Տարոն Մարգարյանը հանդիպել է Սերգեյ Չերյոմինի հետ

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինի հետ:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ նկատել է, որ Մոսկվայում Երևանի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստել է երկու մայրաքաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակն ու նաև ընդգծել, որ Երևանի և Մոսկվայի փոխգործակցության նոր համաձայնագրով նոր թափ կհաղորդվի երկուստեք համագործակցությանը:

«Մոսկվայի քաղաքապետի հետ մենք ստորագրեցինք Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է շարունակել և առավել ընդլայնել առկա համագործակցությունը: Վստահ եմ, որ արդեն առաջիկայում նախանշված բոլոր ուղղություններով մենք կունենանք շոշափելի արդյունքներ: Մոսկվան Երևանի համար իսկապես վստահելի գործընկեր է, և մենք բարձր ենք գնահատում երկու մայրաքաղաքների միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնմանն ուղղված Մոսկվայի կառավարության ջանքերը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով Մոսկվայում Երևանի օրերի պատշաճ կազմակերպման և անցկացման համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինն իր հերթին վստահեցրել է, որ Երևանի հետ հարաբերությունները Մոսկվայի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում են, և ընդգծելով երկարամյա արդյունավետ համագործակցության փաստը՝ համոզմունք է հայտնել, որ այն էլ ավելի ընդլայնվելու և զարգանալու ներուժ ունի. <<Հայ-ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի: Դա նպաստել է, որ մենք այսօր ունենանք ոչ միայն գործընկերային, այլ նաև ջերմ բարեկամական հարաբերություններ: Եվ ես նույնպես վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ 2014-2016 թվականների համագործակցության ծրագրով նոր լիցք կհաղորդվի երկու մայրաքաղաքների գործընկերային հարաբերություններին»,- նշել է Սերգեյ Չերյոմինը:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի և Մոսկվայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ավանդի համար Սերգեյ Չերյոմինին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս