
Թհորբյորն Յագլանդը մեկնում է Ուկրաինա

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թհորբյորն Յագլանդը մեկնում է Ուկրաինա՝ օգնելու համար երկխոսության կայացմանը, ինչը միտված է երկրում առկա լարվածության նվազեցմանը:
Նշվում է, որ շահագրգիռ բոլոր կողմերը դրականորեն են ընդունել Յագլանդի օգնության առաջարկը: Եվրոպայի Խորհուրդն ընդգծել է, որ Յագլանդի ուկրաինական այցի նպատակը լարվածության վերացումն է ու երկխոսության համար հնարավորությունների դիտարկումն է:
Ակնկալվում է, որ այդ այցը տեղի կունենա այսօր, դրա շրջանակներում Յագլանդը հանդիպելու է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի, արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի, քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ:
Դեկտեմբերի 5-6-ին Կիևում տեղի է ունենալու ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների նիստը: ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահությունն ավարտվելու է հունվարի 1-ին: