմեդ Դավութօղլուն կրկին որոշել թակել հարևանի անկայուն դուռը:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Պ. գ. թ.