Արա Ասոյան. Եթե երեխայի մահվան պատճառը լիներ պատվաստումը, ուրեմն՝ 30-35.000 նորածինները պետք է մահանայի՞ն
1 տարեկան Մերի Սարգսյանի մահվան պատճառը թոքաբորբն է եղել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել էր մեկ տարեկան Մերի Սարգսյանը: «ԳԱԼԱ»-ի փոխանցմամբ՝ երեխայի հարազատները նրա մահվան պատճառ են համարում պատվաստումը: Մահացած երեխայի ծնողների բարեկամներից մեկը՝ Անի Գրիգորյանը, կայքին տեղեկացրել է, որ բժիշկը՝ Սոնյա Սուրենովնան, առանց երեխային նորմալ զննելու` պատվաստել է նրան, ինչն էլ հանգեցրել է երեխայի մահվանը: Նրա խոսքով՝ մայրը բժշկին ասել է, որ երեխան հիվանդ է, հետո կտանի պատվաստման, սակայն բժիշկը չի համաձայնել և պատվաստում է արել:
Արա Ասոյանի խոսքով՝ Հայաստանում ամեն տարի մոտ 30.000 երեխա է ծնվում, որոնք պատվաստվում են հատուկ վտանգավոր վարակների դեմ:
«Հիմա եկեք տրամաբանենք: Եթե պատճառը լիներ պատվաստումը, ուրեմն՝ այն բոլոր 30-35 հազար նորածինները պետք է մահանայի՞ն: Պարզ տրամաբանություն է այստեղ: Պետք է պատճառը փնտրել նաև երեխայի օրգանիզմում, երեխայի օրգանիզմի առանձնահատկություններում»,- ասաց Արա Ասոյանը:
Նա նշեց, որ երեխան ցնուցումներ է ունեցել, ինչը կապված է եղել բարձր ջերմության հետ: «Մեզ մոտ ընդունվելու պահից երեխայի մոտ ախտորոշվել է երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, այսինքն՝ թոքային ամբողջ հյուսվածքը բորբոքված է եղել: Ցավով ասում եմ, որ պաթանատոմիական եզրակացությամբ նույնն է տրվել»,- ասաց Արա Ասոյանը:
Նշենք, որ 168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը բացառել էր, որ երեխայի մահվան պատճառը կարող է պատվաստումը լիներ: