
Բուլղարիան որոշել է Թուրքիայի հետ սահմանին տեղակայել երեք մետր բարձրությամբ արգելապատնեշ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Բուլղարիայի կառավարությունը որոշել է Թուրքիայի սահմանին տեղակայել փշալարերով երեք մետր բարձրությամբ արգելապատնեշ: Դա միտված է ապօրինի ներգաղթյալների ներհոսքը կանխելուն: Արգելապատնեշի կառուցումը պետք է ավարտվի 2014 թվականի փետրվարին:
Այն տեղակայվելու է ոչ թե ողջ 274 կիլոմետրանոց սահմանի երկայնքով, այլ միայն դրա 30 կիլոմետրանոց հատվածում, որն անցնում է անտառային ու բլրային տեղանքով, որի ռելիեֆը բարդացնում է սահմանապահների աշխատանքը:
Կառավարությունը հերքել է իրավապաշտպան կազմակերպությունների մեղադրանքները՝ ընդգծելով, որ արգելապատնեշի կառուցման միակ նպատակն ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարելն է:
Նշվում է, որ վերջին շրջանում Բուլղարիայում նկատվում է սիրիացի փախստականների մեծ ներհոսք, որոնք երկիր են մուտք գործում հարևան Թուրքիայից: Սովորաբար փախստականները Բուլղարիան դիտարկում են որպես տարանցիկ երկիր, քանի որ ձգտում են հայտնվել Արևմտյան Եվրոպայում: