
«Խելացի բյուստգալտերը» կանանց կօգնի խուսափել չափից շատ ուտելուց

Գիտնականները նոր միջոց են հայտնաբերել, որը ժամանակին կարող է զգուշացնել շատակերության վտանգի մասին, հայտնում է The Daily Mail-ը: Microsoft Research-ի ինժեներները բյուստգալտեր են պատրաստել, որը հետեւում է տիրուհու տրամադրությանը եւ նրան նախազգուշացնում, թե երբ չի կարելի ճաշկերույթ սկսել:
Վերջին հետազոտությունները պարզել են, որ ԱՄՆ-ում քրոնիկ շատակերությունից տառապում է բնակչության կեսից ավելին: Գիտնականների կարծիքով` շատակերության պատճառներից են սթրեսն ու նյարդային լարվածությունը: Ընդ որում` նյարդային հողի վրա շատակերությունը բնորոշ է հատկապես կանանց:
Ինժեներների պատրաստած` սենսորային հաղորդիչներով բյուստգալտերները ի վիճակի են միաժամանակ մշակել մինչեւ ութ կենսաազդակ: Սարքը հետեւում է շնչառության հաճախությանը, սրտի աշխատանքին եւ որոշում է սթրեսի մակարդակը: Տեղեկատվությունը փոխանցվում է սմարթֆոնների համար նախատեսված հավելվածի միջոցով:
Այսպիսով, հնարավոր է հստակ որոշել օրգանիզում փոփոխությունները, որոնք նախադրյալներ են ստեղծում շատակերության համար: Սակայն տեխնոլոգիական այս նորույթը մեկ թերություն ունի. առանց լիցքավորման այն կարող է գործել մոտ չորս ժամ միայն: