Դավիթ Բաբայան. «Ռուսաստանը, այո՛, պիտի ամրապնդվի այստեղ, ուրիշ ձև չկա…»
«Եթե Ռուսաստանը չի ամրանում այստեղ, ուրեմն ամրապնդվելու է Թուրքիան: Ի՞նչ է, դուք ուզում եք՝ Թուրքիա՞ն ամրապնդվի, թե՞ մոռացել եք 1915 թ-ը … Ռուսաստանը, այո՛, պիտի ամրապնդվի, եւ ուրիշ ձեւ չկա…»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա նաեւ քննադատեց Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու դեմ դժգոհողներին՝ բացատրելով, թե Ռուսաստանի հետ ջերմ հարաբերությունը նախ եւ առաջ տարածաշրջանի անվտանգություն է ապահովում: Նշենք, որ օրեր առաջ Վ. Պուտինի` Հայաստան այցելության օրը ԼՂՀ քաղաքական գործիչներն ու մտավորականները հայտարարություն էին տարածել, որում իրենց մտահոգություններն էին արտահայտում եւ ընդգծում, թե «Հայաստանը Ռուսաստանի համար ոչ թե ռազմավարական գործընկեր է, այլ ռազմավարական շահերի օբյեկտ ու նպատակներին հասնելու գործիք»:
-Պարո՛ն Բաբայան, դեկտեմբերի 2-ին Արցախից տարածվեց հայտարարություն Պուտինի՝ Հայաստան այցի կապակցությամբ: Հայտարարությունում անհանգստություն ու դժգոհություն կար, որտեղ նաեւ ազատ Արցախը չէր ողջունում այս կարգի հարաբերությունները: «Դեմ չենք Ռուսաստանի հետ իրավահավասար դաշնակցային հարաբերություններին, որը հնարավոր է վերջինիս մոտ կայսերական ամբիցիաների բացակայության դեպքում: Այսուհետ Արցախը ազատ է ռուսական տերերի առաջ հաճոյացող զորիբալայանների քաղաքական ամբիցիաներից»,-նշվում էր հայտարարությունում։ ԼՂՀ իշխանությունները ինչպե՞ս են գնահատում այս կարգի հարաբերությունների ընթացքը:
– Այդ հայտարարությունը որեւէ կապ չունի ժողովրդի տրամադրության հետ, մեր մոտ չկա ընդգծված վերաբերմունք, եւ ես նույնիսկ չեմ էլ զգում ժողովրդի վերաբերմունքը Ռուսաստանի կամ այլ պետության հանդեպ: Միակ պետությունները, որոնց հանդեպ մենք ունենք հատուկ ընդգծված վերաբերմունք, դա Ադրբեջանն ու Թուրքիան են: Բայց մարդիկ հայտարարություններով են հանդես գալիս Արցախի ժողովրդի անունից, դա այդպես չէ, դա իրենց անձնական կարծիքն է, իրենք են այդպես մտածում եւ այդքան բան:
– Այսինքն` Արցախի իշխանությունների համար դրակա՞ն է այս ընթացքով Հայաստանի զարգացումը: Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի քաղաքական ապագան ՄՄ-ի կազմում: Դա ի՞նչ կտա Արցախին: ՀՀ իշխանությունները ավելի շատ շեշտում են քաղաքական բաղադրիչը, ասում, որ այս հարաբերությունները նախ Արցախի շահերից են բխում:
– Եթե դա բխում է հայ ժողովրդի շահերից, չի կարող չբխել նաեւ Արցախի շահերից եւ հակառակը: Այստեղ ես որեւէ վտանգ չեմ տեսնում, հատկապես որ Հայաստանը կոմպլեմենտարությամբ շարունակում է քաղաքականությունը բավականին արդյունավետ կերպով: Տեսեք նույն Որոտանի հիդրոէլեկտրակայանի հանձնումը ամերիկյան կառավարմանը: Այս ամենի մասին չգիտես ինչու չեն խոսում, բայց դա էլ է նշանակում հավասարակշիռ քաղաքականություն, եւ որ հարաբերությունների զարգացումը Արեւմուտքի եւ Արեւելքի հետ ընթանում է համաչափ եւ բուռն կերպով:
Մենք այլ ճանապարհ չունենք էլ, քանի որ լինելով Սփյուռքի ժողովուրդ` մենք պարտավոր ենք ունենալ լավ հարաբերություններ թե Ռուսաստանի, եւ թե Արեւմուտքի հետ:
– Պարոն Բաբայան, ի՞նչ եք կարծում ՀՀ-ի` ՄՄ-ին անդամակցելուց հետո Ռուսաստանը կճանաչի՞ արդյոք Լեռնային Ղարաբաղի անկախությունը…
– Արցախի ճանաչումը կապ չունի ՀՀ –ի ՄՄ անդամագրվելու գործընթացի հետ: Այսինքն` այդ գործընթացները զուգահեռ են, կարեւորը որ պահպանվի խաղաղությունը եւ կայունությունը, մնացած բոլորը տեղի կունենա: Բոլոր ստորագրված փաստաթղթերը եւ նաեւ այն զենքերը, որ պետք է ռուսաստանյան գներով Հայաստանին տրամադրեն, այդ ամենը շատ կարևոր է: Եվ չնկատել ուղղակի հնարավոր չէ: Կամ այդ մարդիկ լավ չեն պատկերացնում իրավիճակը, կամ էլ ուրիշ շահեր են հետապնդում՝ այդ թվում իրենց անձնական:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: