Բաժիններ՝

Գաղտնալսումից խուսափելու ամենաանվտանգ տարբերակը հեռախոսի մարտկոցը հանելն է. փորձագետ

Ինտերնետում գաղտնաբառի փոխելը ձեր պաշտպանվածությունը չի լավացնում, որովհետև, եթե դուք ունեք քիչ թե շատ ուժեղ գաղտնաբառ, որը պարունակում է տարբեր սիմվոլներ`մեծատառ, փոքրատառ, թվանշան և այլն, ապա այն կոտրելը բավականին բարդ է լինում:  Մինչդեռ, ինտերնետից օգտվողներից շատերը հաճախ նույն գաղտնաբառն են օգտագործում, ինչը  սխալ երևույթ է: Այս մասին այսօր` նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` նշելով, որ դրա արդյունքում շատերը դառնում են խոցելի: Էլեկտրոնային փոստի  կամ սոցցանցի գաղտնաբառն իմանալու դեպքում նրանց բոլոր տվյալների շտեմարանները հասանելի են դառնում կողմնակի անձանց համար:

Գաղտնալսումներին անդրադառնալով՝ փորձագետն ասաց.  «Պարզ է, որ Facebook-ի էջերը Ոստիկանությունը կարդում է, ինչը նորմալ է: Իմ ընկերների մեջ էլ կան մի քանի անթաքույց ոստիկաններ, ձեզ մոտ էլ կլինեն, և դա նորմալ է, ոչ մի խնդիր չեմ տեսնում այդտեղ»,- ասաց Ս. Մարտիրոսյանը` նշելով, որ բոլորովին այլ հարց է, եթե սոցցանցի Ձեր նամակները կարդային, և ինչ-որ մի օր «ջրի երես» դուրս գային:

«Այն, որ գաղտալսումներ կատարվում են, բոլորս գիտենք, որովհետև ժամանակ առ ժամանակ այդ գաղտնալսումները մեկ էլ հայտնվում են YouTube-ում կամ ինչ-որ մի թերթի խմբագրությունում, սակայն Facebook-յան նամակագրության նման դեպք դեռ հայտնի չի եղել հանրությանը»,- ասաց Ս. Մարտիրոսյանը` նշելով, սակայն, որ միշտ պետք է հաշվի առնել, որ նման բան կարող է և լինել:

Ըստ բանախոսի` անգամ անջատված համակարգիչը կարող է վարակվել և օգտագործվել Ձեր դեմ, իսկ բջջային հեռախոսի պարագայում, եթե անգամ այն անջատել եք, սակայն մարտկոցը չեք հանել, միևնույն է, այն կարող է՝ որպես գաղտնալսման գործիք աշխատել:

«Հեռախոսի պարագայում ամենաանվտանգ տարբերակը, հեռախոսն անջատելուց բացի, հեռախոսի մարտկոցը հանելն է` գաղտնալսումից խուսափելու համար»,- ասաց Ս. Մարտիրոսյանը: Նա նշեց նաև, որ տարբեր խոսակցություններն ու շշուկները հեռախոսը գաղտնալսելու նշանների մասին (օրինակ՝ հեռախոսը տաքանում է, լույս է վառվում, կամ ազդանշան են լսում, և այլն.- Լ.Մ.), իրականությանը չեն համապատասխանում:

«Մի պահ մամուլում ինչ-որ լուրեր պտտվեցին, որ, եթե ձեր հեռախոսը սկսում է   տաքանալ, ուրեմն Ձեզ գաղտնալսում են, ես Ձեզ հակառակն ասեմ, նմանատիպ շատ խորհուրդներ հակառակ ազդեցությունն են ունենում, որովհետև, եթե իրենց հեռախոսը չի տաքանում, մարդիկ հանգիստ են լինում` կարծելով, որ իրենց չեն գաղտնալսում, սակայն հեռախոսը կարող է տաքանալ անգամ ինչ-որ մի անկապ ծրագրի պատճառով, որը դուք տեղադրել եք,  և չտաքանալ, սակայն` Ձեզ լսեն»,- ասաց Ս.Մարտիրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս