Չնայած բողոքի ակցիաներին՝ Յանուկովիչը մեկնել է Չինաստան. Reuters
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր պլանավորված այցով մեկնել է Չինաստան: Այս մասին գործակալությանը հայտնել են նախագահի աշխատակազմում եղած աղբյուրները:
Այցն այնուամենայնիվ կազմակերպվել է՝ չնայած նրան, որ Ուկրաինայում շարունակվում են հակակառավարական բողոքի զանգվածային ակցիաները: Նախօրեին Յանուկովիչը հայտարարել էր, որ չի պատրաստվում չեղյալ հայտարարել իր չինական այցը.
«Թեև մեզ մոտ ներքին իրավիճակն ինչպես ասում են, այնքան էլ լավ չէ այցերի համար, սակայն ես եթե հրաժարվեմ այդ այցից, ապա դրանից կորուստներ կկրի երկրի տնտեսությունը: Այցի ընթացքում պլանավորված է մի շարք համաձայնագրերի ստորագրում՝ կապված Ուկրաինայում ներդրումներ անելու հետ»:
Յանուկովիչի չինական այցը տևելու է մինչև դեկտեմբերի 6-ը: Պլանավորված է, որ իր չինական այցի շրջանակներում Յանուկովիչը հանդիպումներ է ունենալու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ: