
Գալուստ Սահակյանը՝ Արամ Մանուկյանին. Իրենց հարսնության ժամանակ էնպիսի բաներ են տեղի ունեցել, որ հարսի մաշկն էլ չի մնացել

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հավաստիացնում է՝ Հայաստանում գազի գինը շուտով կնվազի: Նա պնդում է, որ գազի սակագինը կնվազի նաև հասարակ քաղաքացիների համար: «Չի կարելի ասել, որ Հայաստանը ինչ ունի-չունի վաճառում է Ռուսաստանին: Հայաստանը գազ չունի, որ ինչ ունի-չունի՝ վաճառի: Կարծում եմ, որ գազի սակագների մեղմացման խնդիրը կլուծվի»,- նշեց նա:
Թե ի՞նչ է լինելու Ռուսաստանին Հայաստանի կողմից վաճառած «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնետոմսերից գոյացած գումարի ճակատագիրը, Գալուստ Սահակյանն այսպես բացատրեց.. «Մենք այդտեղից երբևիցե գումար չենք վերցրել: Ծախսերն անընդհատ շրջանառության մեջ են եղել, այդ 20 տոկոսը որևէ բան էլ չի նշանակել: Դա հնարավորություն է տալիս, որ մեր քաղաքացիները նույն գազի սակագնով օգտնվեն, ինչ Ռուսաստանում»:
Լրագրողներից մեկի հարցին, թե գազի սակագնի նվազեցման ֆոնին հնարավո՞ր է այլ ապրանքանիշների կամ ծառայությունների գնի նվազեցում, ինչպիսին, օրինակ, տրանսպորտն է, Գ. Սահակյանն արձագանքեց. «Տրանսպորտի թանկացումը միայն գազի հետ չէ կապված: Ես այս պահին չեմ կարող խոսել, թե ինչ կլինի, քանի որ փաստաթուղթը նոր է ստորագրվել»:
Գալուստ Սահակյանը չկարողացավ կոնկրետ նշել, թե որքանով կիջնի գազի սակագինը: Դիտարկմանը, թե ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը Ռուսաստանին «ՀայՌուսգազարդ»-ի բաժնեմասերի վաճառքի կապակցությամբ իշխանությանը «գեշ հարս» է որակել, Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Ես կարծում եմ, որ իրենց հարսնության ժամանակ էնպիսի բաներ են տեղի ունեցել, որ հարսի մաշկն էլ չի մնացել: Թող հանգիստ մնան»: