
ԱՄՆ-ը կարող է ժամանակավոր զինադադար կնքել Բաշար Ասադի հետ. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ողջ Մերձավոր Արևելքի ծայրահեղականները Սիրիայում կարող են ստեղծել բազա, եթե երկրում շարունակվեն կրոնական հակամարտությունները: Միջկրոնական ու միջկլանային բախումների էսկալացիան ծայրահեղականների խմբերի համար նոր հնարավորություններ է բացում ողջ Մերձավոր Արևելքում:
Դա հարուցում է ամերիկյան հետախուզության ներկայացուցիչների մտահոգությունը: Թերթն ընդգծում է, որ եթե ահաբեկիչներն օգտվեն այդ հնարավորություններից, ապա «Ալ-Քաիդայի» հետ կապված զինյալները կարող են բազա ստեղծել Սիրիայում, որը սպառնալիք կներկայացնի Իսրայելի ու Եվրոպայի համար:
Ավելի վաղ «Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահիրին հայտարարել է, որ իր կարծիքով՝ Սիրիան հարմարավետ վայր է՝ ահաբեկչական բազայի ստեղծման համար: Օբամայի վարչակազմի ներկայացուցիչներն ու վերլուծաբանները վստահ են, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը կարող է ԱՄՆ նախագահին մղել առավել նշանակալից դեր խաղալ նախագահ Բաշար Ասադի դեմ մարտնչող զինյալների կողմից սպառնալիքների հակազդեցությունում:
Սիրիայում գործող արմատական իսլամական խմբերի սպառնալիքներից պաշտպանվելու համար ԱՄՆ-ը կարող է ժամանակավոր զինադադար կնքել նախագահ Ասադի հետ: Ամերիկացի նախկին դիվանագետ Ռայան Կրոկերի կարծիքով, ով ունի Սիրիայում, Իրաքում ու Աֆղանստանում աշխատելու փորձ, ԱՄՆ-ը պետք է ահաբեկչության դեմ պայքարի հարցերի շուրջ բանակցի Դամասկոսի հետ:
Թերթի տվյալներով՝ «Ալ-Քաիդայի» առաջնորդը նախօրեին Սիրիա է ուղարկել իր հատուկ ներկայացուցիչ Աբու Հալեդ աս-Սուրիին: Վերջինս պետք է հարթի Սիրիայում գործող երկու գլխավոր խմբավորումների՝ «Ջաբհաթ ալ-Նուսրայի» ու «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» միջև առկա տարաձայնությունները: