
Ահմեթ Դավութօղլուն Կիևում հանդիպումներ է ունեցել Սերգեյ Լավրովի ու Էլմար Մամեդյարովի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ Կիևում մասնակցել է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նիստին:
Դրա շրջանակներում Դավութօղլուն հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Էլմար Մամեդյարովի հետ: Մամեդյարովի հետ Դավութօղլուն քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը և հետագա քայլերը, որոնք կոչված են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելուն:
Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ երկու արտգործնախարարները հանդիպել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի հանդիպման շրջանակներում, և չնայած դրան՝ հանդիպեցին նաև Կիևում, ինչը տեղի ունեցավ այն բանից հետո, ինչ Մամեդյարովը Կիևում չորեքշաբթի հանդիպեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, ապա Դավութօղլուն անդրադարձել է Կովկասում տարածաշրջանային խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին: